Jump to content

Մաքս Ռայնհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Ռայնհարդ
Բնօրինակ անունգերմ.՝ Max Reinhardt
Ծնվել էսեպտեմբերի 9, 1873(1873-09-09)[1][2][3]
Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Ավստրիա և  ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 30, 1943(1943-10-30)[4][2] (70 տարեկան) կամ հոկտեմբերի 31, 1943(1943-10-31)[5] (70 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][6]
ԳերեզմանWestchester Hills Cemetery
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, համալսարանի դասախոս, թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրDeutsches Theater? և Ernst Busch Academy of Dramatic Arts?
ԱմուսինՀելեն Թիմիգ
 Max Reinhardt Վիքիպահեստում

Մաքս Ռայնհարդ (իսկական անուն և ազգանունը՝ Մաքսիմիլիան Դոլդման, սեպտեմբերի 9, 1873(1873-09-09)[1][2][3], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 30, 1943(1943-10-30)[4][2] կամ հոկտեմբերի 31, 1943(1943-10-31)[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][6]), ավստրո-գերմանացի ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ։ 1894 թվականին ավարտել է Վիեննայի կոնսերվատորիային կից թատերական դպրոցը, խաղացել Բրատիսլավայի, Զալցբուրգի թատրոններում։ 1894-1904 թվականներին եղել է Բեռլինի Գերմանական թատրոնի դերասան, խաղացել գլխավորապես ծերունիների դերեր՝ Էնգստրանդ (Իբսենի «Ուրվականներ»), Ակիմ (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը») և այլն։ Ըմբռնելով նատուրալիզմի գաղափարական ու գեղարվեստական սահմանափակությունը՝ 1898 թվականից նոր ուղիներ է որոնել բեմարվեստում։ Ռեժիսուրայի անդրանիկ փորձերն արել է 1890-ական թվականների վերջերին, Բեռլինում՝ «Ակնոցներ», «Սեցեսսիոնս բյունե» թատերախմբերում։ 1901 թվականին Բեռլինում բացել է «Աղմուկ և ծուխ» կաբարե-թատրոնը՝ երգիծական մանրապատումներից կազմված խաղացանկով, որ 1902 թվականին վերակառուցվել և անվանվել է «Փոքր թատրոն»։ Այս թատրոնում, Գերմանիայում առաջին անգամ (Ռ․ Վալենաինի հետ), բեմադրել է «Գիշերօթևան» (Մ․ Գորկու «Հատակում») պիեսը, որն ունեցել է մեծ հաջողություն (Ռայնհարդը խաղացել է Լուկայի դերը)։ Այս ներկայացման մեջ Հ․ Լաուբեի և Օ․ Բրամի ռեժիսուրայից ժառանգած ռեալիստական ավանդույթները Մաքս Ռայնհարդ զուգակցել է նատուրալիստական մանրամասերին, ֆանտաստիկային և միստիկային։ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1905 թ.) պիեսի բեմադրությամբ նա հասել է համաշխարհային ճանաչման։ Հետագայում հիմնադրել ու ղեկավարել է՝ «Նոր թատրոն» (1903-1906 թթ.), «Կամերային թատրոն» (1906 թ.), «Ժողովրդական բեմ» (1915-1916 թթ.), «Խոշոր թատերասրահ» (1919-1920 թթ.), «Կոմեդիա» (1924 թ.), «Յոզեֆշտադթեատր» (Վիեննա, ընդմիջումներով՝ 1923-1937 թթ.) թատերախմբերը։ Միաժամանակ, Օ․ Բրամից հետո, գլխավորել է Բեռլինի Գերմանական թատրոնը (ընդմիջումով՝ 1905-1933 թթ.)։ Մաքս Ռայնհարդ հեղինակ է մոտ 500 բեմադրությունների (անտիկ դրամատուրգներից մինչև ժամանակակիցները, այդ թվում՝ մոռացված հեղինակների՝ Յա․ Լենցի «Զինվորները», Գ․ Բյուխների «Դանթոնի մահը» և այլն, ինչպես և ոչ բեմական համարվող՝ Գյոթեի «Ֆաուստ» և այլն ու անտիկ դրամատուրգների՝ Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոֆանի երկերը), առանց խտրություն դնելու ուղղությունների, ոճերի, ժանրերի, երկրների, դարաշրջանների միջև։ Բեմադրել է Շեքսպիրի գրեթե բոլոր պիեսները, նորովի՝ «Համլետը» (1904 թ., 1910 թ.), «Ամառային գիշերվա երազը» (1915 թ.), «Վենետիկի վաճառականը» (1915 թ.)։ Անդրադարձել է նաև օպերետին և մնջախաղին։ Մաքս Ռայնհարդի ռեժիսորական արվեստին բնորոշ է իրականության կոնկրետ պատմական, մանրակրկիտ վերարտադրությունից անցումը տոնահանդես-թատրոնին։ Դրական ատաղձի թատերական համարժեք, հարուստ և տպավորիչ հանդիսանք ստեղծելու համար առատորեն օգտվել է բեմարվեստի հազարամյա զինարանից (այլաբանություն, սիմվոլիկա, ֆանտաստիկա և այլն)։ Մաքս Ռայնհարդի ռեժիսորական վարպետությունը խարսխված է թատերական բոլոր բաղադրիչների վրա, որով հասել է անսամբլի բարձրագույն արտահայտչականության։ Համագործակցել է համախոհ տաղանդավոր դերասանների, դրամատուրգների, նկարիչների, բալետմայստերների, երաժիշտների հետ։ Մաքս Ռայնհարդը թատրոնի անկյունաքար է համարել ճշմարտացի հոգեբանությամբ օժտված բնավորություններ ստեղծող դերասանին։ Նրա համար խիստ կարևոր էր դերասանի արտաքին պլաստիկան, որը երբեմն հասցրել է բալետային գեղեցկության կամ ակրոբատիկ ճկունության։ Բեմական խոսքի իմաստային և ռիթմիկ մշակումը հաճախ ձեռք է բերել ի հաշիվ չափածոյի պահանջների (հատկապես շեքսպիրյան բեմադրություններում)։ Ավելի հասուն շրջանում կարևորել է մասսայական տեսարանների շարժուն, հուզիչ կոմպոզիցիաները (Մաքս Ռայնհարդը այն կոչել է «երգչախմբային ռեժիսուրա»)։ Մաքս Ռայնհարդ ունեցել է դերասանական ձիրքեր բացահայտելու անսովոր կարողություն, դրանք բազմակողմանիորեն դաստիարակելու տաղանդ։ 20-րդ դարի գերմանական և ավստրիական թատրոնի և կինոյի լավագույն դերասանները եղել են նրա աշակերտները (Պ․ Վեգեներ, Գ․ Էյզոլդ, Ա․ Զորմա, Ֆ․ Կայսլեր, Ա․ Մոիսի, Ա․ Բասերման, Վ․ Կրաուս, Է․ Ցանինգս և ուրիշներ)։ Իր թատրոններին կից ունեցել է դերասանական ստուդիաներ։ 1928 թվականին Վիեննայում հիմնադրել է Արևմտյան Եվրոպայում առաջին՝ «Ռայնհարդ-սեմինարիում» ռեժիսորական դպրոցը։ Համաշխարհային թատրոնի անցյալի ու ներկայի փայլուն իմացությունը, անկաշկանդ, վառ երևակայությունը, ձևաստեղծման հնարանքների որոնումները, հանդուգն փորձերը Մաքս Ռայնհարդի արվեստը դարձրել են հույժ թատերային, նորարարական, բազմապիսի, գունեղ։ Որոշ բեմադրությունների համար իբրև բեմահարթակ օգտագործել է կրկեսը (անտիկ պիեսներ), տաճարը և նրա գավիթը (միստերիայի և միրաքլի համար), քաղաքային այգի, հրապարակ և այլն։ Մաքս Ռայնհարդը եղել է Զալցբուրգում թատերական փառատոն կազմակերպելու նախաձեռնողը (1920 թ.), ուր տաճարի հրապարակում բեմադրել է «Յուրաքանչյուր մարդ» (Հոֆմանստալի մշակմամբ) միստերիան։ Մաքս Ռայնհարդը ստեղծել է բազմաթիվ բարձրարվեստ ներկայացումներ, սակայն բուրժուազիական մշակույթի ճգնաժամը նրան հեռացրել է ժամանակակից պրոբլեմներից, որոշ ներկայացումներ ուղեկցվել են հոռետեսական, նույնիսկ միստիկական մոտիվներով։ Մաքս Ռայնհարդը իր լավագույն ներկայացումներով շրջել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։ Մաքս Ռայնհարդը կինոարվեստին առնչվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նկարահանել է իր լավագույն ներկայացումներից, ինչպես և ինքնուրույն ֆիլմեր («Երանելիների կղզին», 1913 թ. և այլն)։ 1933 թվականին նա ստիպված հեռացել է Գերմանիայից։ Մինչև 1938 թվականը աշխատել է Ավստրիայում, ապա՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Հոլիվուդում հիմնել է թատերական դպրոց, նկարահանել ֆիլմեր։ Մաքս Ռայնհարդի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային, մասնավորապես գերմանական թատրոնի վրա։ Ազդել է նաև հայկական՝ հատկապես 1920-ական թվականների թատերարվեստի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Рейнхардт Макс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 https://theaterencyclopedie.nl/wiki/index.php?curid=5724
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ռայնհարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։