Jump to content

Կուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուշի սերմերը

Կուշ, լյուֆա, վիետնամական դդում կամ չինական բամիա (Lagenaria siceraria), դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Luffa ցեղին պատկանող միամյա մշակաբույս։ Առավել լայնորեն մշակվում է Չինաստանում և Վիետնամում[1]։

Ունի երկար վեգետացիոն շրջան։ Ցողունները բավականին երկար են և մագլցող, ինչի պատճառով մշակությունը կատարվում է հենակային համակարգի օգնությամբ։ Կուշի ցողունը կտրելու դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ հյութ՝ կուշի ջուր, որը Չինաստանում օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։

Տերևները կլոր-սրտաձև են, մուգ կանաչ գույնի, ծաղիկները դեղին են։ Բույսը միատուն է, բաժանասեռ ծաղիկներով, փոշոտվում է խաչաձև։ Պտուղները աչքի են ընկնում փխրունությամբ և բուրումնավետությամբ, պարունակում են վիտամիններ, կալիումական և ֆոսֆորական աղեր։ Թարմ պտուղներն օգտագործում են տարբեր կերակրատեսակների պատրաստման մեջ։ Հասուն պտուղների պտղամիսը թելոտ է, ամուր. այդ տեսակի պտուղները սննդի օգտագործման մեջ պիտանի չեն։ Պտղի ներսը ցանցանման է, պտղացանցն օգտագործվում է բժշկության մեջ։ Հասուն պտուղը վերամշակելուց հետո օգտագործում են որպես սպունգ՝ լողանալու համար, կոշիկների և գլխարկների մեջ։ Որպես բանջարեղեն ընտրվում են գլանաձև սորտերը, որոնց նոր ձևավորված պտուղները երկար են ու բարակ, 10-30 սմ, փխրուն և նուրբ բուրմունքով։ Տեխնիկական նպատակների համար ընտրում են դարձյալ գլանանման պտղով սորտերը, որոնց պտուղներն ունեն 30-65 սմ երկարություն։

Կուշը ջերմասեր ու խոնավասեր բուսատեսակ է։ Բազմանում է սերմերով։ Լավ բերք ստացվում է այն հողերում, որտեղ ստորգետնյա ջրերը բարձր են։ Մշակվում է որպես շարահերկ բույս։ Բերքահավաքի ժամանակ հետևում են, որպեսզի պտուղները չկոպտանան։

Կուշի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղից երկու հազար տարի առաջ տեղափոխվել է Չինաստան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մելիքյան, Անդրեաս. «Բանջարաբուծություն», Երևան, «Դար», 2005
  • Խաչատրյան Ս. Ս. «Բանջարաբուծություն», Երևան, 1977

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Luffa aegyptiaca». «Floridata.com». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուշ» հոդվածին։