Սևուկ (լատին․՝ Brassica napus ssp․ oleifera), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա աշնանացան կամ գարնանացան բույս։ Վայրի ձևով չի հանդիպում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ. 4 հազար տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։ Արմատն առանցքային է, իլիկաձև։ Ցողունի բարձրությունը՝ 50—150 սմ, ճյուղավորված, ծածկված է մոմաշերտով, կապտամոխրագույն է, երբեմն կանաչ, որոշ ձևեր ունեն մանուշակագույն երանգավորում։ Վարդակի տերևները կոթունավոր են, փետրաձև, կտրատված, քնարաձև։ Ցողունային տերևները քնարաձև են (ներքևինը), երկարավուն (միջին մասինը) և նշտարաձև (վերևինը)։ Ծաղկաբույլը ողկույզ է։ Ծաղիկները մանր են, դեղին, հազվադեպ՝ սպիտակ։ Պտուղը պատիճ է 5—10 սմ երկարությամբ։ Սերմերը կլորավուն են։ 1000 սերմի զանգվածը 3,0—7,0 գրամ է։ Սերմերը պարունակում են ճարպեր, գարնանացանը՝ 33—40%, աշնանացանը՝ 40—50%։ Սևուկը մեղրատու Է, փոշոտումը՝ հիմնականում խաչաձև։ Սևուկը մշակվում է Հնդկաստանում, Չինաստանում, Կանադայում, Արգենտինայում, Ռումինիայում և այլ երկրներում։
ՀայաստանումԱրարատյան դաշտում և նախալեռնային շրջանների ջրովի պայմաններում աշնանացան սևուկը վաղ հնձվող կուլտուրաներից ազատված դաշտերում մշակվում է որպես միջանկյալ և խոզանացան բույս։ Գարնանն ստացվում է 300—500 ց/հա կանաչ զանգված։ Սևուկի յուղն օգտագործվում է մարգարինի ստացման համար, ինչպես նաև օճառի, մետալուրգիական, կաշվի և տեքստիլ արդյունաբերությունում։ Քուսպը արժեքավոր կեր Է։ 100 կգ-ը համապատասխանում է 100 կերային միավորի, պարունակում է (% նե- րով) պրոտեին՝ 32, ճարպ՝ 9, անազոտ Էքստրակտային նյութեր՝ 30։ Աշնանացան սևուկը հրաշալի կերաբույս է բոլոր գյուղատնտեսական կենդանիների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։