Jump to content

Վալդենսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդենսյան եկեղեցի Միլանում

Վալդենսներ (լատին․՝ valdenses, հայտնի էին նաև «Լիոնի աղքատներ» անունով), կրոնական շարժում միջնադարյան Եվրոպայում։ XII դարի վերջին քառորդին վալդենսների շարժումը սկզբնավորվել է Հարավային Ֆրանսիայի չքավոր գյուղացիության և արհեստավորների մեջ, այնուհետև տարածվել Հյուսիսային Իտալիայում, Գերմանիայում, Չեխիայում, Իսպանիայում։

Շարժման հիմնադիրն ու անվանադիրն է լիոնցի վաճառական Պիեռ Վալդոն, որի հիմնած (1176 թ.) «կատարյալներ» կոչվող համայնքը ուխտել է ձերբազատվել ընտանիքից ու մասնավոր սեփականությունից, չմտահոգվել գալիք օրերի մասին։ Ավելի ուշ ձևավորված «հավատացյալների» համայնքը պահպանել է ընտանիքն ու սեփականությունը։

Վալդենսների աղանդն իր մեջ պարունակում էր կաթոլիկ եկեղեցու և ֆեոդալական շահագործման դեմ հասարակական-քաղաքական բողոքի տարրեր։ Վալդենսների ուսմունքը շատ ընդհանրություններ ունի կաթարների, մասնավորապես՝ ալբիգոյցիների ուսմունքի հետ։ Գոյություն ունեցող աշխարհը համարում էին չարի ծնունդ, պապին անվանում էին սատանայի տեղապահ, մերժում կաթոլիկ հոգևորականությունը, խաչի երկրպագությունը, մկրտությունը և այլն։ Կոչ էին անում վերականգնել քրիստոնեության նախնական սկզբունքները, համայնքի անդամների միջև հավասարությունը, քարոզում էին ոչ թե ընդունված լատիներենով, այլ մայրենի լեզուներով։

Վալդենսների ուսմունքը դատապարտել է Լատերանի IV տիեզերական ժողովը (1215 թ.)։ Սեքստոս IV պապը (XV դ.) խաչակրաց դաժան արշավանք է ձեռնարկել նրանց դեմ։ Վալդենսների համատարած կոտորածներն ու հալածանքները կրկնվել են 1545 թ., 1655 և 1865 թթ.-ին։ Վալդենսների փոքրաթիվ խմբեր տակավին գոյատևում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։ Վալդենսյան եկեղեցին համարում է իրեն բողոքական եկեղեցիների ճյուղերից մեկը՝ հարելով կալվինիզմին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 230
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդենսներ» հոդվածին։