Հիդրոմեկուսիչ նյութեր
Հիդրոմեկուսիչ նյութեր, շինարարական կոնստրուկցիաները, շենքերն ու կառույցները ջրի և քիմիապես ագրեսիվ հեղուկների (թթուներ, հիմքեր և այլն) ազդեցությունից պաշտպանելու համար օգտագործվող նյութեր։ Ըստ նշանակման տարբերում են հակազտիչ, հակակոռոզիոն և հերմետացնող հիդրոմեկուսիչ նյութեր, ըստ հիմնական նյութի տեսակի՝ ասֆալտային, միներալային, պլաստմասսային և մետաղական։ Ասֆալտային հիդրոմեկուսիչ նյութեր կիրառում են փոշու, ավազի և խճի խառնուրդից պատրաստված նավթային բիտումների տեսքով։ Բիտումները և ասֆալտներն օգտագործում են կառույցների մակերևույթների ներկման, սվաղման, դեֆորմացիոն կարերի խտացման համար, ինչպես նաև հատային հիդրոմեկուսիչ նյութերի պատրաստման ժամանակ։ Միներալային հիդրոմեկուսիչ նյութերի համար հիմք են ծառայում ցեմենտները, կավը և այլ հանքային կապակցանյութեր։ Կիրառում են ներկա և սվաղապատվածքների համար, հակազտիչ պաշտպանության դեպքում՝ զանգվածային հիդրոմեկուսիչ կոնստրուկցիաների համար։ Պլաստմասսային հիդրոմեկուսիչ նյութեր օգտագործում են ներկման, սվաղման և պաստառապատման միջոցով մակերևույթների հիդրոմեկուսացման, ինչպես նաև կառույցների դեֆորմացիոն կարերի խտացման համար։ Մետաղական հիդրոմեկուսիչ նյութեր արույրից, պղնձից, կապարից, սովորական կամ չժանգոտվող պողպատից պատրաստված թերթեր են, որոնք օգտագործվում են առավել պատասխանատու դեպքերում (ռեզերվուարներ, ամբարտակներ, դիաֆրագմաներ)՝ մակերևութային հիդրոմեկուսացման և դեֆորմացիոն կարերի խտացման համար։ Մետաղական հիդրոմեկուսիչ նյութեր աստիճանաբար փոխարինվում են պլաստմասսային հիդրոմեկուսիչ նյութերով և ապակե պլաստիկներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 398)։ |