1897 թվականին ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1910 թվականիցից՝ ակադեմիկոս)։ Վաղ շրջանի գործերում դիմել է հին ռուսական ճարտարապետական ավանդույթների մշակմանը (Մոսկվայի Կազանյան կայարանի համալիրը, սկսվել է 1914 թվականին, և այլն)։ Խորհրդային տարիներին Շչուսևը մասնակցել է Մոսկվայի վերակառուցման հատակագծի մշակմանը (1918-1925 թվականներ), 1920-ական թվականներին հարել է կոնստրուկտիվիզմին (Կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի ԳՀԻ Սոչիում, 1927-1931 թվականներ, Հողժողկոմատի շենքը Մոսկվայում, 1928-1933 թվականներ)։ Ճարտարապետի ստեղծագործական նվաճումն է Լենինի դամբարանը Մոսկվայում։ 1930-1940-ական թվականներին ձգտել է զարգացնել անցյալի ճարտարապետական առաջավոր ավանդույթները («Մոսկվա» հյուրանոցի շենքը, 1932-1938 թվականներ, համահեղինակների հետ, Մոսկվորեցկի կամուրջը, 1936-1938 թվականներ, Ձերժինսկու հրապարակի վարչական շենքը, 1946 թվական, բոլորը՝ Մոսկվայում)։ Վրացական ճարտարապետական մոտիվները կիրառել է Թբիլիսիում ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի շենքը կառուցելիս (1938 թվական), ուզբեկական՝ Տաշքենդի Օպերայի և բալետի թատրոնում (1947 թվական), 17-րդ դարի ռուսական՝ Մոսկվայի մետրոյի «Կոմսոմոլսկայա-կոլցևայա» կայարանը (բացվել է 1952 թվականին) ձևավորելիս։ Շչուսևի նշանակալից քաղաքաշինական գործերից են ավերված քաղաքների վերականգնման նախագծերը (Իստրա, 1942-1943 թվականներ, Նովգորոդ, 1943-1945 թվականներ, Քիշնև, 1947 թվական)։ Շչուսևն ավելի քան 200 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941 թվական, 1946 թվական, 1948 թվական, 1952 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 553)։