Հին Հռոմ
Հին Հռոմ
| ||||
«Հռոմի Սենատ և Ժողովուրդ» | ||||
---|---|---|---|---|
| ||||
Կոլիզեումը հանդիսանում է հռոմեական ժառանգության գլխավոր խորհրդանիշը
| ||||
Հռոմի տարածքային զարգացումը | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն
| |||
Մայրաքաղաք | Հռոմ (կայսերական մայրաքաղաք) --- ավելի ուշ շրջանում՝ | |||
Թագավորանիստ ոստան | քաղաքամայր | |||
Պետության գլուխ | արքա, կոնսուլ, կայսր | |||
Արքայատոհմ | Հուլիոս Կլավդիոսներ | |||
Լեզու | լատիներեն | |||
Կրոն | հեթանոսութուն, քրիստոնեություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | հին աշխարհ, վաղ միջնադար | |||
Հասարակարգ | Ստրկատիրական | |||
Հիմնադրում | Մ.թ.ա. 753` Հռոմի ստեղծում | |||
Հզորության գագաթնակետ | Մարկոս Տրայանոսի կառավարման օրոք | |||
Անկում | 476 թվական` Արևմտյան Հռոմեական կայսրության անկում, 1054 թվական` Բյուզանդական կայսրության անկում | |||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Տե՛ս Հռոմեական կայսրություն հոդվածում | |||
| ||||
Պատմության պորտալ |
Հին Հռոմ (լատին․՝ Roma antiqua, կարգախոսը՝ «Senatus Populus Que Romanus», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։
Հռոմի՝ որպես համաշխարհային գերտերության ձևավորման գործընթացի կարևորագույն մասն է կազմում Պունիկյան պատերազմներում տարած հաղթանակը։ Իր տիրապետության ներքո ունենալով Ապենինյան թերակղզին՝ իր հարակից Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա կղզիներով, հռոմեացիները արշավում և նվաճում են Հիսպանիան։ Մ․թ․ա․ 146 թվականին վերջիններս ավարտում են Կարթագենի կործանումը և գերակայություն հաստատում Միջերկրական ծովում։ Մ․թ․ա․ 27 թվականին Գայոս Օկտավիանոսն իրեն հռչակում է «Օգոստոս» և սկսվում է Հռոմի պատմության կայսերական շրջանը։ Հաջորդ տասնամյակում բորբոքված հռոմեա-պարթևական հակամարտությունը դառնում է մարդկության պատմության ընթացքում եղած հակամարտություններից ամենաերկարատևը, որն իր հերթին ազդեցություն է ունենում Հռոմի՝ դեպի Արևելք ունեցած կայսերապաշտական նկրտումների և նվաճողական քաղաքականության վրա։ Կայսրության տարածքն աննախադեպ ընդարձակվում է Մարկոս Տրայանոս կայսեր օրոք՝ ձգվելով Միջերկրական ավազանից մինչև ծայր հյուսիս՝ Բրիտանիա կղզի, Պիրենեյներից մինչև Հայկական լեռնաշխարհ և Միջագետք՝ ընդգրկելով հյուսիսային Աֆրիկան։ 3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը տրոհում է երկու մասերի՝ այդպիսով վերջ դնելով Երրորդ դարի ճգնաժամին։ 5-րդ դարում կայսրության տարածքը ենթարկվում է բարբարոսական ցեղերի ներխուժմանը, որի արդյունքում էլ 476 թվականին վեստգոթերի առաջնորդ Օդոակրը գահընկեց է անում Հռոմի վերջին միապետ Հռոմուլոս Օգոստուլոսին։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ փակվում է Հին Հռոմի պատմություն վերջին էջը, մինչդեռ արևելքում մինչև օղուզ-թուրքերի ներխուժումը (մինչև 1054 թվականի Կոստանդնուպոլսի անկումը) իր գոյությունը պահպանել է Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը։
Հռոմեական պետությունն, իր բազմադարյա պատմության ընթացքում, եղել է ընտրովի բացարձակ միապետություն․ ի սկզբանե ժողովրդավարական դասական հանրապետության, մ․թ․ա․ 27 թվականից հետո՝ կայսերական ժամանակահատվածում, ավտորիտար կիսաընտրողական ռազմական դիկտատուրա։ Շարունակական նվաճումների, լեզվական և մշակութային ազդեցության սփռման, ինչպես նաև հին հունական դասական քաղաքակրթության հետ մերձեցման արդյունքում՝ հին շրջանի մշակույթների և հասարակական կենցաղի ընդհանրության հենքի վրա, ձևավորվել է հունահռոմեական աշխարհը, որն իր սահմանների ներքո միավորել է Հյուսիսային Աֆրիկան, Եգիպտոսը, Հարավային Եվրոպան, Արևմտյան Եվրոպայի մեծ մասը` մինչև Անգլիա, Բալկանյան թերակղզին, Ղրիմը և Մերձավոր Արևելքը (ներառյալ՝ Անատոլիան, Լևանտը, Միջագետքն ու Արաբիան)։ Հին հռոմեական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունի ժամանակակից լեզվի, կրոնի, սոցիումի, տեխնոլոգիաների, իրավական մտքի, քաղաքականության, կառավարման, պատերազմական գործի, արվեստի, գրականության, ճարտարապետության և այլ ոլորտների ձևավորման գործում։
Հռոմի հիմնադրման մասին առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հռոմի ստեղծման վերաբերյալ լատինական առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Տիբեր գետի ափին։ Քաղաքի սկզբնադիրներն էին Տրոյայի արքայազն Էնեասից սերող Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները, ովքեր Ալբա Լոնգայի թագավոր Նումիտոր Սիլվիուսի թոռներն էին։
Նումիտորը գահընկեց է արվում հարազատ եղբոր՝ Ամուլիոսի կողմից, մինչդեռ վերջինիս դուստրը՝ Ռեա Սիլվիան, ծնում է երկվորյակ տղաների։ Տղաները Ռեա Սիլվայի և հռոմեացիների ռազմի աստված Մարսի սիրո պտուղն էին, ուստի, հայրական կողմից ժառանգել էին աստվածային գեներ՝ դառնալով կիսաստված։ Նոր արքան՝ Ամուլիոսը, վախենում էր, որ Մարսի որդիները հասակ առնելով կարող էին տապալել իր իշխանությունը, դրա համար էլ հրամայում է վերջիններիս գցել Տիբեր գետը։ Ողջ մնացած Հռոմուլոսին և Հռեմոսին գետեզրին գտնում և կերակրում է էգ գայլը։ Մեծանալով, երկվորյակ եղբայրները Տիբերի ափին հիմնում են բնակատեղի։ Սակայն, քաղաքի գտնվելու վայրի և անվանակոչության շուրջ ծագած վիճաբանության արդյունքում Հռոմուլոսը սպանում է եղբորը և նոր հիմնադրված բնակավայրը վերջինիս անունով կոչվում է Հռոմ։ Քաղաքի հիմնադրման մասին մեկ այլ լեգենդ, որը շարադրել է Դիոնիսիոս Հալիկառնասցին, պատմում է, որ Տրոյական պատերազմի հերոս Էնեասը ավերված քաղաքից հեռացածների մի խմբի հետ դուրս է գալիս ծովային ճանապարհորդության, որպեսզի գտնի «Նոր Տրոյան»։
Շարունակական նավարկումներից հետո ծովագնացները ապաստանում են Իտալիայում՝ Տիբերի ափին։ Վայրէջքից շատ չանցած՝ տղամարդիկ կրկին ծով մեկնելու ցանկություն են հայտնում, սակայն կանայք հրաժարվում են շարունակել երթուղին։ Կանանցից մեկը, որի անումը Ռոմա (հայկական իրականության մեջ՝ «Հռոմ») էր, իր համախոհներին առաջարկում է հրկիզել Ապենինյան թերակղզու ափերի մոտ կայանված հելլենների նավերը՝ Իտալիայում մնալու համար։ Սկզբում տղամարդիկ զայրանում են Ռոմայի վրա, սակայն, որոշ ժամանակ անց հասկանալով, որ նոր տարածքը բնակության համար կատարյալ վայր է՝ սկսում են փառաբանել վերջինիս։ Արդյունքում՝ նոր առաջացած բնակավայրը հնարամիտ կնոջ պատվին անվանակոչվում է «Հռոմ»։ Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը իր դասական էպիկական ստեղծագործության՝ «Էնեական»-ի շրջանակներում ևս անդրադառնում է Հռոմ քաղաքի հիմնադրմանը։ Ըստ Վերգիլիոսի՝ Տրոյական պատերազմի հերոս Էնեասին վիճակված էր հունական աշխարհից դուրս հիմնել «Նոր Տրոյա»-ն։ Այս աշխատությունում ևս շարադրվում է Դիոնիսոս Հալիկառնասցու բովանդակությունը, այն մասին, որ կանայք հրաժարվում են լքել Տիբերի ավազանը։ Իտալիա հասնելուց հետո, Էնեասը, որը ցանկանում էր ամուսնանալ Լատինոսի դուստր Լավինիայի հետ, ստիպված է լինում կռվի բռնկվել մեկ այլ երիտասարդի՝ Տուրնոսի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․
- Թագավորական Հռոմ՝ ընդգրկում է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից քաղաքի հիմնադրումից մինչև թագավորության վերջին գահակալ, ծագումով էտրուսկ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի իշխանության տապալումը։ Սա Հռոմի պատմության հնագույն շրջանն է, որտեղ երկիրը հանդես էր գալիս որպես ընտրողական միապետություն` հռոմեական գահակալի (կայսրերի) գլխավորությամբ։ Այս շրջանի պատմությունը հարուստ է առասպելալեգենդային տարրերով։
- Հանրապետական Հռոմ՝ ընդգրկում է դասական հռոմեական քաղաքակրթության պարբերափուլը՝ թագավորության անկումից մինչև Օկտավիանոսի «Օգոստոս» հռչակվելն ընկած ժամանակահատվածը։ Այս փուլում Հռոմը վերածվում է աշխարհակալ գերտերության, որի ազդեցությունը տարածվում է Միջերկրականի ողջ ավազանի և հարակից տարածքների վրա։
- Կայսերական Հռոմ՝ ընդգրկում է Ակտիումի ճակատամարտից հետո Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից (որի արդյունքում էլ ձևավորվեց Գայոս Օկտավիանոս Օգոստոսի միանձնյա իշխանությունը) մինչև գոթերի առաջնորդ Օդոակրի կողմից Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ընկած հատվածափուլը։ Հռոմեական կայսրությունը որոշ ժամանակահատված դառնում է ընդհուպ մինչև աշխարհի գլխավոր քաղաքական ուժը։
Վաղ շրջանի հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]լիգուրներ վենետներ էտրուսկներ պիտեններ ումբրիներ | լատիններ օսկեր մեսսապներ հին հույներ սիկուլներ |
Ըստ ավանդույթի և տարածված վարկածի (հիմնված է Տիտոս Լիվիոսի «Հռոմի պատմություն» աշխատության վրա)՝ հանրապետական Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա․ մոտ 509 թվականին՝ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի մահվանից հետո։ Վերջին արքայի գահազրկումից հետո Հռոմում անկում է ապրում թագավորությունը և հաստատվում է երկու կոնսուլների համասարազոր իշխանությունը։ Կոնսուլներն ընտրվում էին ցենտուրիական կոմիտիաներում՝ պատրիկների դասից, և իրենց լիազորությունները ստանձնում էին մեկ տարով։ Յուրաքանչյուր կոնսուլ իրավունք ուներ ստուգել իր կոլեգայի գործունեությունը և կիրառել վետո (արգելանք)։ Կոնսուլները ձևավորում էին Հին Հռոմի գործադիր իշխանությունը, որն իրենից ենթադրում էր քաղաքական ու զինվորական բարձրագույն լիազորություններ։ Հռոմեական հանրապետության կառավարմանը մասնակցող մյուս կարևորագույն պաշտոններն էին (առավել հայտնի էին որպես մագիստրատուրաներ) տրիբունը, քվեստորը, էդիլը, պրետորը և ցենզորը։ Ի սկզբանե, մագիստրատուրայի պաշտոնը կարող էին զբաղեցնել միայն պատրիկները, իսկ մ․թ․ ա․ 351-ից՝ նաև պլեյբեյները։ Պետական մարմիններից հայտնի է ցենտուրիոնական ժողովը, որտեղ քննարկվում էր պատերազմի և խաղաղության հարցերը։
Մ․թ․ա․ 4-րդ դարում Հռոմը ենթարկվում է դրակից գալլական ցեղերի հարձակմանը։ Վերջիններիս իշխանությունը Ապենինյան (Իտալական) թերակղզում ձգվում էր մինչև Պադանի հարթավայր և Էտրուրիա։ Մ․թ․ա․ 390 թվականի հուլիսի 16-ին գալլական բանակը՝ ցեղապետ Բրեննուսի գլխավորությամբ, Ալլիա գետի հովտում բախվում է հռոմեական ուժերին։ Ճակատամարտն ավարտվում է գալլերի հաղթանակով, որն էլ ստիպում է վերջիններիս զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներթափանցել մայրաքաղաք։ Նվաճողներն ավերում և թալանում են քաղաքը, անառիկ է մնում միայն Կապիտոլիումի բլուրը։ Պաշարումը տևում է յոթ ամիս, որից հետո կնքվում է գալլա-հռոմեական հաշտության պայմանագիր՝ 1000 ֆունտ (շուրջ 450 կգ) ոսկու դիմաց։ Չհաշտվելով պարտվողական դիրքերի հետ՝ հռոմեացիները նոր արշավանք են սկսում գալլերի դեմ և կարճ ժամանակամիջոցում դառնում նախաձեռնության տերը։ Շուտով հռոմեական բանակը ետ է վերադարձնում գալլերի կողմից զավթված իտալական հողերը և ջլատում թշնամու հիմնական ուժերը։ Գեներալ Մարկոս Ֆուրիոս Կամիլոսը այս հաղթանակը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «ոչ թե ոսկով, ա՛յլ երկաթով․․․ հենց այսպես էլ Հռոմը գնում է իր ազատությունը»։
Այսպիսով, ժամանակի ընթացքում հռոմեացիները գերիշխող դիրք են գրավում Ապենինյան թերակղզու մյուս ժողովուրդների նկատմամբ (այդ թվում և էտրուսկների)։ Մ․թ․ա․ 281 թվականին պատերազմի կիզանուտում է հայտնվում Տարանտոյի հունական գաղութը, որը լատինական զավթողական քաղաքականության դեմ պայքարի համար օգնություն է խնդրում հելլեն Պյուռոս զորավարից։ Սկզբում Պյուռոսի վարձկան բանակը մի քանի վճռական հաղթանակ է տանում հռոմեացիների նկատմամբ, սակայն պատերազմի ելքը լինում է հօգուտ հանրապետության։ Այսպիսով, հռոմեացիներն ապահովում են իրենց նվաճումները՝ դառնալով Իտալիայի գերիշխանը։
Պունիկյան պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արդեն առանց խորամանկությունների, արդեն բացահայտորեն ինձ հետ են կանչում նրանք, ովքեր վաղուց արդեն ջանում էին ինձ հեռացնել այստեղից՝ մերժելով փող ու զոինվոր ուղարկել։ Հաննիբալին հաղթեց ոչ թե հռոմեական ժողովուրդը, որ այնքան անգամ ջարդվել է իմ կողմից ու փախուստի դիմել, այլ կարթագենական սենատն իր չար նախանձով։ Սկիպիոնն այնքան չի փառաբանի իրեն և ուրախանա իմ անփառունակ հեռանալով, որքան Հաննոնը, որը չկարողացավ ոչինչ անել ինձ հետ, բացի Կարթագենը կործանելուց, միայն թե նրա ավերակների տակ թաղի իմ տունը»
Մ․թ․ա․ 3-րդ դարում ի հայտ է գալիս Հռոմեական հանրապետության նոր հակառակորդը՝ Կարթագենը, որն ի տարբերություն նախորդների՝ ուներ հզոր ռազմաքաղաքական ներուժ։ Կարթագենը հարուստ և ծաղկուն փյունիկյան քաղաք էր, որը հավակնում էր գերիշխել Միջերկրականում։ Շուտով երկու երկրների նույնական շահերն ու հետաքրքրությունները դառնում են Պունիկյան պատերազմների սանձազերծման պատճառ։ Առաջին Պունիկյան պատերազմը սկսվում է մ․թ․ա․ 264-ին։ Հակամարտության շարժառիթը Մեսինայի ճգնաժամն էր, որն առաջացել էր վերջինիս գահակալի և Հիերոն II-ի հակամարտության արդյունքում։ Մեսինան օգնություն է խնդրում Կարթագենից, իսկ Հռոմը սկսում է պայքարել հարուստ և բարեբեր Սիկիլիայի համար։ Նմանօրինակ աշխարհաքաղաքական պայմաններում էլ սկսվում է կարթագենա-հռոմեական պատերազմը։ Չնայած նրան, որը հռոմեացիները ցամաքային մարտերի հաջող փորձ ունեին՝ կարթագենացիներին ծնկի բերելու համար ստիպված էին հմտորեն հանդես գալ ռազմածովային մարտերով (Կարթագենը տիրապետում էր Միջերկրածովյան ամենահզոր նավատորմերից մեկին)։
Կարթագենն ուներ հզոր նավատորմ և ուժերի նման հարաբերակցությունը շարունակաբար երկարաձգում է պատերազմի ելքը։ Ի վերջո, 20 տարի անց Հռոմը հաղթում է Կարթագենին և ստիպում կնքել խաղաղության պայմանագիր։ Հենց այս պայմանագրի պահանջներն էլ Կարթագենին ստիպում են վերստին անցնել ռազմական գործողությունների և սկսվում է Պունիկյան երկրորդ պատերազմը։ Պունիկյան երկրորդ պատերազմը սանձազերծվում է մ․թ․ա․ 218 թվականին՝ մի կողմից կարթագենացի զորավար Հաննիբալ Բարկայի, մյուս կողմից Սկիպիոն Աֆրիկացու և դաշնակիցների (Մարկոս Մարցելիոս, Կվինտոս Կունկտատոր) միջև։ Հընթացս, արևմուտքում հռոմեական բանակը պատերազմում էր նաև Մակեդոնիայի դեմ։ Պունիկյան երկրորդ պատերազմի բռնկման պատճառը կարթագենական զորքերի ներխուժումն էր Հիսպանիա, որի նկատմամբ իր հետաքրքրություններն ուներ հանրապետական Հռոմը։ Հաննիբալի բանակը պատերազմի սկզբում հասնում է շեշտակի հաջողությունների՝ կտրուկ առաջխաղալով դեպի Իտալիայի խորքերը։ Միևնույն ժամանակ, սակայն, հռոմեացի զորավար Սկիպիոն Աֆրիկացին ջախջախում է Հիսպանիայում կենտրոնացած կարթագենյան ուժերը և վճռական մարտերում ետ մղում Հռոմ սլացող Հանիբալին։ Բարկան ետ է կանչվում Աֆրիկա և մ․թ․ա․ 202 թվականի Զամայի ճակատամարտում վերջնականապես պարտություն կրում։ Մ․թ․ա․ 201 թվականին կնքվում է հաշտություն, որով Կարթագենը հրաժարվում է իր իսպանական տիրույթներից, զրկվում Աֆրիկայում պատերազմ վարելու և նավատորմ պահելու իրավունքներիից, ինչպես նաև վճարում չափազանց մեծ ռազմատուգանք։ Կարթագենի կապիտուլյացիայից հետո Հաննիբալը զորակցում է Բյութանիայի արքա Պրուսիոս I-ին՝ Հռոմի դաշնակից Եվմենոս II-ի դեմ մարտերում, որի ընթացքում էլ գերությունից խուսափելու համար ինքնասպան է լինում։ Առաջիկա կես դարում աֆրիկյան սպառնալիքը Հռոմեական հանրապետություն համար փաստացիորեն վերանում է։ Այդ ընթացքում հռոմեացիները կարողանում են ամրապնդել իրենց դիրքերը Հունաստանում և ճնշել Հիսպանիայում մոլեգնող ապստամբությունները։
«Տեսարան Զամայի ճակատամարտից»։ Կտավի հեղինակ՝ ֆրանսիացի նկարիչ Անրի-Պոլ Մոտ։
|
Զամայի ճակատամարտը (տեղի է ունեցել մ․թ․ա․ 202 թվականին Թունիսի տարածքում) հանդիսանում է Հաննիբալի առաջին ռազմական առճակատումը, որն ավարտվել է կարթագենական ուժերի պարտությամբ։ Մարտի սկզբում աֆրիկացիներն ընդհուպ մինչև թվային գերազանցություն ունեին հռոմեական լեգեոներների նկատմամբ։ Հաննիբալի բանակի գլխավոր հարվածային ուժը առաջնագծում կենտրոնացած թվով 80 մարտական փղերն էին, որոնք, ըստ զորավարի պլանի, պետք է ոտնակոխ անեին հռոմեացիների փաղանգը։ Սակայն դեպքերի սխալ ընթացքի պատճառով ամեն ինչ զարգանում է հօգուտ հռոմեացիների։ Սկիպիոն Աֆրիկացու գլխավորած բանակին հաջողվում է մարտական փղերն ուղղել կարթագենացիների դեմ, այնուհետև՝ Սիցիլիայից ժամանած ռազմական համալրման շնորհիվ փայլուն հաղթանակ տանել Հաննիբալի ուժերի նկատմամբ։ |
Մ․թ․ա․ 151 թվականին Նումիդիայի թագավորության բանակն ասպատակում է Կարթագենի սահմանները, իսկ տեղի ավագանին զավթիչներին դիմակայելու նպատակով դիմում է Հռոմի սենատին։ Հռոմեական բանագնացների պատվիրակությունը՝ հռետոր Մարկոս Պորկիոս Ավագի գլխավորությամբ, մեկնում է Կարթագեն։ Պորկիոս Ավագը Կարթագենը դիտարկում էր որպես Հռոմի գլխավոր առևտրական մրցակից և տագնապում էր, որ այդօրինակ պայմաններում աֆրիկյան երկիրը կարող էր վերստին խարխլել հանրապետության դիրքերը ռեգիոնում, ուստի, վերջինս հրապարակայնորեն արտաբերում է հետևյալը․ «Ceterum censeo Carthaginem esse delendam» ( «․․․Ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»)։ Ավելին, մ․թ․ա․ 149 թվականին Հռոմը պատերազմ է հայտարարում Կարթագենին և սկսում Պունիկյան երրորդ պատերազմը։ Առաջին գրոհի ժամանակ ողջ Կարթագենի բնակչությունը միասնաբար կարողանում է կասեցնել ինտերվիստների առաջխաղացումը, սակայն, երկրորդ անգամ դա անել կարթագենացիներին չի հաջողվում։ Սկիպիոն Էմիլիանոսի բանակը հողին է հավասարեցնում քաղաքն ու նրա դարպասները, ստրկացնում և սրի մատնում տեղի բնակչությանը։ Կարթագենի օկուպացիայից հետո հռոմեացիները նվաճյալ տարածքի մի մասը տալիս են Նումիդիային և մնացյալ հատվածում ստեղծում իրենց Աֆրիկա պրովինցիան։ Շարունակական պատերազմների արդյունքում Հռոմեական հանրապետությունը ազդեցիկ դիրք է ձեռք բերում տարածաշրջանում։
Հանրապետության մայրամուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջերին Հռոմեական հանրապետությունն իր առաջ խնդիր էր դրել ընդլայնելու իր ազդեցության շրջանակը և անձնապես հավակնություններ ուներ Հունաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Մակեդոնական տերության երբեմնի հզորությունը վերականգնելու նպատակամղմամբ էր գործում նաև արքա Փիլիպոս V-ը, որը ռազմական ճանապարհով ցանկանում էր գերագահություն ձեռք բերել Հունաստանի պոլիսների նկատմամբ։ Մ․թ․ա․ 200 թվականին պաշտոնական Հռոմը ուլտիմատում է ներկայացնում Մակեդոնիային․ նույն տարում հռոմեական կայազորները ափ են դուրս գալիս մայրցամաքային Հունաստանում։ Մ․թ․ա․ 197 թվականին հռոմեական և մակեդոնական զորքերի միջև տեղի է ունենում Կինոսկեֆալեի վճռական ճակատամարտը, որտեղ Փիլիպոս V-ը ջախջախիչ պարտություն է կրում։ Այս իրողությամբ ավարտվում է Մակեդոնական երկրորդ պատերազմը, որին հաջորդում է կողմերի միջև հաշտության պայմանագրի կնքումը։ Պայմանագրով Մակեդոնիան հիմնովի կազմալուծվում էր՝ դառնալով շարքային պետական միավոր, իսկ Հռոմն իր ազդեցությունը շեշտակի կերպով մեծացնում էր Պելոպոնեսում։
Հռոմի նվաճողական քաղաքականությունն արգելակող գործոններից էր նաև ժամանակին հելլենիստական գերտերություն համարվող Սելևկյան պետության վերազարթոնքը։ Մ․թ․ա․ 223 թվականին այդ երկրի գահն անցնում է Անտիոքոս III-ին, որի նվաճողական արշավանքների արդյունքում վերականգնվում է տերության երբեմնի փառքը։ Հռոմի և Սելևկյան կայսրության միջև հարաբերությունները սրվում են այն ժամանակ, երբ Անտիոքոս Մեծը թագավորանիստ Անտիոքում քաղաքական ապաստան է տրամադրում հռոմեացիների երդվյալ թշնամի Հաննիբալ Բարկային։ Այս դեպքից շատ չանցած Սելևկյան տերության հովանավորչությամբ հունական մի շարք պոլիսներ սկսում են հանդես գալ հակահռոմեական որկոչներով։ Արդյունքում՝ հանրապետության դաշնակիցներ Պերգամոնն ու Հռոդոսը պատերազմ են հայտարարում Անտիոքոս Մեծի տերությանը․ հռոմեական կայազորները դաշնակից պոլիսներին զինակցելու մտայնությամբ ներխուժում են Պելոպոնեսյան թերակղզի։ Հռոմեա-սելևկյան պատերազմի ելքը վիճակվում է մ․թ․ա․ 190 թվականին, երբ Մագնեսիայի ճակատամարտում (Լիդիայի տարածքում) Անտիոքոսի բանակը ջլատվում է հակառակորդի կողմից։ Հաջորդիվ հռոմեական բանակը հաջող մարտեր է մղում նաև մայրցամաքային Հունաստանում՝ հիմնովին կործանելով Մակեդոնիան։
Հանրապետական կարգի ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա․ 1-ին դարի սկզբներին Հռոմում ի հայտ է գալիս պետական կարգի ճգնաժամ, որը պայմանավորված էր շարունակական նվաճումներով։ Դրան նպաստում էր նաև բնակչության ընդվզումներն ու խռովությունները, որոնք խարխլում էին հանրապետության ներքին կայունությունը։ Այս շրջանում քաղաքացիական պատերազմներ են ընթանում ժողովրդավարակական ուժերի (պոպուլյարների) և օպտիմատների (պահպանողական ավագանի) միջև։ Ներքաղաքական ճգնաժամի գլխավորագույն պատճառը իրենց հավակնոտությամբ աչքի ընկնող երկու ազդեցիկ անձանց՝ Գայոս Մարիոսի և Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի ներանձնային հակամարտությունն էր՝ «իշխանության անհագ ծարավը»։ Գայոս Մարիոսը դեռևս մ․թ․ա․ 115 թվականին ընտրվել էր հռոմեական Իսպանիա պրովինցիայի պրետոր և մեծ հայտնիություն ձեռք բերելով՝ մ․թ․ա․ 107 թվականին հաջողել դառնալ կոնսուլ։ Շուտով հենց նա էլ ղեկավարում է հռոմեացիների պատերազմն ընդդեմ Նումիդիայի թագավորության։ Հռոմեա-նումիդիական առճակատումները հայտնի են դառնում Յուգուրթական պատերազմ անվանումով, որոնք ընթանում են փոփոխական հաջողություններով։ Ի վերջո, Գայոս Մարիոսի դավադրության արդյունքում հռոմեացիները առավելության են հասնում թշնամու նկատմամբ և գերեվարում հակառակորդի արքա Յուգուրթային։
Հռոմում հաղթական շքահանդեսին շղթայված տարվելուց հետո վերջինս մահապատժի է ենթարկվում․ այս հաղթանակն էլ ավելի է բարձրացնում Մարիոսի հեղինակությունը Հռոմում։ Գիտակցելով բանակի որակական հետընթացը՝ Գայոս Մարիոսն իրականացնում է ռազմական բարեփոխումներ․ հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից վերածվում է պրոֆեսիոնալ (մասնագիտացված) բանակի, որի համար առանցքային դեր ունեին վարձկանները։ Մ․թ․ա․ 90-88 թվականներին տեղի է ունենում վարչակարգի դեմ իտալիկների ամենավճռական ապստամբությունը (Դաշնակցային պատերազմ)։ Իշխանական օղակը մի քանի պարտություններից հետո, մ․թ․ա․ 90 թվականին ստիպված է լինում օրենք հրատարակել՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը (վերջիններս Հռոմում ստանում են քաղաքացիություն ունենալու անօտարելի իրավունք)։ Հընթացս, Հռոմեական հանրապետության արևելքում հզորանում են Պոնտոսը և Մեծ Հայքի թագավորությունը։ Մ․թ․ա․ 93 թվականին Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը և Մեծ Հայքի թագավոր Տիգրան Բ Մեծը կնքում են հայ-պոնտական դաշնագիրը, որը ակնհայտորեն հակոտնյա էր հանրապետական Հռոմի արևելյան քաղաքականությանն ու աշխարհաքաղաքական շահերին։ Այսպիսով, Կապադովկիան նվաճած հայ-պոնտական զորքերի դեմ պատերազմելու իրավասությունը՝ ժողովրդական ժողովի որոշմամբ հանձնվում է Գայոս Մարիոսին։ Այդ որոշումից դժգոհ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան մ․թ․ա․ 88 թվականին իր զորքերով պաշարում է Հռոմը և իրեն հռչակում կոնսուլ։ Վերջինս իր իշխանավարումը սկսում է սեփական քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելով, ապա նաև օրինագծեր սահմանում հօգուտ օպտիմատների։ Մ․թ․ա․ 86 թվականին Սուլլայի գլխավորած հռոմեական լեգեոնները ժամանում են Արևելք և մեկ տարի հետո՝ Հունաստան ներթափանցած Միհրդատ Եվպատորի պարտությունից հետո, կնքվում է Դարդանոսյան պայմանագիրը․ վերականգնվում է տարածաշրջանի նախկին ստատուս քվոն։ Օգտվելով Սուլլայի բացակայության իրողությունից՝ պոպուլյարները վերստին տապալում են վերջինիս իշխանությունը, իսկ ընդունած օրենքները՝ չեղարկում։ Մ․թ․ա․ 82 թվականին Կոռնելիուս Սուլլան վերադառնում է Պոնտոսի և Հայաստանի դեմ մղվող արշավանքներից և վերստին ձեռնամուխ լինում Հռոմի պաշարմանը։ Իշխանության վերականգնումից հետո (այս անգամ նա հռչակվում է հավերժ դիկտատոր), Սուլլան գործարկում է պրոսկրիպցիաների ինստիտուտը (ծերակույտի օլիգարխիայի շահերից բխող և պոպուլյարների դեմ ուղղված օրինագծեր), որը քաղաքական պայքարի և ցմահ կոնսուլի դաժանության վառ արտահայտությունն էր։ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան կառավարում է ցկյանս՝ մինչև մ․թ․ա․ 78 թվականը։ Մահվան նախօրյակին՝ մեկ տարի առաջ, ցմահ կոնսուլը վայր է դնում լիազորությունները՝ քաղաքացիական կյանքում պահպանելով իր լայն ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան Հռոմում հանրապետական կարգերի խոր ճգնաժամի գործնական արտահայտություն էր, որն էլ իր հերթին ոչ հեռավոր ապագայում օբյեկտիվորեն նպաստում է պետական կառավարման նոր ձևերի և հայեցակարգերի մշակմանը։
Առաջին եռապետություն և Կեսարի դիկտատուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա․ 1-ին դարի կեսերին քաղաքական անկայունությունը և ներքին պառակտվածությունը շարունակում էին մնալ Հռոմեական պետականության առանցքային խնդիրները։ Աննախադեպ ծավալների էին հասել պոպուլյարների (վայելում էին ժողովրդի աջակցությունը) և պահպանողական ավագանու (ցանկանում էին վերականգնել օլիգարխիան) հակասությունները։ Հռոմը վերածվել էր անվերջ թվացող սոցիալական խնդիրներով հղի մետրոպոլիսի, որտեղ արիստոկրատիան չարաշահումների արդյունքում ձեռք էր բերել զգալի ունեցվածք, իսկ պլորետարիատը՝ մեծապես կազմված լինելով գյուղացիական դասից, տառապում էր չքավորությունից։ Մ․թ․ա․ 63-ին իշխանությունը զավթելու մտադրությամբ ապստամբություն է բարձրացնում Լուկիոս Սերգիոս Կատիլինան, սակայն ձախողվում է և սպանվում։ Հայտնի մտածող Ցիցերոնն իր ճառերում դատապարտում է Կատիլինայի ազգադավ գործողությունները։
Մ․թ․ա․ 60 թվականին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը գալիս են իշխանությունը կիսելու վերաբերյալ համաձայնության։ Արդյունքում՝ Հռոմեական հանրապետությունում ստեղծվում է առաջին եռապետությունը, որը, ինքնին, բավարարում էր Հռոմի երեք ամենաազդեցիկ անձանց հետաքրքրությունները․ ամենահարուստ մարդը հանդիսացող Կրասոսը փաստացիորեն դառնում էր ավելի հարուստ՝ ձեռք բերելով ռազմական բարձր ձիրք, Պոմպեոսն ավելի մեծ ազդեցություն էր ձեռք բերում սենատում, իսկ Կեսարը ստանում էր Գալլիայի զինվորական հրամանատարության իրավունքը։ Մ․թ․ա․ 55 թվականին եռապետության անդամներն ընտրվում են կոնսուլներ․ Կեսարը ժառանգում է Գալլիան (ներկայիս Ֆրանսիան), Պոմպեոսը՝ Իսպանիան, իսկ Կրասոսը՝ Սիրիան։ Սակայն ի սկզբանե դաշինքի գործունեությունը մատնված էր անհաջողության։ Նախ, մ․թ․ա․ 54 թվականին Պոմպեոսի որդուն ծննդաբերելիս մահանում է Կեսարի դուստրը, այնուհետև Խառանի ճակատամարտում (Կրասոսի արևելյան արշավանքի շրջանակներում՝ ընդդեմ Պարթևստանի), սպանվում է տրիումվիր Մարկոս Կրասոսը։ Կրասոսի կոկորդի մեջ պարթևները հալեցված ոսկի են լցնում, իսկ սպանված զորավարի գլուխը բերվում է Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատ՝ նետվելով Արտավազդ Բ Աստվածային և Որոդես Պարթև արքաների առջև։ Քաղաքական իրադրության կայունացման շուրջ սենատի պատկերացումների հիմքում ընկած էր մեկ անձի դիկտատուրայի հաստատման գաղափարը, իսկ այդ ընտրյալը, մեծամասնության որոշմամբ, Գնեոս Պոմպեոսն էր։
«Վերցինգետորիքսը վայր է դնում իր զենքերը Հուլիոս Կեսարի ոտքերի առաջ»։ Կտավի հեղինակ՝ Լիոնել Ռոյեր։
|
Հռոմում ծագած քաղաքական թոհուբոհի ֆոնին դեռևս մ․թ․ա․ 58 թվականին Հռոմի եռապետ Հուլիոս Կեսարն իր լեգեոններով ներխուժել էր Գալլիա։ Այստեղ հռոմեական բանակի առաքելությունը տեղական ցեղերի բարձրացրած ապաստամբական ընդվզումների ճնշումն ու Գալլիայի հպատակեցումն էր։ Արվերների կելտական ցեղի առաջնորդ Վերցինգետորիքսին հաջողվել էր միավորել կենտրոնական Գալլիայի ցեղերին և ցեղախմբերին՝ ոտքի հանելով վերջիններիս ընդդեմ հռոմեական բռնատիրության։ Մշտապես բախվելով գալլերի մեծաքանակ ուժերի հետ, Հուլիոս Կեսարը հաճախ դիմում էր խորամանկությունների ու հնարքների, օգտագործում բարդ ինժեներական կառույցներ, իսկ պատերազմի ամենաթեժ պահին ՝ Ալեզիայի ճակատամարտի ժամանակ, հռոմեական լեգեոններին հաջողվում է միաժամանակ ջախջախել քաղաքը պաշտպանող գալլերի ու նրանց օգնության եկած ուժերին։ Պատերազմի արդյունքում՝ մ․թ․ա․ 50 թվականին, Հռոմեական հանրապետությանը կցվում է 500 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ |
Մ․թ․ա․ 49 թվականին Գալլիական պատերազմում հաղթանակած Հուլիոս Կեսարի լեգեոններն անցնում են Ռուբիկոնը ըստ ավանդության՝ գետն անցնելուց առաջ Կեսարն ասել է՝ «Վիճակը նետված է», որ մեջբերում է Մենանդրոսի կատակերգությունից) և իր ազդեցությունը տարածում Ադրիատիկ ծովի ավազանում։ Դիկտատոր հռչակված Գնեոս Պոմպեոսը ստիպված է լինում իր կողմնակիցների հետ փախչել Հունաստան՝ փորձելով ստանալ արևելյան պրովինցիաների օժանդակությունը։ Կեսար-Պոմպեոս հակամարտության ընթացքում Իտալիայի բնակչությունը գլխավորապես աջակցում էր Հուլիոսին՝ նրան տեսնելով որպես Գայոս Մարիոսի գործի շարունակող։
Մինչդեռ Պոմպեոսը իրեն թշնամի է հայտարարել բոլոր նրանց, ովքեր չեն կանգնի ի պաշտպանություն հանրապետության, Կեսարը հայտարարել է, թե ինքը կհամարի իր ընկերներ բոլոր նրանց, որոնք ձեռնպահ կմնան ու չեն անցնի ոչ մեկի կողմը։ - Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս, «Տասներկու Կեսարների կյանքը», գիրք «Աստվածային Հուլիոս»
|
Ֆարսալոսի ճակատամարտի ելքը փաստացիորեն դարակազմիկ նշանակություն է ունենում Հռոմի համար․ Կեսարի լեգեոնները ջախջախիչ հաղթանակ են տանում հանրապետական մեծաթիվ զորքերի նկատմամբ, իսկ ինքը՝ Պոմպեոսը, փախչում է Ալեքսանդրիա։ Եգիպտոսում իշխող Պտղոմեոս XIII-ը, որը Տիգրան Մեծի զորակցությամբ հաստատվել էր եգիպտական գահին, Կեսարի խնդրանքով կազմակերպում է Պոմպեոսի սպանությունը։
Հուլիոս Կեսարը կառավարում է մինչև մ․թ․ա․ 44 թվականը։ Վերջինս Մ.թ.ա. 58 թվականից հետո ավելի քան ութ տարի անցկացնում է ներկայիս Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի տարածքներում (մղելով Գալլիական պատերազմը)` Հռոմեական տիրակալությանը միացնելով հսկայական տարածքներ՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Հռենոս։ Կեսարն իր կենդանության օրոք արժանանում է մեծ փառքի՝ որպես տաղանդավոր զորավար։ Սակայն, Կեսարի միահեծան իշխանավարումից դժգոհ հանրապետական սենատը՝ Մարկոս Բրուտոսի (Հուլիոսի ամենամտերիմ անձանցից մեկը) գլխավորությամբ, մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին կազմակերպում է վերջինիս սպանությունը։ Կեսարի մահվանից հետո հանրապետական կարգերը Հռոմում առժամանակ վերականգնվում են։
Երկրորդ եռապետություն և հանրապետության անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեսարի սպանությունը իրարանցում է առաջացնում հանրության շրջանում։ Վերջինիս մահվանից հետո Հռոմի դիկտատորի լիազորությունները ժամանակավորապես անցնում է Մարկոս Անտոնիոսին։ Իշխանական ձգտումներ ունեին նաև Կեսարի որդեգիր Գայոս Օկտավիանոսը և մեծ պոնտիֆեքս Մարկոս Լեպիդոսը։ Մ․թ․ա․ 43 թվականին սենատի դեմ պայքարելու և Հուլիոսի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու շարժառիթով ստեղծվում է հռոմեական երկրորդ եռապետությունը, որը գոյատևում է ընդամենը հինգ տարի։ Ղեկավարման անձնելուն պես, եռապետները հաշվեհարդար են տեսնում իրենց նախկին քաղաքական հակառակորդների նկատմամբ․ այս գործընթացի արդյունքում մահապատժի դատավճիռ է կայացվում 130-300 սենատորների նկատմամբ, ապա բռնագրավվում նրանց ունեցվածքը՝ լիբերատորների հետ ունեցած կապերի և առնչակցությունների մեղադրանքով։
Հուլիոս Կեսար (մ․թ․ա․ 100-մ․թ․ա․ 44)
Հուլիոս Կեսար՝ հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր, ինչպես նաև Հռոմի նշանավոր դիկտատոր։ Մ.թ.ա. 81-78 թվականներին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63 թվականին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61 թվականին նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Նրան է պատկանում Գալլական պատերազմերի հաղթանակի պատիվը։ |
Մարկոս Անտոնիոս (մ․թ․ա․ 82-մ․թ․ա․ 20)
Մարկոս Անտոնիոսը հանրապետական Հռոմի մեծագույն զորավարներից էր, ինչպես նաև Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Արևելյան արշավանքների շրջանակներում առճակատվել է Պարթևստանի, Ատրպատականի և Մեծ Հայքի թագավորության (մասնավորապես՝ Արտավազդ Բ Աստվածային արքայի) հետ։ |
Մարկոս Լեպիդոս (մ․թ․ա․ 82-մ․թ․ա․ 20)
Մարկոս Լեպիդոսը Հռոմի ազդեցիկ քաղաքական գործիչներից էր։ Մ.թ.ա. 49 թվականին, լինելով պրետոր, օժանդակել է Հուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն։ Կեսարի մահից հետո՝ մինչև կյանքի վերջը եղել է մեծ պոնտիֆեքս։ Մ.թ.ա. 36 թվականին, երբ Լեպիդոսը փորձել է իր կողմը գրավել Գայոս Հուլիոս Օկտավիանոսի լեգեոնները, վերջինս նրան զրկել է եռապետի լիազորություններից։ Փաստացիորեն, Լեպիդոսը երկրորդ եռապետության ամենակամազուրկ գործիչն էր։ |
Այնուամենայնիվ, Հուլիոս Կեսարի սպանդի հեղինակները դեռևս իշխանության զավթման մասին մտայնություններ ունեին․ Գնեոս Պոմպեոսի որդու գլխավորած լեգեոնները զբաղեցնում են Սարդինիան, Սիցիլիան և Կորսիկան՝ փորձելով արգելափակել Իտալիայի նավահանգիստները։ Հընթացս, Գայոս Կասիոսը և Մարկոս Բրուտոսը մեծաթիվ զորք են հավաքում և բանակում Հունաստանում։ Մ․թ․ա․ 42 թվականի հոկտեմբերին Մակեդոնիայում՝ Ֆիլիպպիի դաշտում, մեծաթիվ կորուստների հաշվին հաղթանակում են եռապետները։ Լիբերատորների զորքերը կազմաքանդ են լինում, Կեսարին սպանող Բրուտոսը կնքում է իր մահկանացուն, իսկ հանրապետությունը բաժանվում է եռապետների միջև։ Արդյունքում՝ Մարկոս Անտոնիոսին բաժին էր հասնում Հռոմի արևելյան պրովինցիաները (Արևելյան Միջերկրականը), Գայոս Հուլիոս Օկտավիանոսին՝ Իսպանիան, Բալկանյան թերակղզում՝ Իլլիրիան և Գալլիան, Լեպիդոսին՝ Աֆրիկան։
Ժամանակի ընթացքում Գայոս Օկտավիանոսի և Անտոնիոսի արդեն իսկ գրգռված հարաբերություններն էլ ավելի են վատանում։ Մ․թ․ա․ 36 թվականին կառավարման ասպարեզից դուրս է մղվում Մարկոս Լեպիդոսը՝ Սիցիլիայում ձերբակալվելով Օկտավիանոսի կարգադրությամբ։ Ինչ վերաբերվում է Մարկոս Անտոնիոսին, որն առանց սենատի համաձայնությունը ստանալու արշավել էր Արևելք, վերջինս որոշ ռազմական հաջողություններից հետո հաստատվել էր Ալեքսանդրիայում՝ իր սիրեկանի՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի արքունիքում։ Արևելյան արշավանքի շրջանակներում Անտոնիոսը հաջողել էր ապօրինաբար ձերբակալել Մեծ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ-ին և նրան իր հետ տանել Ալեքսանդրիա՝ արքայական հաղթահանդեսի (այդ միջոցառումն անցկացնելու բացառիկ իրավասությունը սովորույթի ուժով տրված էր Հռոմեական հանրապետությանը)։ Եռապետի այս քայլը խիստ քննադատության է արժանանում նաև հռոմեացիների կողմից։ Դիոն Կասիոսը գրել է․ «Անտոնիոսն Արտավազդին խաբելով, ձերբակալելով, շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։ Ինքնին, Մարկոս Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները Հռոմում ևս դիտարկվում էր դավաճանություն։ Իրավիճակը ծայրաստիճան սրվում է այն ժամանակ, երբ Անտոնիոսը Կլեոպատրային է փոխանցում «թագավորների թագուհի» բարձրագույն տիտղոսը․ Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև ռազմական բախումը դառնում է անկասելի։ Վերջիններիս առճակատումը տեղի է ունենում մ․թ․ա․ 31 թվականի սեպտեմբերի 2-ին արևմտյան Հունաստանի ափերի մոտ՝ Հոնիական ծովում։ Ակտիումի ծովային ճակատամարտն ավարտվում է Օկտավիանոսի նավատորմի փայլուն հաղթանակով, որին ականատես եղած Անտոնիոսի ցամաքային լեգեոնները հրաժարվում են կռվել՝ անցնելով հակառակորդի կողմը։ Մարտադաշտից մազապուրծ եղած Մարկոս Անտոնիոսը ստիպված է լինում ապաստանել Պտղոմեոսյան Եգիպտոսում։ Գայոս Հուլիոս Օկտավիանոսի ղեկավարած մեծաթիվ ուժերը նավատրկում են դեպի Կարմիր ծով և ափ իջնում Ալեքսանդրիայում։ Գերության վտանգից ազատվելու համար, Անտոնիոսն ու Կլեոպատրան ինքնասպան են լինում։ Եգիպտոսը նվաճվում է հռոմեական լեգեոնների կողմից և վերածվում պրովինցիայի։ Այս իրադարձությամբ Հռոմում ավարտվում են քաղաքացիական երկարատև, հյուծիչ պատերազմները և սկսվում է հռոմեական պետականության պատմության մի նոր պարբերափուլ։
Կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի կայսերական արքայատոհմեր | |||
Հուլիոս-Կլավդիոսներ | |||
Ժամանակագրություն | |||
Օկտավիանոս | Մ․թ․ա․ 27 – 14 | ||
Տիբերիոս | 14–37 | ||
Կալիգուլա | 37–41 | ||
Կլավդիոս | 41–54 | ||
Ներոն | 54–68 | ||
Ընտանիք | |||
Հուլիոսներ Կլավդիոսներ Հուլիոս-Կլավդիոսների հարստություն (կատեգորիա) Տե՛ս նաև հարստության տոհմածառը | |||
Զարգացում | |||
Նախորդիվ՝ Հռոմեական հանրապետություն |
Հաջորդիվ՝ Չորս կայսրերի տարի |
Մ․թ․ա․ 27 թվականին՝ ընդամենը 36 տարեկան հասակում, Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոսը[Ն 1] դառնում է Հռոմեական ընդարձակ տիրակալության միակ օրինական գահակալը։ Նույն տարում վերջինս իրեն հռչակում է «Օգոստոս»[Ն 2]։ Ընդունված է այս իրադարձությունը համարել, որպես Հռոմի կայսերական ժամանակաշրջանի սկիզբ, մինչդեռ Հռոմը «կայսերական» պետություն էր դեռևս շատ ավելի վաղ՝ մ․թ․ա․ 146 թվականից (Սկիպիոն Աֆրիկացու կողմից Կարթագենի հպատակեցում)։ Ըստ կառավարման ձևի՝ Հռոմը շարունակում էր մնալ հանրապետական, միևնույն ժամանակ Օգոստոս Օկտավիանոսը ստանում էր բացարձակ լիազորություններ։ Մ․թ․ա․ 27-ից մինչև մ․թ․ա․ 180 թվականն ընդունված է անվանել «Pax Romana»-ի («հռոմեական խաղաղության») ժամանակաշրջան։
Օկտավիանոսի պրինցիպատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոս Օկտավիանոսից սկիզբ է առնում Հռոմի կայսերական առաջին շառավիղը՝ Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը։ Օգոստոսը դառնում է սենատի ծերակուտականներից «ամենաբարձրը» և կայսրության միահեծան ղեկավարը՝ պրինցեպսը, հետևաբար Հռում ձևավորված միապետության յուրահատուկ ձևը կոչվում է պրինցիպատ։ Ավելի ուշ Օկտավիանոսը ստանում է նաև «իմպերատոր» և «աստվածայինի որդի» տիտղոսները։ Նշյալ տիտղոսներից վերջինի ընդունմամբ, Օկտավիանոսը ցույց էր տալիս իր անմիջական կապը «աստվածային» Հուլիոս Կեսարի հետ՝ այդկերպ ապահովելով իր՝ հռոմեական հաղթական ավանդույթների հետ հաղորդակից լինելը։ Նա աստիճանաբար թուլացնում է սենատորական դասի ազդեցությունը քաղաքականության վրա։ Արդյունքում՝ սենատորները զրկվում են որոշ պրովինցիաների (օրինակ՝ Եգիպտոսի) ղեկավարման իրավունքից, քանի որ այդօրինակ վարչատարածքային միավորների կառավարիչները առաջադրվում էին կայսեր կողմից և հաշվետու էին կայսեր առաջ։ Դառնալով ցմահ տրիբուն՝ նա իրավասու էր նաև վետո (արգելք) դնել սենատի, կոմիցիաների և մագիստրատուրաների որոշումների վրա։ Մ․թ․ա․ 19 թվականին ինքնահռչակվում է որպես ցմահ կոնսուլ՝ Հռոմում երբևէ գոյություն ունեցած իշխանական պաշտոններից բարձրագույնը։ Իրականացնում է ռազմական էական բարեփոխումներ։ Նրա օրոք կազմակերպվում է 28 լեգեոններից կազմված հռոմեական կանոնավոր բանակը։
Ի տարբերություն եռապետական շրջանի՝ Օկտավիանոսի պաշտոնավարումն անցնում է բավականին խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Խաղաղությունն ու հարստությունը (Եգիպտոսի թալանի արդյունքում) ստիպում է ժողովրդին և մյուս ազնվականներին սատարել Օգոստոսի պրինցիպատին։ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի, Գերմանիկոսի և այլ ցենտուրիոնների մարտունակության ու փորձառության շնորհիվ Հռոմեական կայսրությանն է միացվում Կանտաբրիան, Աքվիտանիան, Ռեցիան, Իլլիրիան և Պանոնիան։
Օգոստոս Օկտավիանոս կայսեր իշխանության օրոք զարթոնք է ապրում հռոմեական գրականությունը։ Ընդունված է այս ժամանակամիջոցը համարել որպես լատինական գրականության ոսկեդար։ Հենց այս շրջանում են ստեղծագործել Վերգիլիոսը, Հորացիոսը, Պուբլիուս Օվիդիուս Նասոն և այլք, որոնք նաև անձնային, ընկերական սերտ հարաբերություններ են ունեցել կայսեր հետ։ Պատմագրականագիտական մեծ արժեք է իրենից ներկայացնում Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմը, որը ներկայացնում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Օկտավիանոս կայսրը շարունակում է Հուլիոս Կեսարի օրոք ստեղծված օրացույցի լրամշակումը՝ իր պատվին անվանակոչելով ամռան վերջին ամիսը։ Օգոստոս Օկտավիանոսը մահանում է 14 թվականին՝ իր հաջորդներին թողնելով հզոր, բարգավաճ և հարուստ պետություն, ինչպես նաև մարտունակ բանակ։
Կայսրությունը Հուլիոս-Կլավդիոսների հարստության օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոս կայսեր մահվանից հետո Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը շարունկաում է իրավահաջորդության կարգով իշխել Հռոմում։ Օկտավիանոսին հաջորդում է նրա որդեգիր Տիբերիոսը, որը ժառանգում է իր նախորդի տիտղոսաշարը՝ պաշտպանելով պրինցիպատի վարչակարգը։ Նրա կառավարման սկզբնական տարիներին՝ 17 թվականին, Կապադովկիայի վասալական թագավորությունը դառնում է հռոմեական պրովինցիա։ Տիբերիոսն իր իշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար հալածանքների քաղաքականություն էր վարում, որին զոհ են գնում բազմաթիվ սենատորներ և անգամ կայսեր բարեկամներն ու ընտանիքի անդամները։ Սովորական երևույթ էին դարձել պետական դավաճանության մեղադրանքով դատավարությունները, որոնց արդյունքում շատերը դատապարտվում էին մահապատժի կամ աքսորի։ Տիբերիոսը մեղադրվում է նաև ականավոր զորավար Գերմանիկոսի սպանությունը կազմակերպելու մեջ։ 37 թվականին մահանում է (միգուցե սպանվում է) Տիբերիոսը, իսկ կայսերական գահը ժառանգում է նրա ազգակից Կալիգուլան՝ Գերմանիկոսի որդին։ Վեց ամսվա ազնիվ և լավ գահակալական շրջանից հետո բոլոր աղբյուրները նշում են Կալիգուլայի դաժանության, սադիզմի, անմտության և սեռական կամակորությունների մասին՝ ներկայացնելով նրան որպես խելագար բռնապետ։
Ըստ Սվետոնիոսի՝ վերջինս բռնաբարում էր իր քույրերին, սպանում մարդկանց՝ զվարճանալու համար։ Նույն պատմիչը նաև հավաստում է, որ խելագար միապետը իր սիրելի ձիուն՝ Ինկիտատոսին, նշանակել էր սենատոր։ 41 թվականի հունվարի 24-ին սպանվում է պրետորական գվարդիայի կողմից։ Նույն օրը կայսր է հռչակվում Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսը։ Թերևս, Կլավդիոսի համար մեկ ձեռքբերումը համարվում է այն, որ իր կառավարման օրոք նվաճվում է Բրիտանիան՝ տարածք, որը Հռոմին միացնել չէր հաջողվել նույնիսկ Հուլիոս Կեսարին։ Բրիտանիայից բացի, Կլավդիոսի օրոք պրովինցիայի կարգավիճակ են ստանում նաև Մավրետանիան, Լիկիան և Թրակիան։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվում են նաև գալիացիներ։ Կիսատ թողնելով ներքաղաքական բարեփոխումները՝ 54 թվականի հոկտեմբերի 13-ին մահանում է՝ խնջույթի ժամանակ թունավորվելով իր չորրորդ կնոջ կողմից։ Կտակի ուժով Կլավդիոսի մահից հետո կայսերական գահը ժառանգում է Ագրիպինա Կրտսերի որդին՝ Ներոնը։
Ներոն կայսեր իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց Մեծ Հայքի թագավորությունում տապալվում է իբերիացի արքայազն Հռադամիզդի իշխանությունը, որի տեղը գրավում է պարթևների արքայի եղբայր Տրդատ Արշակունին։ Ներոնի հրամանով արևելք է ուղարկվում Կորբուլոն զորավարը․ կողմերի միջև սանձազերծվում է բաց պատերազմ, որտեղ հաջողությունը երբեմն հռոմեացիների, երբեմն էլ պարթևների ձեռքում էր։ Հայաստանի ժառանգության համար մղվող պատերազմն ավարտվում է հաշտության պայմանագրով՝ Հռանդեայի դաշտում հայերի վճռական, հռոմեացիների համար՝ ամոթալի հաղթանակից հետո։ Տրդատ Ա Արշակունին հռչակվում է Մեծ Հայքի միապետ՝ թագադրվելով Ներոն կայսեր կողմից։ 60-61 թվականներին հակահռոմեական հուժկու ապստամբություն է բարձրացվում արևելյան Անգլիայում՝ բրիտանական կելտերի թագուհի Բոուդիկայի գլխավորությամբ։ Գայոս Պաուլինիոսի գլխավորած հռոմեական լեգեոնները մեծ դժվարությամբ կարողանում են հաղթանակ տոնել՝ պաշարելով Լոնդոնիումը։ Ներոն կայսրը հատկապես աչքի էր ընկնում իր քրիստոնեահալած կեցվածքով․ նրա կառավարման տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ հալածանքների ենթարկվելով լքել են երկիրը։ 64 թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը Հռոմում բռնկվել է հին աշխարհի ամենաուժգին հրդեհներից մեկը, որը Սվետոնիոսի և Դիոն Կասիոսի հավաստմամբ՝ կազմակերպվել էր հենց Ներոնի կողմից։ 59 թվականին վերջինս հրամայում է սպանել սեփական մորը, իսկ 62-ին՝ նաև կնոջը։ Չնայած իր երեք ամուսնություններին, կայսրը մշտապես տարվում էր արտամուսնական կապերով՝ հարաբերվելով ինչպես կանանց (որոշների խոսքերով՝ նույնիսկ սեփական մոր), այնպես էլ տղամարդկանց հետ։ Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է լինում՝ կտրելով իր կոկորդը։ Այդ որոշումը տեղի է ունենում Վինդեքսի և Գալբայի ապստամբությունների ֆոնին։ Հուլիոս-Կլավդիոսների ժառանգական շառավիզն ընդհատվում է։
Կայսրությունը Փլավիոսների հարստության օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս կայսրերի տարի
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս կայսրերի տարի | |||
---|---|---|---|
Հռոմի կայսերական արքայատոհմեր | |||
Ժամանակագրություն | |||
Ժառանգականություն | |||
|
|||
Ներոնի մահվանից հետո Հռոմում առաջանում է ավանդական հանրապետական կառավարման ձևի վերականգնման մտայնությունը, որը սակայն պսակվում է անհաջողությամբ։ Սկսվում է անորոշության ժամանակաշրջան, մինչև 69 թվականին կայսերական գահն անցնում է Հիսպանիայի ապստամբության ղեկավար Գալբային։ Վերջինս, սակայն, կարճատև կառավարումից հետո դառնում է դավադրության զոհ։ Հաջորդիվ գահն անցնում է դավադրության կազմակերպիչ Օտոնին, որը 69 թվականի ապրիլի 14-ին Բետրիակի ճակատամարտում պարտություն կրելով՝ Վիտելլիոսի բանակի կողմից, ինքնասպան է լինում։ Արդյունքում՝ 69 թվականի ապրիլի 14-ին կայսերական գահն անցնում է Վիտելլիոսին, որն իր կառավարման կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկել իր սաստիկ դաժանությամբ և ընչաքաղցությամբ։ Վեիտելլիոսն արժանանում է միևնույն ճակատագրին, ինչ որ Օտոնը։ Վերջինիս իշխանությունը ևս ոչ լեգիտիմ էր Հռոմեական կայսրությունում, որն էլ լավ առիթ էր գահի հավակնորդ Վեսպասիանոս Տիտոս Փլավիոսի համար։ Նույն տարում Ալեքսանդրիայում Վեսպասիանոսն իրեն հռչակում է Հռոմի կայսր։ Նրան զորակցում և օժանդակում էին Ասորիքի, Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում այն և սպանում գործող կայսր Վիտելիոսին։ Այսպիսով՝ չորս կայսրերի տարին (Annus quattuor imperatorum) ավարտվում է Վեսպասիանոս կայսեր թագադրմամբ։ Վերջինս իր հերթին Հռոմում սկիզբ է դնում նոր արքայատոհմի՝ Փլավիոսների ժառանգական իշխանությանը։
Փլավիոսների վերելք և անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսպասիանոս կայսրն իր կառավարման ընթացքում մտցնում է զանազան հարկեր, համակարգում բանակը, վարում պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծում կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ, զարկ տալիս քաղաքաշինությանը։ Նրա օրոք վերակառուցվում է Հռոմի Կապիտոլիումը, ինչպես նաև կառուցվում է Կոլիզեում ամֆիթատրոնը, որը մեր օրերում համարվում է հռոմեական ժառանգության խորհրդանիշը։ Վեսպասիանոսի կառավարման տարիներին հաջողությամբ ընդարձակվում է Բրիտանիա պրովինցիայի տարածքը, ճնշվում Բոուդիկիի գլխավորությամբ տեղացիների բարձրացրած հուժկու ապստամբությունները։ Արևելքում՝ Վեսպասիանոսն ամրացնում է Հռոմի սահմանը Մեծ Հայքի թագավորության հետ՝ նվաճելով Կոմմագենեն։ Փլավիոսների ձեռնարկած ամենանշանավոր իրադարձությունը Հրեական պատերազմն էր, որի գործնական հետևանքը կարելի է համարել Երուսաղեմի պաշարումն ու ավերումը։ Դառնալով կայսր՝ Վեսպասիանոսը ստիպված է լինում թողնել Հուդայի թագավորությունը և վերադառնալ Հռոմ՝ Պաղեստինում պատերազմական գործողություններ վարելու իրավունքը հանձնելով որդուն՝ Տիտոս Փլավիոսին։ Տիտոսի բանակը պաշարում է քաղաքը և օգտվելով տեղացիների ներսում ծագած երկպառակտությունից՝ ներխուժում և ավերածություններ է գործում Երուսաղեմում։ Անտիկ շրջանի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի հավաստմամբ՝ Երուսաղեմի նվաճման ընթացքում հռոմեացիների կողմից սպանվում է ավել քան 1 միլիոն մարդ՝ մեծ մասամբ հրեաներ, ևս 97 հազարը ճորտացվում և ստրկացվում են։ Հռոմեական լեգեոններն ավերում են Սողոմոնի տաճարը՝ իրենց առաքելությունը Հուդայի թագավորությունում համարելով ավարտված։ Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի։ Դառնալով հոր գահակիցը՝ Տիտոսը ստանում է պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, ձեռք բերում պրետորիական գվարդիան միանձնյա ղեկավարելու իրավունք։ 79 թվականին՝ հոր մահից հետո, առանց որևէ դժվարության ժառանգում է կայսերական գահը։
Իր գահակալման առաջին տարում պատուհասում է Վեզուվ հրաբուխի ամենաաղետալի ժայթքում, որի հետևանքով ոչնչանում են Պոմպեյն ու հարակից որոշ քաղաքներ։ Պլինիոս Կրտսերը՝ լինելով աղետի ականատեսը, իր հուշերում գրում է․
Ըստ մեզ հասած աղբյուրների՝ Վեզուվի ժայթքումի և Հռոմում բռնկված համաճարակի շատ զոհերին օգնություն է ցուցաբերել անձամբ կայսր Տիտոսը։ Վերջինս կառավարում է ընդամենը երկու տարի և 81-ին մահանում բնական մահով։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվում է որպես «ոսկեդար», իսկ նրա մահը՝ համընդհանուր վիշտ և կորուստ։ Տիտոսին հաջորդում է կրտսեր եղբայրը՝ Դոմիցիանոսը։ Վերջինս իր կառավարման ողջ ընթացքում փորձում էր դառնալ Օկտավիանոսի նմանօրինակը՝ ժողովրդի շրջանում արմատավորել իր աստվածացումը։ Ինքն իր մասին խոսելիս օգտագործում էր «վարպետ և աստված» (Dominus et Deus) կոչումները։ Վարում է սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որի հետևանքով էլ դառնում է դավադրության զոհ։
Հինգ բարի կայսրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նշում․ Մարկոս Ավրելիոսը եղել է Լուցիոս Վերոսի գահակիցը մինչև վերջինիս մահը՝ 161 թվականը։
Ներվա-Անտոնինոսյան արքայատոհմի ներկայացուցիչները՝ այսպես ասած «հինգ բարի կայսրերը», (Ներվա, Տրայանոս, Հադրիանոս, Անտոնինոս Պիոս, Մարկոս Ավրելիոս, Լուցիոս Վերոս և Կոմմոդոս) իշխում են Հռոմում 96-192 թվականներին։ Նրանց կառավարման ժամանակաշրջանում Հռոմը հասնում է իր տարածքային և տնտեսական բարձրակետին։ Միևնույն ժամանակ, կայսրությունում տիրում է համատարած խաղաղություն՝ առանց քաղաքացիական պատերազմների և ռազմական ձախողումների։ Որպես նորընտիր կայսեր չափանիշ՝ սկսում է առավել կարևորվել թեկնածուի անձնային որակները, այլ ոչ թե ազգակցական կապերը։ 96 թվականին Հռոմեական սենատը Ներվային ընտրում է կայր (սա առաջին դեպքն էր, երբ պրինցեպսի տիտղոս ունեցող պաշտոնյան նշանակվում էր ծերակույտի կողմից)։ Վերջինս Ներոնի, Վեսպասիանոսի և Դոմիցիանոսի օրոք զբաղեցրել էր բարձրագույն պետական պաշտոններ։ Ներվայի գահակալմամբ Հռոմում սկսվում է «հինգ բարի կայսրերի» ժամանակաշրջանը։
98 թվականին Ներվային հաջորդում է որդեգիր Մարկոս Ուլպիոս Տրայանոսը։ Կայսերական իշխանությունը ստանալուն պես Տրայանոսը պատերազմներ է մղում (101-106 թվականներին) հանուն Դակիայի (ներկայիս Ռումինիայի և Մոլդովայի տարածքը)։ Մայրաքաղաք Սարմիզեգետուզաևի նվաճումից հետո դակերի արքա Դեցեբալն ինքնասպան է լինում․ Դակիան հռչակվում է հռոմեական պրովինցիա։ 114 թվականին Տրայանոսը ձեռնամուխ է լինում արևելյան երկարատև արշավանքների կազմակերպմանը։ Սկզբում հռոմեական պրովինցիայի է վերածվում Նաբաթեան՝ ստանալով Պետրայական Արաբիա անվանումը (ներառում էր հարավային Սիրիան և հյուսիսարևմտյան Արաբիան)։ Ամրապնդելով իր դիրքերն արևելքում՝ Տրայանոսը սկսում է նախապատրաստվել պարթևների դեմ պատերազմի։
Տրավյանոսն իր առջև դրել էր հստակ նպատակ՝ դառնալ առաջին հռոմեացին, որը հնազանդեցրել է Պարթևստանը, նվաճել Ալեքսանդր Մակեդոնացու փառքը։ 113 թվականին հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, հատելով թագավորության ողջ տարածքը՝ Հայաստանն առաջին անգամ ենթարկում են հռոմեական օկուպացիայի և ապա գահազրկում անում պարթևների դրածո Պարթամասիրին։ Արտաշատում հանդիպելով Տրայանոսին՝ Պարթամասիրը գլխից հանում է թագը և դնում կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ, սակայն կայսրը նրան հայտարարում է գահընկեց և Հայաստանը հռչակում նվաճված նահանգ՝ հռոմեական պրովինցիա։ 115 թվականին Տրայանոսի զորքերն արշավում են հարավ՝ պաշարելով Հայոց Միջագետքի վարչական կենտրոն համարվող Մծբին քաղաքը։ Այստեղ ևս կազմավորվում է Հռոմեական Միջագետք պրովինցիան։ Արմենիա Մայորի նվաճման կապակցությամբ Տրայանոսը դրամ է հատում, հայտարարելով, որ հայերը կայսերական Հռոմի իշխանության տակ են։ Նույն թվականին հռոմեական լեգեոնները աննախադեպ հաղթանակ են տոնում պարթևների նկատմամբ՝ ընդհուպ մինչև հասնելով պարթևաց քաղաքամայր-ոստան Տիզբոն և Պարսից ծոց։ Արևելքում գտնված ժամանակահատվածում Տրայանոսը ճնշում է նաև հրեաների ապստամբությունը, սակայն, առողջական խնդիրներից ելնելով ստիպված է լինում վերադառնալ Հռոմ։ Կայսրն իր մահկանացուն կնքում է 117 թվականին Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ դեպի Հռոմ տանող ետվերադարձի ճանապարհին։
Տրայանոսի ստեղծած կայսրությունը զբաղեցնում էր շուրջ 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստության շնորհիվ վերջինս բարելավել էր պետական ֆինանսների վիճակը, բարեկարգել ներպետական ճանապարհները, ծավալել բուռն քաղաքաշինական գործունեություն (մայրաքաղաքում կառուցել է իր անունը կրող հրապարակ, շուկա և սյուն)։
Կայսրությունը Հադրիանոսի և իր հաջորդների օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]“ | ... Կյանքը կարճ է, բաց մի՛ թող նրա ամենակարևոր պահը՝ բարի գործեր անել մարդկանց․․․Մի՛ արա այն, ինչ քո խիղճն է դատապարտում, և մի՛ արա այն, ինչ չի համապատասխանում ճշմարտությանը․․․․ | ” |
- Մարկոս Ավրելիոս՝ Հռոմի հինգ «բարի կայսրերից» վերջինը |
Դեռևս Տրայանոսից առաջ, շատ հռոմեացիներ սկսել էին մասսայականորեն արտագաղթել Պիրենեյան թերակղզի՝ Հիսպանիայի պրովինցիա (ժամանակակից Իսպանիայի և Պորտուգալիայի տարածք)։ Հաստատվելով Հիսպանիայում՝ եկվորներն ամուսնանում էին տեղացիների հետ։ Վերջիններիս սերունդներից էր նաև Հռոմի հաջորդ կայսրը՝ Պուբլիոս Ավրելիոս Տրայանոս Հադրիանոսը։ Հադրիանոսը հրաժարվում է Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ դուրս բերելով հռոմեական լեգեոնները Միջագետքից և Մեծ Հայքի թագավորությունից (այստեղ, պարթևների գերիշխան Խոսրով Ա-ի աջակցությամբ արքա է հռչակվում Վաղարշ Ա-ն)։ Հադրիանոսի բանակը «արյան մեջ խեղդում է» Մավրետանիայում բռնկված ընդզվումը, ինչպես նաև ճնշում Հրեաստանում Շիմոն Բար-Կոխբայի բարձրացրած ապստամբությունը։ Սա հրեաների վերջին խոշոր ելույթն էր ընդդեմ հռոմեական բռնատիրության։ Ապստամբների պարտությունից հետո Հրեաստանի տարածքը վերանվանվում է Պաղեստինյան Սիրիա՝ հրեաների դարավոր թշնամիների անվամբ։ Հադրիանոսը Հռոմեական կայսրության տարբեր կետերում կառուցում է ամրոցներ և պարիսպներ․ նշանավորվում է Հռոմեական Բրիտանիայում կառուցված մեծ պատը՝ ժամանակակից Շոտլանդիայի տարածքում բնակվող քոչվորակենցաղների ասպատակությունները կանխելու համար։ Կայսրը նաև նշանավոր ֆիլհելեն էր, որը խրախուսում էր հունական մշակույթի տարածումը։ Նա արգելում է խոշտանգումները, ընդունում մարդասիրական օրենքներ։
Հադրիանոսը մահանում է 138 թվականին՝ գահը թողնելով Անտոնինոս Պիոսին։ Անտոնինոս կայսրը «Պիոս»՝ «Բարեպաշտ» է հորջորջվում իրեն որդեգրած Հադրիանոս կայսեր հիշատակի նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու համար։ Վերջինս ընդարձակում է Բրիտանիա պրովինցիայի տարածքը, ապա նոր պատ կառուցում հարավային Շոտլանդիայում։ Վերջինս զորքեր է ուղարկում արևելք, որոնք ներխուժելով Մեծ Հայքի թագավորություն, գահընկեց են անում Վաղարշ Ա-ին՝ Հայաստանի գահին բազմեցնելով Անտոնինոսը ևս շարունակում է Հադրիանոսի մարդասիրական քաղաքականությունը։ Անտոնինոսը մահանում է 161 թվականին․ նույն տարում Հռոմի կայսր է հռչակվում Մարկոս Ավրելիոսը՝ «բարի կայսրերից» վերջինը։ Վերջինիս օրոք, հռոմեացիները աննախադեպ հարստանում են, կենսամակարդակը՝ բարձրանում։ Ավրելիոսի գլխավորած լեգեոնները Մարկոմանյան պատերազմներում հաղթանակ են տոնում բարբարոս սարմատական ցեղերի նկատմամբ։ 172 թվականին վերջինս ճնշում է այսպես կոչված հովիվների ապստամբությունը Եգիպտոսում։ 169 թվականին ժանտախտի զոհ է դառնում Ավրելիոսի գահակից Լուցիոս Վերոսը (համաճարակը 165-180 թվականների միջև ընկած ժամանակահատվածում սպանում է շուրջ հինգ միլիոն մարդու), իսկ 180 թվականին՝ հենց ինքը՝ կայսր Մարկոս Ավրելիոսը։ Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» («Գիրք ոսկեղենիկ») փիլիսոփայական աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի բարելավման հնարավորությանը։
Ավրելիանոսի մահվանից հետո կայսրության միահեծան իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում վերջինիս իրավահաջորդը՝ Կոմմոդոս Անտոնինոսը։ Հոր պաշտոնավարման վերջնամասում արդեն Կոմմոդոսը դառնում է նրա գահակիցը։ Այս իրադարձությամբ ավարտվում է «բարի կայսրերի» ժամանակաշրջանը, որը որոշ հետազոտողների կողմից ընկալվում է որպես Հռոմեական կայսրության ոսկեդար։ Այսպիսով, Կոմմոդոսն իր ունեցած արյունակցական կապերի պատճառով չի դասվում «բարի կայսրերի» թվին։ Բացի այդ, ի տարբերություն իր նախորդների՝ նա աչքի չէր ընկնում իր հումանիզմով կամ ռազմական տաղանդով (վերջիններս անձամբ էին ղեկավարում իրենց բանակները)։ Կոմմոդոսը հաճախ էր պատվիրում գլադիատորական խաղեր, որոնք հավաստում են կայսեր դաժանության և կոպտության մասին։ 2-3-րդ դարերի հունահռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը՝ խոսելով Կոմմոդոս կայսեր գահակալման մասին, նշում է․ «Նա սպանեց շատ քաղաքացիների և նրա կառավարումը Հռոմեական կայսրության անկման սկիզբն էր․․․Հռոմը նրա օրոք ոսկյա թագավորությունից վերածվեց երկթյա տիրակալության, ապա՝ ժանգոտվեց»։
Ուշ կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնինոսների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Կոմմոդոսը սպանվում է 192 թվականին՝ դավադրության հետևանքով։ Սպանության կազմակերպիչներն էին գվարդիական Կվինտոս Էմիլիոս Լետոսը և կայսեր կինը՝ Մարսիան։ Կոմմոդոսի մահը երկրում ծնում է նոր քաղաքական ճգնաժամ․ 193 թվականին հռոմեական գահին մեկը մյուսի ետևից բազմում են թվով հինգ կայսրեր։ Նրանք էին՝ Պերտինաքսը, Դիդիոս Հուլիանոսը, Պեսցենիոս Նիգերը, Կլոդիոս Ալբինոսը և Սեպտիմիոս Սևերոսը։ Խառնակ ժամանակաշրջանում գահակալած առաջին կայսրը Պերտինաքսն էր՝ Հռոմեական սենատի նախկին անդամ։ Նա Հռոմեական կայսրության առաջին միապետն էր, որը ծագում էր ազատություն ստացած ստրուկներից։ Պերտինաքսը կառավարում էր սենատի անունից և ձգտում էր բարելավվել կայսրության ֆինանսական դրությունը, բարձրացնել զորքի կարգապահությունը։ Կայսեր թափանցիկ գործելաոճից դժգոհ պրետորիական գվարդիայի զինյալները շուտով ներխուժում են կայսերական պալատ և գլխատում Յուպիտեր աստծուն աղոթող Պերտինաքսի գլուխը՝ քայլերթով այն անցկացնելով մայրաքաղաքի փողոցներով։
Հռոմում սկսվում է ներքաղաքական իրական քաոս․ պրետորիական գվարդիան գահը հանում է գումարի դիմաց աճուրդի, որի արդյունքում էլ գահակալ է դառնում Դիդիոս Հուլիանոսը։ Սահմանապահ երեք պրովինցիաների՝ Բրիտանիայի, Պանոնիայի և Սիրիայի լեգեոնները դժգոհություն են հայտնում այս ամենի կապակցությամբ՝ կայսեր թեկնածու առաջադրելով Սեպտիմիոս Սևերոսին։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Սևերոսը ընդունում է «Պերտինաքս» անունը, ապա՝ հռոմեական լեգեոններով ներխուժում է Հռոմ։ Առանց որևէ առճակատման՝ Սևերոսը գահազրկում և կախաղան է հանում գործող միապետ Հուլիանոսին՝ ինքը դառնալով կայսր։
Կայսրությունը Սևերոսների հարստության օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի կայսերական արքայատոհմեր | ||
---|---|---|
Սևերոսների դինաստիա | ||
Ժամանակագրություն | ||
193-211 |
||
|
||
|
||
211 |
||
211–217 |
||
ընդմիջում 217–218 |
||
218–222 |
||
222–235 |
||
Արքայատոհմ | ||
Սևերոսների տոհմածառ | ||
Կատեգորիաների ճառ |
||
Հաջորդականություն | ||
|
||
Սեպտիմիոս Սևերոսը կառավարման սկզբում ուներ հստակ հրամայական՝ ամրապնդել իր իշխանությունը Հռոմում։ Վերջինիս իշխանության ամբողջականության առջև առկախված խնդիրները Սևերոսի նախկին համախոհներն էին՝ ինքնահռչակ իմպերատորներ Պեսցենիոս Նիգերը և Կլոդիոս Ալիբինոսը, ովքեր թագի մոլուցքից դրդված՝ թշնամանք էին տածում գործող կայսեր նկատմամբ։ Այնուամենայնիվ, Սեպտիմիոսին հաջողվում է դյուրին կերպով մրցակցությունից դուրս մղել Նիգերին (դավադրաբար սպանվում է Բյուզանդիոնում), իսկ ինչ վերաբերվում է Ալբինոսին՝ վերջինս մոլորեցվում է կայսեր կողմից։ Սկզբում Սեպտիմիոսը Ալբինոսին խոստանում է կայսերական տիտղոս, ապա՝ մեղադրում նրան դավադիր գործողությունների մեջ և ճանաչում «պերսոնա նոն գրատա»։ Ունենալով զորքի վստահությունը՝ Սեպտիմիոս Սևերոսը կարողանում է Գալլիայում՝ Լիոն քաղաքի մոտ, հաղթել Ալբինոսին։ Այս ամենի կապակցությամբ Վերածննդի շրջանի իտալացի գրող և պատմաբան Նիկոլո Մաքիավելին գրում է․ «Նա՝ Սևերոսը․․․դաժան առյուծ և խելացի աղվես էր»։
Թագադրումից հետո, Սեպտիմիոսին բազմաթիվ թանկարժեք իրեր և ընծաներ է ուղարկում նաև Արշակունյաց հայոց թագավոր Խոսրով Ա-ն։ Սևերոսն ամեն գնով ցանկանում էր վերակենդանացնել ամբողջատիրական վարչաձևը՝ անթաքույց կերպով ժողովրդին ուղղված ուղերձներում գնահատելով Մարիոսի և Սուլլայի դաժանությունն ու խստությունը։ Այս իրողությունը լրջորեն անհանգստացնում էր սենատորներին։ 195-197 թվականներին ընթանում է հռոմեա-պարթևական նոր պատերազմ, որն ավարտվում է հռոմեական կողմի հաղթանակով։ Պարթևները չեն կարողանում պաշտպանել նույնիսկ Տիզբոնը, որը հերթական անգամ ենթարկվում է ավերածությունների։ Բացի այդ, Հայոց Միջագետքը՝ Մծբին կենտրոնով, վերստին հայտնվում է հռոմեացիների ձեռքում։ Սևերոսը ցանկանում էր զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներխուժել Արաբական թերակղզի, սակայն, իր հյուծված զորքի պահանջով ստիպված է լինում վերադառնալ Իտալիա։ Ավելի ուշ, կայսրը նպատակամղված էր հռոմեահպատակ դարձնել «Հադրիանոսյան պատնեշից» այն կողմ ընկած բրիտանական տարածքները։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին՝ հռոմեական լեգեոնները 208-211 թվականներին ստիպված են լինում Շոտլանդիայում կատաղի մարտեր մղել կալեդոնացիների դեմ։ Հռոմեացիների բանակը մեծ ջանքերի շնորհիվ ժամանակավորապես կարողանում է ձեռք բերել որոշակի նվաճյալ տարածքներ, սակայն, անդառնալի թվաքանակով զոհերից խուսափելու նպատակով Սևերոսը հրամայում է նահանջել պատից այն կողմ։ Հյուսիսային սաստիկ ցուրտն է՛լ ավելի է խորացնում Սեպտիմոսի հիվանդությունը և 211 թվականին՝ 65 տարեկան հասակում, դառնում է նրա մահվան պատճառը։ Մահից հետո Սևերոսը սրբացվում է, իսկ նրա աճյունը Էբորացումից տեղափոխվում է Հռոմ։
Վերակառուցումից փլուզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևերոսի մահվանից հետո արդեն իսկ համաձայնեցված կտակի համաձայն կայսերական իշխանությունը կիսում էին Կարակալլան և Գետան՝ Սեպտիմիոսի որդիները։ Փառասիրության հողի վրա ծագած ներանձնային խռովությունները շուտով Հռոմը բաժանում է երկու հակամարտող բևեռների։ 211 թվականի դեկտեմբերին, իբրևէ թե խաղաղ հանդիպման ժամանակ, Կարակալլայի կողմնակիցները մոր ձեռքերի մեջ սպանում են պատանիության հասակում գտնվող 22-ամյա Գետային։ Վերջինիս սպանությունից հետո եղբայրների խռովության արդյունքում ծագած քաղաքացիական հակամարտությունն ավարտվում է․ Դիոն Կասիոսի հավաստմամբ՝ այդ շրջանում սպանվում են շուրջ 20 հազար հռոմեացի լեգեոնականներ, որոնք հանդես էին գալիս Գետայի գահակալական իրավունքների պաշտպանությամբ (այդ թվում՝ Սեպտիմիոսի մտերիմ ընկեր Պապինյանոսը)։ Կարակալլա կայսրը նույնչափ ռազմատենչ և պատերազմական էր, որքան իր հայրը։ Ի շնորհիվ այդ հատկանիշի՝ Կարակալլան մեծ հարգանք է ձեռք բերում զորքի շրջանում։ 215 թվականին վերջինիս գլխավորած հռոմեական լեգեոններն արշավում են Արևելք։ Առաջին հարվածը հասցվում է Եդեսիայի (Օսրոյենեի) թագավորությանը, որը նվաճվում է Կարակալլայի զորքերի կողմից, իսկ այնտեղ իշխող Աբգար թագավորը՝ գերեվարվում։ Հաջորդիվ Կարակալլայի զորքերը ներխուժում են Հայաստան և խարդավանքի դիմելով՝ ձերբակալում Խոսրով արքային։ Կարակալլայի արարքը գրգռում է հայ-հռոմեական հարաբերությունները, որի արդյունքում էլ հայկական բանակը ջախջախիչ հաղթանակ է տանում լեգեոնականների նկատմամբ՝ հարկադրելով Կարակալլային ազատել հայոց թագավորին։
Հընթացս, Կարակալլա կայսեր զորքերը ռազմախուժում են Պարթևստան, որտեղ իշխում էր Արտավան Ե Պարթևը։ Հռոմեացիներն այստեղ ավերածություններ են գործում և նույնիսկ թալանում Պարթև Արշակունիներ թագավորների տոհմական գերեզմանատունը։ Այս ամենից վրդովված պարթևները նոր բանակ են ձևավորում և պատրաստվում զահանդելի չափի ուժերով շարժվել արևմուտք։ Իրավիճակի ողջ լրջությունը հասկանալով՝ կայսերական պրեֆեկտ պրետորիա Մակրինոսը, ցանկանալով կանխել պատերազմը, կազմակերպում է Կարակալլայի սպանությունը՝ Եդեսիայից Խառան տանող ճանապարհի վրա։ Կայսեր սպանությունը՝ Մակրիանոսի հրամանով, կատարվում է 217 թվականի ապրիլի 8-ին (վերջինս այդ ժամանակ ուխտագնացության էր մեկնում դեպի Լուսնի տաճար)։
Իր կառավարման ընթացքում, Կարակալլան քանիցս ձեռնարկել է երկրի ֆինանսական վիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ։ Դրամահարկային համակարգը կարգավարելու և ամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, 212 թվականին վերջինս արձակում է հատուկ հրովարտակ (Կարակալլայի էդիկտ), որով Հռոմեական կայսրության տարածքում ապրող ցանկացած անձ իրավունք էր ստանում ձեռք բերել քաղաքացիություն։ Կարակալլան դառնում է արքայատոհմի վերջին հզոր ներկայացուցիչը։ Նրա սպանությունից հետո, գահը զավթում է դավադրության կազմակերպիչ Մակրիանոսը, սակայն, մի քանի ամիս անց՝ ինքնակամ հեռանում է Սիրիա։ Հաջորդ կայսր Էլագաբալոսը աչքի է ընկնում իր ցոփ ու շվայտ կենցաղավարությամբ և արքունի չարաշահումներով։ Նա սպանվում է ընդամենը 18 տարեկան հասակում՝ գահը թողնելով իր որդեգիր Ալեքսանդրոս Սևերոսին։ Վերջինիս կառավարման հետ կապված եզակի հիշարժան իրադարձությունը գերմանական ցեղերի դեմ պատերազմն է, որից անմիջապես հետո՝ 235 թվականին, վերջինս կնքում է իր մահկանացուն։
Երրորդ դարի ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրոս Սևերոսի մահից (235 թվական) և կայսերական հարստության անկումից հետո, Հռոմում սկսվում է լճացման ժամանակաշրջան․ ճգնաժամային ազդակներն իրենց բացասական հետևանքներն են ունենում ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտների վրա։ Կայսրությանը պատուհասում են անվերջ թվացող քաղաքացիական պատերազմները, արտաքին սպառնալիքներն ու ասպատակությունները, քաղաքական քաոսը, համաճարակը և տնտեսական կոլապսը։ Կորուսվում է Հռոմեական կայսրության համաշխարհային ազդեցությունը․ արևապաշտության (միհրականություն) և քրիստոնեության տարածումը սկսում են խարխլել հռոմեական հասարակության արժեհամակարգային և կրոնական հիմքերը։ Նվազում է ազնվականության դերն ու նշանակությունը, քանի որ վերջին շրջանի կայսրերն արդեն իսկ իշխանության էին գալիս ռազմական հեղաշրջման միջոցով՝ պարզապես ունենալով «քաջ մարտիկի» հեղինակություն զորքի շրջանում (այսօրինակ կայսրերը ծագում էին կայսրության ծայրամասային շրջաններից ու ցածր դասակարգից, եզակի դեպքերում նաև՝ ազատություն ստացած ստրուկներից)։ Վերջիններիս իշխանական գլխավոր լծակն ու գրավականը քաղաքացիական պատերազմների ընթացքում ձեռք բերված հեղինակությունն էր և դա է պատճառը, որ արդի պատմագիտության մեջ պատմական այս շրջափուլը հայտնի է նաև «ռազմական կայսրերի» դարաշրջան անվանմամբ։
Ճգնաժամի 49 տարիների ընթացքում Հռոմում հաջորդաբար իշխում են 26 կայսրեր, ինչը հավաստում էր քաղաքական անկայունության իրողության մասին։ «Ռազմական կայսրերից» ամենաերկարը կառավարում է Մաքսիմինոս Թրակիացին՝ թագը կրելով ավելի քան երեք տարի։ Մյուսների կառավարումը չի հասնում մեկ տարվա շեմը (օրինակ՝ Գորդիանոս I Աֆրիկացի, Գորդիանոս II և այլք)։ Լքված և անմարդաբնակ էին կայսրության սահմանամերձ շրջանները, քանի որ կայսրերի գերխնդիրը բացառապես նոր պրովինցիաներ ստեղծելն ու թշնամիներին պարտության մատնելն էր։ Ճգնաժամը ախտահարում է նաև կայսրության տնտեսությունը։ Դեռևս Սևերոսների օրոք կայսերական գանձանակից դուրս բերվող ահռելի դրամական միջոցները և չնախատեսված ռազմական ծախսերն արժեզրկում են հռոմեական արժույթը։ Կայսրության տնտեսությանը սպառնում է հիպերինֆլակցիա, որն էլ ավելի է խորանում աշխարհաքաղաքական կրիզիսի պայմաններում։ 250 թվականին բռնկվում է Կիպրոսյան ժանտախտի համաճարակը, որը աննախադեպ քանակությամբ մարդկանց կյանք է խլում։ 260 թվականին Սիրիան (Ասորիք), Պաղեստինը, Փոքր Ասիան և Եգիպտոսը առանձնանում են Հռոմեական կայսրությունից՝ ձևավորելով Պալմիրայի կայսրությունը։ Նույն տարում անկախանում է նաև Գալլական կայսրությունը՝ Պոստումոս զորավարի ջանքերով։ 259 թվականին հռոմեական բանակը ջախջախվում է Եդեսիայի ճակատամարտում՝ պարտություն է կրում համեմատաբար շատ ավելի փոքրաթիվ Սասանյանն բանակից, իսկ կայսրը՝ գերեվարվում է պարսիկների կողմից։ Այսպիսով, Վալերիանոսը դառնում է Հռոմի առաջին կայսրը, որը գերի է ընկնում թշնամու ձեռքը, ինչը նվաստացուցիչ փաստ էր «աշխարհի թիվ մեկ» տերության համար։ Ճգնաժամի հաղթահարման գործընթացը սկսվում է Կլավդիոս II Գոթացու (268-270) օրոք։ Վերջինս գաղթում է Հռոմ ներխուժած գոթական հրոսակներին, իսկ Լուցիոս Ավրելիանոս կայսրը՝ կործանում և ետ է վերադարձնում Պալմիրայի և Գալլիայի ինքնակալությունները։ Ճգնաժամը նահանջում է Դիոկղետիանոսի օրոք։
Կայսրության մայրամուտ և անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինատի ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրելիանոս կայսրից սկսած՝ մինչև 4-րդ դարի սկիզբը, քրիստոնեությունը շարունակ խաղաղություն էր վայելում, որն էլ վերջինիս տարածման գլխավոր երաշխիքն էր։ Ամենաբարձր պետական պաշտոններում, պալատում, Դիոկղետիանոս կայսեր շուրջն իսկ բազմաթիվ քրիստոնյաներ կային, որոնք ազատ իրենց հավատն էին դավանում, և մինչ անգամ ազատ էին իրենց պաշտոնների հետ կապված հեթանոսական ծիսակատարութիւնները կատարելուց։ Պետության նոր կազմակերպությունն էլ ոչ մի փոփոխություն չմտցրեց այդ դրության մէջ։ Հակաքրիստոնեական առաջին հրովարտակը 303 թվականի փետրվարի 24-ին հրամայում էր քանդել եկեղեցիները, գրավել քրիստոնյաների համար սրբազան վայրերն ու գերեզմանատները, այրել Սուրբ գրքերը։
284 թվականին Հռոմի գահակալ է դառնում Գայոս Դիոկղետիանոսը, որին հաջողվում է կայսրությունը դուրս բերել ճգնաժամի ճահճից։ Վերջինս իրականացնում է ռազմաքաղաքական և տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաև ձևավորում կառավարման նոր ձև՝ տետրարխիա («չորսի իշխանություն» կամ «չորրորդապետություն»։ Պետական կառավարման այս ձևի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ կայսեր միահեծան իշխանությունը սահմանափակվում էր կոլեգիալ մարմնով՝ չորս տետրարխների կողմից։ Այդ տետրարխներն էին՝ Դիոկղետիանոսը և Գալերիոսը՝ արևելքում, Կոնստանդիոս I Քլորը և Մաքսիմիանոսը՝ արևմուտքում։ Կառավարիչներից յուրաքանչյուրը կրում էր «Օգոստոս» հավասարազոր տիտղոսը։ Ժամանակի ընթացքում այս բաժանումն էլ ավելի է խորանում, քանի որ Օգոստոսներն իրենց ժառանգական իշխանությունն ապահովելու համար ընտրում են Կեսարների (ենթակայսր)։ Այս գործընթացների արդյունքում էլ տիրակալությունը տրոհվում է երկու առանձին կայսրությունների՝ Արևմտահռոմեական և Արևելահռոմեական (հետագայում՝ Բյուզանդական)։ Այս բաժանման հիմքում ընկած էր Դիոկղետիանոսի այն մտայնությունը, որ մեկ անձը չէր կարող բարեխղճորեն և արդյունավետ կերպով կառավարել ողջ կայսրությունը։ Տնտեսական կյանքն աշխուժացնելու, սղաճը հաղթահարելու և կոլապսը վերացնելու նպատակամղմամբ Դիոկղետիանոսն իրականացնում է նաև հարկային բարեփոխումներ։
Արևելքի տետրարխի կարգավիճակում, Դիոկղետիանոսը պատերազմ է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ և կայսրության սահմաններից վտարում Սիրիան թալանած պարսիկ հրոսակներին։ Միևնույն ժամանակ, Մաքսիմիանոս կայսեր զորակցությամբ վերջինս հաղթարշավներ է իրականացնում բարբարոսական որոշ ցեղերի դեմ։ 290-330 թվականների ընթացքում տետրարխների կողմից ստեղծվում են շուրջ կես տասնյակ նոր քաղաքներ, ինչպիսիք են Նիկոմեդիան՝ Ասիա պրովինցիայում, Սալոնիկը՝ Հունաստանում, Միլանը՝ Իտալիայում, Թրիերը՝ Մագնա Գերմանիայում և այլն։
Դիոկղետիանոս կայսեր օրոք աննախադեպ ծավալներ են ընդունում քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները։ Կայսեր հալածանքներից մազապուրծ լինելով Հայաստան են գալիս Հռիփսիմյանց կույսերը՝ հաստատվելով Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում։ Վերջիններս Տրդատ Գ արքայի կողմից ևս ենթարկվում են բռնության, ապա՝ սպանվում։ 301 թվականին, սակայն, Մեծ Հայքի թագավորությունը արքայական հրովարտակով դառնում է աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։ 303 թվականին Դիոկղետիանոսը և Գալերիոսը Արևելյան Հռոմեական կայսրությունում ընդունում են որոշում՝ բոլոր քրիստոնեական եկեղեցիների և գրությունների վերացման, ինչպես նաև քրիստոնեական երկրպագության արգելման մասին։ Երկու տարի անց՝ 305 թվականին, Դիոկղետիանոսը հրաժարվում է կայսերական գահից՝ դառնալով Հռոմի առաջին տիրակալը, որն ինքնակամ է հեռացել իշխանությունից։ Նրա գահազրկմամբ Հռոմում ավարտվում է նաև Դոմինատի ժամանակաշրջանը։
Կայսրության քրիստոնեացում
[խմբագրել | խմբագրել կոդը]306 թվականին տետրարխ է դառնում Կոստանդիանոս I-ը։ Վերջինս բազում պատերազմներ է վարում մյուս չորրորդապետերի նկատմամբ։ Մուլվիյան կամրջի մոտ Մաքսենտիոսի, ապա՝ Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո Կոստանդինոսը դառնում է Հռոմեական կայսրության միահեծան տիրակալը։ 306-308 թվականներին նրա գլխավորությամբ հռոմեական լեգեոնները վճռական հաղթանակներ են տանում ֆրանկների, ալեմանների (գերմանական ցեղեր), գոթերի և քոչվոր սարմատական ցեղերի նկատմամբ՝ ամրապնդելով կայսրության արտաքին սահմանները։ 313 թվականին Կոստանդինոս կայսրը թողարկում է Միլանի հրովարտակը, որով Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնյաները ստանում էին դավանանքի ազատության իրավունք, ապա՝ վերջինս սկսում է բացահայտ կերպով հովանավորել այդ կրոնի քարոզչությունը։ 323 թվականին Կոստանդինոսը մկրտվում է քրիստոնեական ավազանում՝ քրիստոնեությունն ընդունելով որպես Հռոմեական կայսրության պետական կրոն։
Այսպիսով, սկսվում է Եվրոպայի քրիստոնեացման գործընթացը, որն ավարտվում է զարգացած միջնադարում՝ կաթոլիկ եկեղեցու քարոզչական գործունեության շնորհիվ։ 330 թվականին Կոստանդինոս Մեծի հանձնառությամբ կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխվում է նոր կառուցապատված Բյուզանդիոն, որը վերանվանվում է «Նովա Ռոմա» (թարգմանաբար՝ Նոր Հռոմ)։ Այնուամենայնիվ, քաղաքը շուտով ձեռք է բերում Կոստանդնուպոլիս ոչ պաշտոնական անվանումը, որը հունարեն նշանակում էր «Կոստանդինոս կայեր քաղաք»։ Հուլիանոս Ուրացող կայսրը («Ուրացող» մականունսը ստացել է հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով՝ քրիստոնյա պատմիչների կողմից) իր խորհրդական Մարդոնիոսի և նշանավոր հռետոր Լիբանիոսի ազդեցության տակ, փորձում է վերականգնել դասական հունահռոմեական բազմաստվածային կրոնը, որին միտված բոլոր քայլերը, սակայն, պսակվում են անհաջողությամբ։ Երրորդ դարի ճգնաժամից հետո Իտալիան (այդ թվում և Հռոմը) կորցրել էր իր բացառիկ կարևորությունը։ 286 թվականին «Արևմտյան կայսրության» դե ֆակտո մայրաքաղաքի գործառույթը կատարում էր Մեդիոլանումը (մերօրյա Միլանը)։ 5-րդ դարում Հոնորիոս կայսրը Արևմտյան տիրակալության մայրաքաղաքը տեղափոխում է Ռավեննա։
Արևմտյան Հռոմեական կայսրության անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]5-րդ դարի երկրորդ կեսերին կայսրությունը թևակոխում է վճռական նոր շրջափուլ, որի գործնական հետևանքն էլ դառնում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Կոնստանտինոսների և Վալենտիանոսների արքայատոհմերի վերջին ներկայացուցիչները վճռական ճակատամարտերում պարտություն են կրում Սասանյան Պարսկաստանից և գերմանական ցեղերից։ Եփրատից այն կողմ՝ Սամարրայի ճակատամարտում վիրավորվում և սպանվում է Հուլիանոս Ուրացողը՝ մահից առաջ բացականչելով՝ «Դու հաղթեցի՛ր, հալիլեացի»: Ավելի ուշ, գոթերի դեմ մղվող մարտերից մեկի ժամանակ էլ (Ադրիանապոլսի ճակատամարտ) սպանվում է Վաղես կայսրը։ Թեոդոսիոս Ա Մեծի մահվանից հետո կայսրության տարածքը վերջնականապես բաժանվում է երկու մասերի՝ արևմտյան և արևելյան։ Արևելյան Հռոմեական կայսրությունում իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում Թեոդոսիոսի անչափահաս որդին՝ Հոնորիոսը։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում 408 թվականին՝ զորավար և մանկահասակ կայսեր խնամակալ Փլավիոս Ստիլիքոնի մահվանից հետո։ Վերջինս փափագում էր միավորել հռոմեական երկու ինքնակալությունները և առաջնային էր համարում բարբարոսսական ցեղերի ետ մղումը կայսրության սահմաններից։ Նրա մահվանից հետո հռոմեական արհեստավարժ բանակը՝ «անպարտելի լեգեոնները», կազմալուծվում են։
410 թվականին վեստգոթական խառնիճաղանջ հրոսակախմբերը ռազմախուժում են Հռոմ՝ քաղաքը ենթարկելով թալանի ու կողոպուտի։ Բարբարոսների շարունակական արշավանքները տարեց տարի կրճատում են կայսերահպատակ տիրույթները․ վանդալները գրավում են Հյուսիսային Աֆրիկան, վեստգոթերը՝ Գալլիայի մեծ մասը, Պիրենեյան թերակղզու (Հռոմեական Հիսպանիա) հյուսիս-արևմտյան հատվածը նվաճվում է սվեվների կողմից, իսկ Բրիտանիան կտրվում է կենտրոնական իշխանությունից։ 451-452 թվականներին Իտալիան ենթարկվում է հոների խաքան Աթթիլայի զավթողական արշավանքներին։
Ըստ տարածված կարծիքի՝ Հռոմի պապ Լևոն I-ի հետ հանդիպումից հետո, Աթթիլան զերծ է մնում Հռոմի նվաճումից։ Չնայած Հռոմի թշվառ վիճակին՝ Օրեստես զորավարը հրաժարվում է բավարարել բարբարոս «դաշնակիցների» պահանջները և ձեռնոց նետում վերջիններիս։ Վեստգոթերի առաջնորդ Օդոակրի գլխավորած բարբարոսների արդեն իսկ կանոնավոր բանակը մարտի է բռնկվում հռոմեական մնացյալ զորքերի դեմ, հաղթում նրանց և սպանում Օրեստեսին։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ բարբարոսական բանակը 476 թվականին ներխուժում է Ռավեննա և գահընկեց անում Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին գահակալ, դեռահասակ Հռոմուլոս Օգոստուլոսին։ Ըստ արդի պատմագիտության՝ այս իրադարձությամբ ավարտվում է դասական անտիկ պատմությունը և սկսվում է վաղ միջնադարը։ Որոշ ուսումնասիրողներ հենց 476 թվականն էլ համարում են Արևմտյան Հռոմեական կայսրության անկման տարեթիվը, մինչդեռ որոշներն էլ պնդում են, որ տիրակալությունը գոյատևել է մինչև 480 թվական և կործանվել միայն Դալմաթիայում իշխող Հուլիոս Նեպոտ կայսեր մահվանից հետո։
Ժողովուրդների մեծ գաղթի արդյունքում արևմուտքում ավարտվում է 1200-ամյա անկախություն և 700 տարվա գերտերության կարգավիճակ ունեցող Հռոմեական տիրակալության պատմությունը։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկման նախադրյալների կապակցությամբ գիտական շրջանակներում առկա են տարատեսակ մտայնություններ։ Դրանց ընդհանրացման արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ տերության կործանմանը նպաստած հիմնական գործոններն էին հանրապետական վարչակարգի տապալումը, ռազմական բռնակալության վերելքը, դասային պատերազմները, ստրկատիրական հասարակարգը, տնտեսական կոլապսը, շրջակա միջավայրի կլիմայական պայմանների փոփոխությունը, համաճարակների տարածումը, հռոմեական ազնվականական դասի ազդեցության նվազումը։ Որոշ ուսումնասիրողներ կարևոր գործոն են համարում նաև քրիստոնեացումը, քանի որ հեթանոսությունից ավելի պացիֆիստական կրոնի անցումը ենթադրում էր զինվորների թվի նվազում։ Վաղ քրիստոնեական աստվածաբան Օգոստինոս Երանելին, ի հակադրություն այս տեսակետի, նշում էր, որ կայսրության անկման միակ պատճառը «հռոմեական հասարակության մեղսագործ բնույթն էր»։ |
Կայսրության իրավահաջորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Արևմտյան կայսրության՝ արևելքում հռոմեական քաղաքակրթությունն այլ ճակատագիր է ունենում։ Բյուզանդիան (կամ Արևելյան Հռոմեական կայսրությունը) Հռոմուլոս Օգոստուլոսի գահընկեց լինելուց հետո պահպանում է իր ինքնիշխանությունն ու գերտերության կարգավիճակը առաջիկա 1000 տարիների ընթացքում։ 6-րդ դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն գոթերից վերադարձնում է Իտալական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկայում հաղթական պատերազմներ մղում վանդալների դեմ, իսկ հարավային Իսպանիայում՝ տապալում վեստգոթական լուծը։ Չնայած այս ամենին՝ Հուստինիանոսի մահից մի քանի տարի անց Բյուզանդիան կորցնում է Իտալիան, որը նվաճվում է լանգոբարդների կողմից։ 541 թվականին կայսրությունում բռնկվում է ժանտախտի համաճարակ, որը տևում է շուրջ երկու դար՝ միայն Եվրոպայում խլելով շուրջ 25 միլիոն մարդու կյանք (մահանում է Կոստանդնուպոլսի բնակչության 40%-ը)։ Դրան հաջորդում են արաբական հյուծիչ արշավանքները, որոնց շրջանակներում նվաճվում են Լևանտը և Հայաստանը։ Բյուզանդա-արաբական պատերազմների ընթացքում քրիստոնյաները կորցնում են Եգիպտոսի նկատմամբ վերահսկողությունը, իսկ քոչվորներին հաջողվում է ընդհուպ մինչև մոտենալ բյուզանդական թագավորանիստ Կոստանդնուպոլսին։ Հաջորդ դարում արաբները նվաճում են նաև հարավային Իտալիան և Սիցիլիան։ Հընթացս Բալկանյան թերակղզին ենթարկվում է սլավոնական բնակչության զանգվածային ներհոսքին։ 8-րդ դարում Բյուզանդիան վերականգնում է իր երբեմնի հզորությունը և արգելակում իսլամական բանակների առաջխաղացումը։ 9-րդ դարի սկզբին արդեն բյուզանդացիները վերականգնում են նախապատերազմական ստատուս-քվոն՝ վերանվաճելով նախկինում կորցրած տարածքների մեծ մասը։
Հայկական (մակեդոնական) հարստության իշխանավարման տարիներին Բյուզանդական կայսրությունը վերստին զարթոնք է ապրում։ Արքայատոհմի ներկայացուցիչներից Բարսեղ Բուլղարասպան կայսերը հաջողվում է հպատակեցնել Բուլղարիան, ինչպես նաև կործանել Բագրատունյաց Հայաստանի թագավորությունը (հայոց արքա Հովհաննես-Սմբատը բյուզանդացիներին էր կտակել իր թագավորությունը)։ Այսօրինակ հաջողությունները երկար չեն տևում, քանի որ արևելքից կայսրության սահմանները սկսում են ասպատակել սելջուկ-թուրքերը։ 1071 թվականին բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկ-թուրքերի դեմ մղվող Մանազկերտի ճակատամարտում։ Երկու տասնամյակ շարունակվող ներքին բախումներին և իսլամադավան ցեղերի արշավանքներին վերջ տալու մտայնությամբ 1095 թվականին Ալեքսիոս Ա Կոմնենոսը դիմում է արևմտաեվրոպական թագավորություններին։ Արդյունքում՝ սկսվում են խաչակրաց արշավանքները, իսկ չորրորդ արշավանքի ընթացքում էլ Կոստանդնուպոլիսը վերանվաճվում է Նիկիայի կայսրության և Վենետիկի հանրապետության միացյալ ջանքերով․ կայսրությունը վերածնվում է։ Այնուամենայնիվ, խաչակրաց արշավանքները միևնույն ժամանակ նաև մասնատում են կայսրությունը։ Բյուզանդիան դառնում է ոչ ավելին, քան շարքային հունական պետություն, որը տիրապետում էր միայն Եգեյան ավազանի մի մասին։ Կայսրությունը վերջնականապես անկում է ապրում 1453 թվականի մայիսի 29-ին՝ Մեհմեդ Նվաճողի գլխավորած թուրքական զորքերի կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից հետո։
Հասարակություն և պետական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարբեր աղբյուրների՝ Հռոմ քաղաքի բնակչությունը միջինում կազմել է 450 հազարից մինչև 1 միլիոն մարդ[1][2][3]։ Այս ցուցանիշով Հռոմը համարվում է Հռոմեական ինքնակալության խոշորագույն քաղաքը։ Պատմական գնահատականները ցույց են տալիս, որ Հռոմեական պետության բնակչության 20%-ը (Իտալիայի պարագայում՝ 25-40%-ը[4]) բնակվել են խոշոր քաղաքներում (10 հազար մարդ բնակչությունը գերազանցող)։ Սա խոսում է ուրբանիզացման բավականին բարձր մակարդակի մասին։ Խոշոր քաղաքներից շատերն ունեին ֆորում (հրապարակ), տաճարներ և այլ շինություններ։ Կյանքի միջին տևողությունը կազմել է շուրջ 28 տարի[5]։ Քաղաքները ջրով ապահովելու համար կառուցվում էին ակվեդուկներ, որոնք ծառայում էին նաև որպես յուղ և գինի ներկրելու ուղիներ։ Հելլենիստական ոճի քանդակները զարդարում էին հռոմեական պալատները։
Դասակարգային կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական հասարակությունն իրենից ներկայացնում է հիերարխիկ բուրգ, որի ստորին աստիճանում գտնվում են ստրուկները, միջին օղակում՝ ազատարձակները, իսկ գլխամասում՝ ազատ մարդիկ։ Ազատների դասը ևս իր հերթին ունի առանձին շերտավորում։ Այդ տարանջատումն իր վառ դրսևորումներով արտահայտված է պատրիկների և պլեբեյների հարաբերություններում։ Պատրիկները Հռոմի հիմնադիրների ժառանգներն էին, ովքեր ամենաբարձր դիրքավորումն ունեին հռոմեական սոցիալական աստիճանակարգության մեջ․ նրանք էին երկրի գլխավոր հողատերերը, ունեին առանձնաշնորհյալ կարգավիճակ և պետական իշխանության նկատմամբ բացառիկ մենաշնորհ։ Պլեբեյները միջին և ստորին խավերի ներկայացուցիչներն էին, ովքեր ծառայում էին հռոմեական բանակում, սակայն ի տարբերություն պատրիկների՝ գրավված տարածքներից հողաբաժին չէին ստանում։ Սակայն, երկարատև դասակարգային պայքարի արդյունքում պլեբեյները կարողանում են գրեթե միևնույն հարթության վրա հայտնվել պատրիկների հետ։ Այդկերպ, պլեբեյների դասից սերվող Գայոս Մարիոսը և Ցիցերոնը կոչվում են Homo novus (թարգմանաբար՝ «նոր մարդ»), որով վերջիններս (ինչպես և նրանց ժառանգները) ստանում էին ազնվականական ստատուս։ Այնուամենայնիվ, դեռևս ուշ հանրապետության շրջանում պատրիկների և պլեբեյների հակասությունները պահպանում էր իր արդիականությունը։ Ժամանակի ընթացքում էլ ավելի կարևոր է դառնում զինվորական հեղինակության վրա հիմնված դասային բաժանումը։ Կարևոր գործոն էր նաև գույքային վիճակը։ Քաղաքացիների և նրանց գույքի հաշվառումը, ծերակուտականների և հեծյալների ցուցակների կազմումը, ինչպես նաև պետական ֆինանսների հսկումը իրականացնում էին ցենզորները։ Ամենահարուստը սենատորական դասակարգի ներկայացուցիչներն էին ու հեծյալները (Eques)։
Ընտրելու և ընտրվելու քաղաքական իրավունքները ևս պայմանավորված էին դասային պատկանելիությամբ։ Կանանց իրավունքները ստորադասված էին․ ազդեցիկ հեղինակություն ունեցող կանայք ունեին որոշ հիմնարար իրավունքներ, սակայն, ամեն դեպքում դիտարկվում էին որպես ոչ լիիրավ քաղաքացի (հետևաբար՝ վերջիններս չունեին ընտրական իրավունքներ)։ Ավելի ուշ շրջանում կանայք ձեռք են բերել սեփականության իրավունք՝ որոշ դեպքերում դոմինանտելով իրենց ամուսինների նկատմամբ[6]։ Չնայած այս ամենին՝ Հռոմեական պետությունում կանայք երբեք չեն ունեցել ընտրական իրավունքներ և երբեք չեն ներգրավվել քաղաքականության մեջ։ Օգոստոս Օկտավիանոսի կառավարման օրոք կայսերական հրովարտակով որոշ «բարեկամ և դաշնակից» քաղաքների բնակիչներին (Գալլիայից, Հիսպանիայից և Կարթագենից) թույլ էր տրվում ձեռք բերել Լատինական լիարժեք քաղաքացիություն (այս գործընթացը կոչվում է «Peregrinus»), սահմանափակ չափով ներկայացված լինել նաև Հռոմեական սենատում։ 212 թվականին Կարակալլա կայսրը քաղաքացիության իրավունք է շնորհում կայսրության տարածքում բնակվող բոլոր ազատներին։
Իրավունք և իրավական միտք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական իրավունքն իր ժամանակի ամենակատարյալ իրավական համակարգն էր, որը գործել է 13 դար շարունակ։ Հին հռոմեացիները կարևորում էին իրավունքի կարգավորիչ դերքը հասարակական հարաբերություններում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ արտահայտությունը, որը տարածված էր հռոմեական հասարակայնության շրջանում և արտահայտում էր օրենքի նկատմամբ վերաբերմունքը Հին Հռոմում․ «jus, jus et nihil plus», թարգմանաբար՝ «իրավունք, իրավունք և ոչինչ ավելին»։ Այն հիմնված էր մասնավոր սեփականության ինստիտուտի վրա, իսկ վերջինիս տեսական հիմքը հին հունական իրավունքն էր։ Սոլոնի օրենքների ուսումնասիրության արդյունքում մ․թ․ա․ 449 թվականին հրապարակվում է «Տասներկու աղյուսակների օրենքներ»-ը, որը, ինքնին, հռոմեական իրավունքի (խարսխված էր սովորույթի, կրոնական օրենքների և բարոյանորմերի վրա) առաջին կանոնակարգումն էր։ Հռոմի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր էր անգիր իմանալ այդ օրենքները։ Գրավոր օրենքների ընդունումը նախ և առաջ ձեռնտու էր պլեբեյներին․ այդկերպ նրանք կարողանում էին պաշտպանվել պատրիկ արդարադատների կամայականություններից։ «Տասներկու աղյուսակների օրենքներ»-ը Հռոմեական կայսրության համար հետագայում ծառայում է նաև որպես իրավունքի հիմնական աղբյուր։ Այս օրենքների բովանդակությունը մեզ չի հասել, մինչդեռ որոշ հատվածներ պահպանվել են հռոմեացի հայտնի իրավաբաններ Ցիցերոնի և Ուլպիանոսի աշխատություններում։ 6-րդ դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի հրամանով կազմվում է «քաղաքացիական իրավունքի ժողովածու»-ն[7] (corpus juris civilis), որով հռոմեական իրավունքը հաշտեցվում էր ֆեոդալիզմի հետ։ Այս կոդեքսը, որպես իրավունքի բացառիկ աղբյուր, կիրառվում է Միջնադարյան Եվրոպայի մեծ մասում մինչև 17-րդ դար։
Հռոմեական իրավունքը կազմված էր երկու հիմնական ճյուղերից՝ հանրային և մասնավոր։ Առավել տարածուն էր մասնավոր իրավունքը և դա է պատճատը, որ հռոմեական իրավունք ասելով առավել հաճախ հասկանում են հենց հռոմեական մասնավոր իրավունքը։ Ըստ հայտնի իրավաբան Ուլպիանոսի՝ «հանրային իրավունքը այն է, ինչ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, ինչ վերաբերում է մասնավոր անձանց շահերին»։ Դրանք էլ իրենց հերթին բաժանվում էին քաղաքացիական, ազգերի և բնաիրավական ենթատեսակների։ Հռոմեական մասնավոր իրավունքի հիմնարար դրույթները, նրա ինստիտուտներն այսօր էլ կազմում են ժամանակակակից քաղաքացիական իրավունքի հիմքը։ Ֆրիդրիխ Էնգելսը հռոմեական իրավունքը բնութագրել է հետևյալ ձևով․
Հռոմեական իրավունքը համարվում է հասարակական ընդհարումների և կյանքի պայմանների այնպիսի դասական արտացոլում, որտեղ տիրում է զուտ մասնավոր սեփականությունը և, որ հետագա ողջ օրենսդրությունը չկարողացավ նրանում մտցնել որևէ էական փոփոխություն։ - Ֆրիդրիխ Էնգելս, գերմանացի փիլիսոփա
|
Պետական իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի պատմության սկզբնական շրջանում երկիրը կառավարվում էր թագավորների կողմից, որոնք հաջորդաբար ընտրվում էին արիստոկրատ ցեղերի ավագանիներից։ Թագավորի իրավասությունների ճշգրիտ սահմանների կանխորոշումն արդի գիտության համար մնում հիմնախնդիր է։ Ամենայն հավանականությամբ, թագավորական շրջանում Հռոմի միապետներն ունեցել են անսահմանափակ (բացարձակ) իշխանություն՝ իշխել որպես միահեծան տիրակալներ։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ արքան կարող էր հանդես գալ որպես սենատի և ժողովրդի գործադիր ղեկավար։ Համենայն դեպս, մեզ հայտնի տեղեկությունները տեղի են տալիս հավաստել, որ ռազմական իշխանության իրականացման հարցում թագավորն ունեցել է բացարձակ լիազորություններ։ Թագավորական Հռոմում միապետը նաև երկրի կրոնական առաջնորդն էր։ Երկրի կառավարման գործում նշանակալի դեր ունեին նաև ժողովրդական երեք ժողովները՝ կուրիական կոմիտիան (comitia curiata), տրիբուսային կոմիտիան (comitia populi tributa) և սենատը։ Առանձնակի կարևորություն ուներ սենատը, որը թագավորի համար ծառայում էր որպես խորհրդատվական մարմին։ Ժողովրդական ժողովները վճռում էին խաղաղության և պատերազմի հարցեր, ընտրում թագավոր և այլ պաշտոնյաներ, հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով։
Թագավորության անկմանը հաջորդում է հանրապետության հաստատումը։ Հանրապետական կարգերի հաստատումը դասակարգային պայքարի ելքային հետևանքն էր, որը բնութագրվում էր քաղաքական անորոշությամբ․ սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հռոմեական հանրապետությունը ժողովրդավարական վարչաձևի և օլիգարխիկ ռեժիմի անսովոր համադրություն էր։ Օրենքներ ընդունելու բացառիկ իրավասությունը վերապահված էր ժողովրդական ժողովներին։ Հանրապետական Հռոմի սենատը օլիգարխիկ մարմին էր, որը վերաճել էր հանրային կյանքի կարևորագույն օղակի։ Նոր սենատորներն ընտրվում, իսկ գործողները՝ հեռացվում էին ցենզորների (Censura) կողմից։ Սենատորը կարող էր օրենսդիր մարմնից հեռացվել, եթե ցենզորների կողմից պիտակվեր «բարոյապես կոռումպացված»։ Այդպիսի մեղադրանք առաջադրվում էր այն ժամանակ, երբ օրենսդիրը կասկածվում էր կաշառակերության մեջ։ Ավելի ուշ՝ դիկտատոր Սուլլայի բարեփոխումներից հետո, քվեստորները ինքնաբերաբար դառնում են սենատի անդամներ։
Հռոմեական հանրապետությունում չկար կայուն բյուրոկրատիա, իսկ հարկահավաքությունը կատարվում էր բնամթերային գանձման միջոցով։ Այնուամենայնիվ, հանրապետական վարչաձևը բնութագրվում էր անկայունությամբ և անորոշությամբ, քանզի պետական կառավարման մարմինների դիսպոզիցիան հաճախակիորեն հարմարեցվում էր իշխող դասակարգի կամքին կամ կլանային շահերին։ Կայսրության վաղ շրջանում՝ Օգոստոս Օկտավիանոսի կառավարման սկզբնամասում, հանրապետական ռեժիմը կրում է որոշակի փոփոխություններ, սակայն սկզբունքային առումով մնում է նույնը։ Հռոմի կայսրը համարվում էր «քաղաքացիներից առաջինը»։ Սենատը կայսերական վարչակարգի պայմաններում ստանում է օրենսդիր իշխանության բացառիկ լիազորություններ, որի արդյունքում նախկինում գործող ժողովրդական ժողովները մղվում են երկրորդական պլան։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ հանրապետական ժամանակաշրջանի Հռոմում չկային հանրային դպրոցներ, ուստի տղա երեխաները կարդալ և գրել սովորում էին իրենց ծնողների ուսուցչության ներքո[8]։ Հաճախ երեխաներին դասավանդում էին կրթված ստրուկները (մեծ մասամբ՝ հույն[9]), որոնք կոչվում էին paedagogus[10]։
Այդ ժամանակահատվածում կրթության հիմնական նպատակը մեծատոհմիկ ընտանիքների տղա երեխաներին գյուղատնտեսությանը, ռազմական արվեստին, հռոմեական ավանդույթներին և հասարակական գործերին ծանոթացնելն էր[9]։ Դա է պատճառը, որ արական սեռի ներկայացուցիչները հռոմեական հասարակությունում առավել կրթված ու բանիմաց էին։ Ժամանակի լավագույն ուսումը ստանում էին ազնվականական տներից սերվող տղաները, շատ ժամանակ նույնիսկ աղջիկները[10]։ Ազնվականների որդիները 16 տարեկան հասակում արդեն մուտք էին գործում քաղաքական ասպարեզ, իսկ 17 տարեկանում՝ մասնակցում ռազմական արշավանքներին[10]։ Կրթական այս համակարգը գործնականում պահպանվում է մինչև վաղ կայսերական ժամանակաշրջան։ Մ․թ․ա․ 3-րդ դարում՝ Հունաստանի և հելլենիստական մյուս թագավորությունների նվաճումից հետո, հռոմեական կրթական համակարգը մասշտաբայնորեն ենթարկվում է հունականի ազդեցությանը՝ պահպանելով իր ինքնատիպությունը[10][11]։ Առավել ունևոր ընտանիքների 7 տարին լրացած տղաներն ու աղջիկները (երբեմն) 7 տարին լրանալուց հետո հաճախում էին մասնավոր դպրոցներ։ Լուդուսներում հույն ուսուցիչների (նրանք հաճախ կոչվում էին litterator կամ magister ludi) օգնությամբ երեխաները սովորում էին իրենց մայրենի լեզվով՝ լատիներենով, կարդալ, գրել, թվաբանություն և երբեմն նույնիսկ դասական հունարեն։ Լուդուսներում երեխաները սովորում էին մինչև 11 տարին լրանալը[8][10][12]։
12 տարեկանից սկսած սովորողները հաճախում էին միջնակարգ դպրոցներ, որտեղ ուսուցիչը (grammaticus) նրանց ծանոթացնում էր հունական և լատինական գրականությանը[10][12]։ 16 տարեկանում որոշ ուսանողներ սկսում են ուսանել հռետորական դպրոցներում[10][12]։ Նրանք պարտավորվում էին սովորել տասներկու աղբյուսակների օրենքներն անգիր[10] և գործնականում կիրառել դրանք։ Այս մակարդակի կրթությունը ուսանողներին հնարավորություն էր ընձեռում դառնալ իրավաբան։ Մեզ հասած գրավոր սկզբնաղբյուրները հավաստում են, որ աշակերտները դպրոց հաճախել են գրեթե ամեն օր, բացառությամն կրոնական փառատոնների և շուկայի օրերի։ Եղել են նաև ամառային արձակուրդներ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական հասարակության հիմնական բջիջն ընտանիքն էր[13]։ Դասական ընտանիքը կազմված էր հետևյալ անդամներից․ ընտանիքի գլուխ (սովորաբար՝ հայրը), pater familias (ընտանիքի հայր), տան տիկին, երեխաներ, իսկ որոշ դեպքերում նաև այլ ազգակիցներ։ Բարձր խավի ընտանիքներում տնային տնեսության մաս են կազմում նաև ստրուկները և ծառաները[13]։ Ընտանիքի գլուխը (patria potestas, «հայր իշխանություն») տնային տնտեսության ղեկավարն էր․ նրա կայացրած որոշումները պետք է միանշանակ լինեին մյուսների համար։ Նա կարող էր ընտանիքի կրտսեր անդամներին կնության տալ կամ ամուսնացնել՝ անձնային կամ ընտանեկան շահերից ելնելով, իր երեխաներին վաճառել ստրկության, ընդհանուրի ունեցվածքը սեփականաշնորհել և նույնիսկ՝ որպես պատիժ սպանել ընտանիքի անդամին (գործնականում այս պրակտիկան վերացել է մ․թ․ա․ 1-ին դարից հետո)[14]։
Patria potestas-ի սոցիալական դիրքը պետք է ընկալվեր նաև ընտանիքի մյուս տղամարդ անդամների շրջանում։ Ըստ հռոմեական սովորութային իրավունքի՝ տղամարդը չէր կարող դառնալ Patria potestas, քանի դեռ իր հայրը կենդանի էր[14][15]։ Հռոմի վաղ շրջանի պատմության ընթացքում կանայք և աղջիկները ամուսնանալով հայտնվում էին իրենց ամուսնու ընտանիքի ավագ անդամի անմիջական տնօրինման ներքո։ Արդեն ավելի ուշ՝ կայսերական շրջանում, կինը ձեռք է բերում ընտրության իրավունք․ ճանաչել կա՛մ հայրական, կա՛մ ամուսնու ընտանիքի որոշումները[16]։ Հին հռոմեացիները գենետիկական շառավիղը հաշվում էին արական սեռի ժառանգականությամբ, ուստի տնային տնտեսության պայմաններում ծնված ցանկացած երեխա պատկանում էր ամուսնու ընտանիքին[17]։ Հին Հռոմում, հատկապես՝ հանրապետության տարիներին (ավելի հաճախ՝ բարձր վերնախավի շրջանում), ընտանիքները հանդես էին գալիս ոչ թե փոխադարձ սիրո վրա հիմնված միավորումներ, այլ որպես քաղաքական կամ տնտեսական դաշինքներ[18][19]։ Բարձրաստիճան տոհմի ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների ամուսնությունը կայուն երաշխիքներ էին ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարթություններում, և կարգավորվում էին զանազան բարդ և խճճված հարաբերություններ։ Որպես կանոն, ամուսնական զույգերից տարիքով ավելի մեծ էին տղաները, մինչդեռ ազնվականական ամուսնությունների ժամանակ այս օրինաչափությունը ոչ միշտ էր պահվում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օկտավիանոս Օգոստոս» անունն ամրագրվել է պատմագրության մեջ, սակայն կայսրն ինքը նախընտրել է «Կեսար Օգոստոս» տարբերակը։ Տիտղոսները մահվան պահին՝ Imperator Caesar Divi filius Augustus, Pontifex Maximus, Consul XIII, Imperator XXI, Tribuniciae potestatis XXXVII, Pater Patriae (Կայսր, Աստվածային Կեսարի որդի, Օգոստոս, Մեծ Պոնտիֆեքս, Կոնսուլ 13 անգամ, Կայսր 21 անգամ, ստացել է ժողովրդական տրիբունի իշխանություն 37 անգամ, Հայրենիքի հայր)։
- ↑ «Օգոստոս» լատիներեն է, նշանակում է «սրբազան», հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Duiker, William; Spielvogel, Jackson (2001). World History (Third ed.). Wadsworth. էջ 149. ISBN 978-0-534-57168-9.
- ↑ Abstract of The population of ancient Rome. by Glenn R. Storey. HighBeam Research. 1 December 1997. Retrieved 22 April 2007.
- ↑ The Population of Rome by Whitney J. Oates. Originally published in Classical Philology. Vol. 29, No. 2 (April 1934), pp. 101–116. Retrieved 22 April 2007.
- ↑ N.Morley, Metropolis and Hinterland (Cambridge, 1996) 174–83
- ↑ Gawande, Atul (2014). Being Mortal. London: Profile Books. էջ 32. ISBN 9781846685828.
- ↑ Frank Frost Abbott, Society and Politics in Ancient Rome, BiblioBazaar, LLC, 2009, p. 41
- ↑ Adkins, Lesley; Adkins, Roy (1998). Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 46. ISBN 978-0-19-512332-6.
- ↑ 8,0 8,1 Werner, Paul (1978). Life in Rome in Ancient Times. Geneva: Editions Minerva S.A. էջ 31.
- ↑ 9,0 9,1 Lecture 13: A Brief Social History of the Roman Empire by Steven Kreis. 11 October 2006. Retrieved 2 April 2007.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Adkins, Lesley; Adkins, Roy (1998). Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 211. ISBN 978-0-19-512332-6.
- ↑ Duiker, William; Spielvogel, Jackson (2001). World History (Third ed.). Wadsworth. էջ 143. ISBN 978-0-534-57168-9.
- ↑ 12,0 12,1 12,2 Roman Education. Latin ExCET Preparation. Texas Classical Association, by Ginny Lindzey, September 1998. Retrieved 27 March 2007.
- ↑ 13,0 13,1 Duiker, William; Spielvogel, Jackson (2001). World History (Third ed.). Wadsworth. էջ 146. ISBN 978-0-534-57168-9.
- ↑ 14,0 14,1 Casson, Lionel (1998). Everyday Life in Ancient Rome. Baltimore: The Johns Hopkins University Press. էջեր 10–11. ISBN 978-0-8018-5992-2.
- ↑ Family Values in Ancient Rome by Richard Saller. The University of Chicago Library Digital Collections: Fathom Archive. 2001. Visited 14 April 2007.
- ↑ Adkins, Lesley; Adkins, Roy (1998). Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 339. ISBN 978-0-19-512332-6.
- ↑ Adkins, Lesley; Adkins, Roy (1998). Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 340. ISBN 978-0-19-512332-6.
- ↑ Rawson, Beryl (1987). The Family in Ancient Rome: New Perspectives (անգլերեն). Cornell University Press. էջ 7. ISBN 978-0801494604.
- ↑ Lifepac History & Geography, Grade 6 Unit 3, p. 28.z
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի և Հռովմայ, Վնտ., 1912։
- Մանանդյան Հ., Երկ., հ. 1, Երևան, 1977։
- Մանասերյան Ռ., Տիգրան Բ Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Հռոմ» հոդվածին։ |
|
- Pages using the EasyTimeline extension
- Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմ
- Անտիկ շրջան
- Եվրոպայի պատմական երկրներ
- Եվրոպայի պատմություն
- Իտալիայի պատմություն
- Հին Հռոմ
- Հին աշխարհ
- Հին աշխարհի պատմական երկրներ
- Հռոմեական իրավունք
- Հռոմեական կայսրություն
- Մերձավոր Արևելքի պատմական պետություններ
- Միջերկրածովյան երկրների պատմություն
- Պատմական երկրներ
- Քաղաքակրթություններ