Jump to content

թագավոր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ թագաւոր

վանկեր՝ թա•գա•վոր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից՝ -vār ածանցի և հայերեն -(ա)վոր-ի բաղարկմամբ. հազիվ թե հայկական կազմություն լինի։

Գոյական

  1. միապետի տիտղոսը միապետական կարգերում
  2. այդ տիտղոսը կրող և թագավորական իշխանությունն ունեցող անձ, որի իրավունքները հնում անսահմանափակ էին, և պաշտոնը սովորաբար ժառանգական էր, միապետ, արքա ◆ Թագավորը ե՞րբ է բարի բան մտածել շինականի համար։ Դերենիկ Դեմիրճյան
  3. նորափեսան հարսանիքի ժամանակ և պսակի առաջին օրերին ◆ Թագավորը (նորափեսան) Մուղնի գնաց, ես դեսն եկա։ (Պերճ Պռոշյան)
  4. աստված ◆ Դու ամենազոր թագավոր վերին, Պաղատում եմ քեզ, լսիր թշվառին։ Սարմեն
  5. այն, որ իշխում է րջապատի վրա, կամ այս կամ այն հատկությամբ գերազանցում է բոլորին, ամենամեծը՝ ամենաուժեղը ցեղի՝ տեսակի մեջ ◆ Նա (եղջերուն) դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ՝ վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Հովհաննես Թումանյան ◆ Թագավորը շուրջկա լեռների։ (Վահան Տերյան)
  6. թղթախաղի այն քարտը, որի վրա նկարված է թագը գլխին տղամարդու պատկեր, պապ ◆ Փոսիկի թագավորը։ ◆ Խաչի թագավորը։
  7. (փխբ․) մի որևէ վայրում ինքնագլուխ իշխող անձ, բացարձակ իրավունքի տեր, ինքնիշխան, ինքնակալ ◆ Նա այս շրջանի թագավորն է, ոչ ոք չի կարող նրա դեմ խոսել։
  8. (փխբ․) արդյունաբերական որևէ ճյուղի խոշոր մենաշնորհի տեր ◆ Սկսենք մրցել ամերիկացիների հետ, և մեկ էլ տեսար դարձանք նավթային թագավորներ։ (Շիրվանզադե)
  9. (փխբ․) մարդկանց իր հմայքին՝ ազդեցությանը ենթարկող կին ◆ Թագավոր բառը Սայաթ-Նովեն էնպես է գործածել, ինչպես գործ է ածում սուլթան կամ խան և կամ զալում։ Դրանք նշանակում են հզոր, իշխող, տիրող, հրամայող։ Հովհաննես Թումանյան
  10. կենդանիների ցեղի կամ տեսակի մեջ ամենազորեղը ◆ Արծիվը թռչունների, իսկ առյուծը կենդանիների թագավորն է։
  11. (շխմ․) շախմատի գլխավոր խաղաքարը՝ արքա ◆ Հակառակորդը սկսեց ճնշում գործադրել թագավորի թևում։
  12. (եկեղ․) ժամերգության մեջ՝ ժամագրքի երգեր, որոնք սկսվում են «Թագավոր հավիտյան» բառերով
  13. մարմնական և հոգեկան բարձր հատկանիշներով օժտված անձ

Ածական

  1. թագավոր դարձած ◆ Իմ թագավոր որդին չմնաց։ Հովհաննես Թումանյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. արքա, միապետ, կայսր, տիրակալ, գահակալ, թագակալ, ինքնակալ, կեսար (բյուզանդական), շահ (պարսկական), շահնշահ, արքայից արքա, թագավոր թագավորաց, ցար (ռուսական), սուլթան (մահմեդական), նեգուս (հաբեշական), փարավոն (հին եգիպտական), փադիշահ (արևելյան), (հին)՝ ծիրանավոր, աշխարհակալ, աշխարհատեր
  2. տե՛ս նորափեսա

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թագավոր դնել՝ նստեցնել՝ կարգել - թագավոր դարձնել, թագադրելով թագավորեցնել ◆ Բերում են իրենց խելոք նազիրին առքով ու փառքով թագավոր դնում։ Հովհաննես Թումանյան
  2. թագավոր նստել - թագավորել, թագավորեցնել ◆ Էս դարում Մըսր անհաղթ ու հզոր Մսրա-Մելիքն էր նստած թագավոր։ Հովհաննես Թումանյան
  3. թագավորն ապրած կենա - թագավորին դիմելու ժողովրդական բարեմաղթության արտահայտություն՝ թող միշտ ապրի թագավորը, երկար կյանք թագավորին ◆ Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Հովհաննես Թումանյան ◆ Եվ հպարտ ժողովուրդը կպատմի․ «Թագավոր ապրած կենա», էսպես ու էսպես․ կյանք չէր մեր կյանքը։ (Անահիտ Սահինյան)
  4. թագավոր լինել
    1. թագավորություն անել
    2. գերիշխողը՝ հիմնականը՝ ամենակարևորը լինել ◆ Հայրենիքի սերը և նրա ազատության միտքը պետք է թագավոր լինի ամեն գործողությունների վրա։ (Րաֆֆի)
  5. թագավորաց թագավոր
    1. արքայից արքա, կայսր, շահնշահ
  6. աստված

Աղբյուրներ

[խմբագրել]


Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Թագավոր: