Jump to content

Հադրիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հադրիանոս
լատին․՝ Publius Aelius Hadrianus
օգոստոսի 11, 117 - հուլիսի 10, 138
Նախորդող Տրայանոս
Հաջորդող Անտոնինոս Պիոս
 
Մասնագիտություն՝ գերիշխան, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և բանաստեղծ
Դավանանք հին հռոմեական կրոն
Ծննդյան օր հունվարի 24, 76[1]
Ծննդավայր Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 10, 138[1] (62 տարեկան)
Վախճանի վայր Բայի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Թաղված Սուրբ Հրեշտակի ամրոց
Դինաստիա Nerva–Antonine dynasty? և Aelii Hadriani?
Քաղաքացիություն Հին Հռոմ
Ի ծնե անուն լատին․՝ Publius Aelius Hadrianus
Հայր Publius Aelius Hadrianus Afer? և Տրայանոս
Մայր Domitia Paulina?[2]
Ամուսին Vibia Sabina?[3]
Զավակներ Lucius Aelius Caesar? և Անտոնինոս Պիոս

Հադրիանոս կամ Ադրիանոս[4] (լատին․՝ Publius Aelius Traianus Hadrianus, հունվարի 24, 76[1], Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն - հուլիսի 10, 138[1], Բայի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն), հռոմեական կայսր (117-138)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 76 թվականի հունվարի 24-ին, հավանաբար՝ Հռոմում (այլ տեղեկություններով՝ Իտալիկ քաղաքում (ներկայիս Սևիլյայի մոտ, Իսպանիա)), վախճանվել է 138 թվականի հուլիսի 10-ին, Կամպանիայի Բայա քաղաքում։ Հռոմի կայսր 117-138 թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։

85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսր Տրայանոսը։ Որպես կայսր, նա հաջորդեց Տրայանոսին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։

Ծառայել է բանակում, Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներում։ 114 թվականին նշանակվել է Ասորիքի կուսակալ։

117 թվականին Տրայանոսը, որը չուներ երեխա, որդեգրել է Հադրիանոսին։ Դառնալով կայսր Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները` նա միևնույն ժամանակ ստեղծել ՝ է պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից։

Հանրային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131 թվականը) նա անցկացրել է Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով 121-123 թվականներին և Արևելք՝ 123-127 և 128-131 թվականներ։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշտպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեց Պանհելլենիոնը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։

134 թվականին Ադրիանոսը դյուրությամբ ճնշեց հրեաների խռովությունը Պաղեստինում, երկրից արտաքսեց Հուդայի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց քրիստոնյաների հալածանքը։ Հադրիանոսի հրամանով շուրջ 121-122 թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ է կառուցվել, որը կոչված էր պաշտպանել երկիրը հյուսիսից հարձակումներից։ Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»։

Հադրիանոսը հրաժարվեց Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ նահանջելով Միջագետքից և թույլ տալով վերականգնել Մեծ Հայքի թագավորությունը։ Ադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել դուրս հանել հռոմեական զորքերը ապստամբած Հայաստանից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսել էր 116 թվականին և հաղթանակն անհուսալի էր դարձել հռոմեացիների համար։ 117 թվականին Վաղարշ Ա հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Ադրիանոսը դուրս քաշեց զորքերը Ասորիքից և Միջագետքից։

Նրա օրոք կայսրության արտաքին քաղաքականությունը դարձավ պաշտպանական. ամրապնդվում էին սահմանները, բարեկարգվում էին քաղաքները, կանոնակարգվում էր ներքին կառավարման համակարգը։ Հադրիանոսը ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը։ Հադրիանոսի անցկացրած բարեփոխումներից պետք է նշել հարկահանության համակարգի ներմուծումը, հռոմեական իրավունքի կոդիֆիկացման սկիզբը և իրավաբաններից կազմվա կայսերական խորհրդակցական մարմնի ստեղծումը։

Հադրիանոսը սկսեց պետական կառավարմանը հետզհետե ավելի լայնորեն ներգրավել հեծյալների դասի ներկայացուցիչներին՝ հրաժարվելով նախորդ կայսրերի օրոք կիրառվող ազատարձակների միջոցով պետական գործերը վարելու գործելավոճից։

Գեղեցիկ, պայծառ, սրամիտ՝ Հադրիանոսը ստացել է լավ կրթություն և բարձր է գնահատել Հունաստանի մշակույթը։ Նա նաև լավ գլուխ էր հանում մաթեմատիկայից, երաժշտությունից և նկարչությունից, գրել է ինքնակենսագրական երկ, որը սակայն մեզ չի հասել։ Ադրիանոսը տաղանդավոր բանաստեղծ էր, և նրա գրական և ճարտարապետական ճաշակները ու ոճը հատուկ ուղղություն տվեցին իր դարաշրջանի արվեստին։

Ադրիանոսը հավերժացվել է ականավոր կառույցներով, ինչպես՝ իր դամբարանը Հռոմում (այժմ՝ Ս. Հրեշտակ դղյակը), հռչակավոր Ադրիանոսի պարիսպը Բրիտանիայում, Զևսի տաճարը Աթենքում, Վեներայի տաճարը Հռոմում, կառուցել է քաղաք Թրակիայում և անվանել է այն իր անունով՝ Ադրիանուպոլիս (այժմ՝ «Էդիռնե» Թուրքիայում), և այլն։

Ուժասպառ երկարատև հիվանդությունից՝ Հադրիանոսը մահացել է Բայե քաղաքում։ Ադրիանոսի մահից հետո նրա աճյունը բերվել է Հռոմ և ամփոփվել դեռևս իր կենդանության օրոք կառուցված վեհաշունչ դամբարանում, որը պահպանվել է առ այսօր՝ միջնադարում վերածվելով Հռոմի պապերի նստավայր՝ Սուրբ Հրեշտակ ամրոցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Hadrianus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 585—586.
  2. https://remacle.org/bloodwolf/historiens/histaug/hadrien.htm
  3. Union List of Artist Names — 2015.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադրիանոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92
Նախորդող
Տրայանոս
Հռոմի կայսր
Ադրիանոս

117 - 138
Հաջորդող
Անտոնինոս Պիոս