Jump to content

Սև անգղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև անգղ
Սև անգղ
Սև անգղ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ 'Aegypius'
Տեսակ Սև անգղ (A. monachus)
Միջազգային անվանում
Aegypius monachus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև անգղ (լատին․՝ Aegypius monachus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Բույնը պատրաստում է ծառերի գագաթին կամ ժայռաքիվերին, հիմնականում ճյուղերից՝ օգտագործելով նաև ծառերի կեղև, բուրդ, որսկորներ, գոմաղբ։

Հիմնականում դնում է 1 ձու, հազվադեպ նաև՝ 2։ Ձուն 90 մմ, թույլ սպիտակ գունավորմամբ՝ կարմիր-դարչնագույն խազերով և գծերով։

Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։

Սև անգղը պաշտպանության կարիք ունի և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։ Դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին[1]։

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հավանաբար չեն գերազանցում 50 բնադրող զույգը։

Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում, այդ թվում «Խոսրովի անտառ» արգելոցում բացահայտել և խստորեն պահպանել տեղադրված սև անգղի բնադրավայրերը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև անգղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև անգղ» հոդվածին։