Փոլ Քեյն
Փոլ Քեյն անգլ.՝ Paul Kane | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալլոու, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 20, 1871[2][3][5][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, ճանապարհորդ հետազոտող և գծագրող |
Ոճ | ակադեմիզմ[6] |
Ժանր | դիմապատկեր[7] և բնանկար[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Flathead woman with child? |
Paul Kane Վիքիպահեստում |
Փոլ Քեյն (անգլ.՝ Paul Kane, սեպտեմբերի 3, 1810[1][2][3][…], Մալլոու, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 20, 1871[2][3][5][…], Տորոնտո, Կանադա[4]), իռլանդական ծագումով կանադացի նկարիչ։ Հայտնի է Կանադայի արևմուտքի բնիկներին և այսպես կոչված «Օրեգոնի երկրի» ամերիկյան բնիկներին պատկերող նկարներով։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլ Քեյնը մեծացել է Տորոնտոյում։ Նկարել սովորել է ինքնուրույն` առավել կատարելագործվելով Եվրոպա կատարած ճանապարհորդության ընթացքում արևմտյան վարպետների աշխատանքները կրկնօրինակելով։ Ձեռնարկել է երկարատև երկու ճանապարհորդություն Կանադայի հյուսիս-արևմուտք 1845 և 1846-1848 թվականներին։ Առաջին ուղևորության ժամանակ նա Տորոնտոյից մեկնել է Սու Սենտ Մարի, իսկ երկրորդ ուղևորության ժամանակ նա Տորոնտոյով ժեռուտ ճանապարհով հասել է Վանկուվերի ֆորտ, ապա` Վիկտորիա ֆորդ, այնտեղից էլ` Կոլումբիա նահանգ (կանադացիներն այն անվանում են Օրեգոն), ինչը դարձել է նրա երկրորդ ուղևորության վերջնակետը։ Քեյնը վավերագրել է հնդկացիական ցեղերի կյանքը, կատարել էսքիզներ, իսկ Տորոնտո վերադառնալով` յուղաներկով ավարտին հասցրել դրանք։ Քեյնի աշխատանքները մեծ արժեք են ներկայացնում ազգագրագետների համար։ Իր աշխատանքները նկարիչն ավարտին է հասցրել արվեստանոցում` հաճախ ռեալիստական պատկերները հօգուտ դրամատիզմի լուծելով։
Քեյնը ծնվել է Իռլանդիայի Կորկ կոմսության Մալոու քաղաքում, բազմազավակ ընտանիքում։ Հայրը մինչև 1801 թվականը ծառայել է արքայական հեծելազորում։ 1819-1822 թվականներին ընտանիքը տեղափոխվել է Կանադա` բնակություն հաստատելով Յորքում։ 1834 թվականի մարտին, տեղափոխվելով Օնտարիո, Փոլ Քեյնը աշխատանքի է անցնում կահույքագործական ֆաբրիկայում։ Հենց այդ շրջանում էլ ստեղծում է իր առաջին նկարները` նկարելով տեղի նշանավոր գործիչների դիմանկարները, այդ թվում` շերիֆի։ 1836 թվականին Քեյնը տեղափոխվում է Դետրոյթ, որտեղ այդ ժամանակ ապրում էր նկարիչ Ջեյմս Բոումանը, որի հետ Քեյնը հանդիպել էր դեռևս Յորքում։ Հենց Բոումանն է համոզում Քեյնին մեկնել Եվրոպա` սովորելու։ Նրանք պատրաստվում էին մեկնել երկուսով, սակայն Քեյնը մշտապես ձգձգում էր մեկնումը հավանաբար ֆինանսական միջոցների պակասության պատճառով։ Որոշ ժամանակ անց Բոումանը ամուսնանում է և հրաժարվում սովորելու նպատակով Եվրոպա մեկնելու իր ծրագրերից։ Հաջորդ հինգ տարիները Քեյնն անցկացնում է Ամերիկայի միջին արևմուտքով ճանապարհորդելով` հասնելով Նոր Օռլեան։
1841 թվականին նկարիչը Նոր Օռլեանից նավով տեղափոխվում է Մարսել։ Չունենալով միջոցներ գեղարվեստական դպրոցում սովորելու համար` նա երկու տարի թափառում է Եվրոպայում` այցելելով թանգարաններ և արտանկարելով նշանավոր վարպետների գործերը։ Մինչև 1842 թվականը նա լինում է Իտալիայում, այնուհետև տեղափոխվում Փարիզ, այնտեղից էլ` Լոնդոն, որտեղ ծանոթանում է ամերիկացի բնանկարիչ Ջորջ Քեթլինի հետ (George Catlin), ով պատկերում էր հնդկացիական ցեղերի կյանքն ու կենցաղը։ Քեթլինը այդ ժամանակ շրջագայում էր Եվրոպայում` վաճառելով իր «Հյուսիսամերիկյան հնդկացիների բարքերը, սովորույթներն ու պայմանները» գիրքը (Manners, Customs and Conditions of the North American Indians): Քեթլինը դասախոսություն էր կարդում Պիկադիլիի եգիպտական դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև իր մի քանի գործերը։ Իր գրքում Քեթլինը հավատացնում էր, որ ամերիկյան հնդկացիների մշակույթը անհետացման եզրին է, և անհրաժեշտ է այն վավերագրել։
Քեյնը, բերված փաստարկումները համոզիչ համարելով, որոշում է միանալ աշխատանքներին, որ այդքան կարևոր էին պատմության տեսանկյունից։ Նա Ամերիկա է վերադառնում 1843 թվականին, Ալաբամա նահանգի Մոբիլե քաղաքում հիմնում է ստուդիա և աշխատում որպես դիմանկարիչ այնքան ժամանակ, մինչև փակում է պարտքերը։ 1844 թվականին նա վերադառնում է Տորոնտո և սկսում պատրաստվել իր առաջին մեծ ճամփորդությանը։
Երկու ճանապարհորդությունների ընթացքում Քեյնը ստեղծել է մոտ 700 էսքիզ և 100-ից ավել գեղանկարներ` աշխատելով մատիտով, ջրաներկով, յուղաներկով։ Գեղանկարչության մեջ նա մեծ տեղ էր հատկացնում մանրամասնությունների պատկերմանը` երբեմն, սակայն, թույլ տալով պատմական անճշտություններ։ Այսպես` նրա ամենահայտնի գործերից մեկում` «Կինը երեխայի հետ» նկարում, նա պատկերել է չինուկ ցեղի երեխային կաուլից ցեղի կնոջ հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Kane (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://rkd.nl/explore/artists/43437
- ↑ 5,0 5,1 5,2 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- ↑ https://artfacts.net/artist/paul-kane/78079
- ↑ 7,0 7,1 https://www.gallery.ca/collection/artist/paul-kane
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Քեյն» հոդվածին։ |
|