Յանկո Կրալ
Յանկո Կրալ սլովակ.՝ Janko Kráľ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1822[1][2] |
Ծննդավայր | Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 23, 1876[1][2][3] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա |
Գերեզման | National Cemetery in Martin |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | սլովակերեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Ján Francisci-Rimavský Gymnasium? |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Janko Kráľ Վիքիպահեստում |
Յանկո Կրալ (սլովակ.՝ Janko Kráľ, ապրիլի 24, 1822[1][2], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 23, 1876[1][2][3], Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա), սլովակ բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանկո Կրալը ծնվել է 1822 թվականին Սլովակիայի Սպիշ շրջանում, պանդոկապանի ընտանիքում։ 1837 թվականին ուսանել է Լևոչա քաղաքի ուսումնարանում, ապա՝ Կեժմարոկ քաղաքում։ 1842 թվականին ընդունվել է Բրատիսլավայի Ավետարանական սեմինարիա, որտեղ հանդիպել և ընկերացել է հայրենասեր, հասարակական գործիչ Լյուդովիտ Շտուրի հետ։ Այս ծանոթությունը հիմք է դրել Կրալի (1842-1844) գրական-ստեղծագործական գործունեությանը՝ իր վրա կրելով Շտուրի ազդեցությունը։ Շտուրի շուրջ համախմբված մի խումբ սլովակների հետ 1844 թվականի օգոստոսին մասնակցել է դեպի Կրիվան լեռն առաջին արշավախմբին։ 1845-1847 թվականներին Կրալը ճանապարհորդել է Սլովակիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բրատիսլավայում ստացել է իրավաբանական կրթություն և Պեշտում (Բուդապեշտ) աշխատել է որպես իրավաբան։ 1848-1849 թվականների մինչ-հեղափոխական իրադարձությունները նպաստել են Կրալի քաղաքական գործունեությանը։ 1848 թվականի մարտին նա Սլովակիայի գյուղացիների ապստամբություն բարձրացնելու անհաջող փորձ է արել։ Ձերբակալվել է Ավստրիական կայսրության իշխանությունների կողմից և դատապարտվել է կախաղանի։ 1849 թվականին Իոսիֆ Ելաչինի շնորհիվ և Ալֆրդ Վիդիշգրեցի միջնորդությամբ 10 ամսվա ազատազրկումից հետո նրան ներում է շնորհվել։ Տեղափոխվել է Մորավիա, հրաժարվել է հասարակական գործունեությունից և 1876 թվականին մահացել է որովայնային տիֆից։ Խորհրդանշական շիրիմը գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքի Ազգային գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանկո Կրալը սլովակյան ռոմանտիկ պոեզիայի հեղափոխական թևի ցայտուն ներկայացուցիչ է։ Նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանը (1843-1849) Կրալի տաղանդի ծաղկման շրջանն է, քանի որ հեղափոխությունից հետո նա դադարել է գրելուց։ 1843-1846 թվականներին աշխատել է ելուզակ Յանոշիկին նվիրված պոեմի վրա, որը մտահղացել էր ստեղծել որպես գյուղացիական հակաֆեոդալական հեղափոխությանը ապոթեոզ (պոեմն անավարտ է մնացել)։ 1844-1848 թվականներին Կրալն ստեղծել է փիլիսոփայա-լիրիկական բանաստեղծությունների շարք, որը սլովակյան գրականության մեջ է մտել «Աշխարհի դրաման» խորագրով։ Գրել է ռոմանտիկ պոեմներ, բալլադներ, երգեր, ագիտացիոն բանաստեղծություններ։ Նրա կենդանության օրոք հրատարակվել են ստեղծագործությունների միայն աննշան մասը։ Կրալի գրական ժառանգության մեծ մասը հրատարակվել է 20-րդ դարում։ Երկերի առաջին լիակատար ժողովածուն լույս է տեսել 1952 թվականին[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Богданова И. А. Янко Краль // История словацкой литературы. - М., 1970.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկո Կրալ» հոդվածին։ |
|