Հասարակական անվտանգության կոմիտե (ֆր.՝ Le Comité de sûreté générale), Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում Կոնվենտի կողմից 1792 թվականի հոկտեմբերի 2-ին հիմնադրված կոմիտեներից մեկը, որին ընձեռված էին ոստիականական մարմնի լիազորություններ։ Ժիրոնդիստների և յակոբինյանների միջև քաղաքական, ինչպես նաև ներյակոբինյան պայքարի հետևանքով հասարակական անվտանգության կոմիտեի կազմը բազմիցս փոփոխվել է։ Ազդեցիկ է դարձել Յակոբինյան վարչակարգի ժամանակ։ 1793 թվականի սեպտեմբերից գտնվում էր Հասարակական փրկության կոմիտեի ղեկավարության տակ։ 1794 թվականի գարնանը և ամռանը սրվեց վեճը հասարակական անվտանգության կոմիտեի (որտեղ գերակշռում էին հեղափոխության հակառակորդների նկատմամբ ծայրահեղ, ահաբեկչական միջոցներ կիրառելու կողմնակիցները) և ավելի չափավոր քաղաքականության ձգտող Հասարակական փրկության կոմիտեի միջև։
Տերմիդորյան հեղաշրջման (1794) նախօրյակին հասարակական անվտանգության կոմիտեի անդամների մեծամասնությունը մասնակցեց Տերմիդորի 9-ի հեղաշրջմանը։ 1795 թվականի հոկտեմբերի 26-ին Կոնվենտի ցրման հետ հասարակական անվտանգության կոմիտեն դադարեց գոյություն ունենալուց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 247)։