Jump to content

Թռչնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավերը ցանցավոր մարտկոցում

Թռչնաբուծություն, գյուղատնտեսության ոլորտներից է, որը մասնագիտացել է թռչնամսի և ձվի արտադրության մեջ։ Թռչնաբուծության կողմնակի արտադրանքները աղվափետուր ու փետուրներն են, իսկ արտադրության թափոնները օգտագործում են մսոսկրային ալյուրի պատրաստման համար։

Սննդային ձվերը հիմնականում ստանում են հավերի ձվատու ցեղատեսակներից, իսկ փոքր ծավալով մսա-ձվատու և մսատու ցեղատեսակների հավերից։ Թռչնամսի ստացման հիմնական աղբյուրը բրոյլեր ցեղատեսակի հավերն են։ Թռչնամիս ստանալու նպատակով բուծում են հավերի մսատու ցեղատեսակներ, բադեր, սագեր, մսատու աղավնիներ, լորեր, ջայլամներ, հնդկահավեր[1][2]։

Ժամանակակից թռչնաֆաբրիկաները զբաղվում են ոչ միայն թռչունների բուծմամբ, այլ նրանց մսից կիսաֆաբրիկատների պատրաստմամբ։ Հիմնական գործընթացները ավտոմատացված են։ Թռչուններին պահելու համար հաճախ օգտագործում են բջջային մարտկոցներ։

Թռչնաբուծությունը բավականին մեծ զարգացում է ունեցել Չինաստանում, Հնդկաստանում, Եվրոպայում և Հին Հռոմում շատ դարեր առաջ։ Այն ծագել է Հնդկաստանում մեր թվարկությունից երեք հազար տարի առաջ, որտեղ առաջին անգամ ընտելացրել են հավերի և այսեղից էլ տարածվել այլ երկրներ։ Տեղեկությունների համաձայն Եվրոպայում և Ասիայում ընտանի հավերին և սագերին բազմացրել են դեռևս մեր թվարկությունից դարեր առաջ։ Հնդկահավերիը ընտելացվել են Ամերկայում և առաջին անգամ Եվրոպա են բերվել XVI դարում։

Եվրոպայում հավերի և այլ թռչունների բուծումը սկսվել է XVIII դարում` Ֆրանսիայում, Հնդկաստանում և Անգլիայում։ Հետագայում ընտրությունների և համապատասխան խնամքի արդյունքում, խաչասերման միջոցով հաջողվեց ստանալ նշանակալից արդյունքներ (ձվադրող, պտղաբերող, մսատու) և, ստացվեցին մեծ թվով նոր ցեղատեսակներ։

Հենց հավաբուծությունը մեծ տարածում ստացավ, բորովհետև հավերը (շատ դեպքերում թռչնաբուծությունը դա հավերի բուծումն է) պահանջկոտ չեն սննդի, խնամքի, պահելու նկատմամբ։ Սակայն ամենակարևորը այն է, որ ստացված ձվերի քանակը զգալիորեն շատ են, քան նույն ժամանակահատվածում այլ թռչունների հետ համեմատած։

Հայաստանում թռչնաբուծություն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Ըստ խեթական գրավոր հուշարձանների, դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի ևն)։ Հայաստանում թռչնաբուծության զարգացման մասին տեղեկություններ կան Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Ղևոնդ Ալիշանի և այլոց աշխատություններում։ Թռչունների բուծման, խնամքի, կերակրման և այլ հարցեր ընդգրկված են «Դիրք վաստակոց» (11-ից 12-րդ դարեր) թարգմանական գրվածքում, Կովկասյան գյուղատնտեսական ընկերության հրատարակություններում (14-րդ դար)։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես անասնապահության ճյուղ, թռչնաբուծության փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես, բուսաբուծության հետ։ Ունի տնտեսական բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերհատուցում ևն)։ Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5-6 ամսականում, առաջին տարում յուրաքանչյուր հավից ստացվում է մոտ 100 ձու, իսկ մեկ ածանից՝ 140-150 սերունդ։ Բարձր է նաև աճի տեմպը, մեկ օրական ճուտը կշռում է 35-36 գ, իսկ 70-75 օրականը՝ մինչև 1,5 կգ։ Կերակրման և պահվածքի բնականոն պայմաններում մսացու ճտերի (բրոյլեր) 1 կգ քաշի համար ծախսվում է 2,2-2,5 կգ կերամիավոր։ Բացի այդ, թռչունի սաղմը զարգանում է հիմնականում մոր օրգանիզմից դուրս, որն էլ հնարավոր է դարձնում արդիական մասշտաբներով կազմակերպել ճտահանությունը (ինկուբացիան), անկախ տարվա եղանակից արտադրել թռչնաբուծական մթերք ու աճեցնել ճտեր մայրական հոտն անընդմեջ համալրելու համար։ Վայրի թռչունների ընտելացումն սկսվել է դեռես մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ հազարամյակում, Հնդկաստանում և Չինաստանում։ Աստիճանաբար ընտելացվել են հավը, աղավնին, սագը, բադը, հնդկահավը, ապա՝ խլահավը և լորը։ Ընտելացված թռչունների բազմացման, մթերատվության հատկանիշների աստիճանական բարելավման և սելեկցիայի միջոցով դրվել է թռչնաբուծության ճյուղերի և ուղղությունների հիմքը։ Թռչնաբուծությունն ընդգրկում է հավաբուծությունը, սագաբուծությունը, բադաբուծությունը, հնդկահավաբուծությունը, խլահավերի և լորերի բուծումը և ունի ձվային, մսային ու խառն ուղղություններ։ ԽՍՀՄ-ում թռչնաբուծությունը սկսել է զարգանալ 20-ական թվականներին, երբ կազմակերպվեցին կոլտնտեսային թռչնաբուծական ֆերմաներ, թռչնաբուծական ինկուբատորային կայաններ, ինկուբատորներ, 1925 թվականից՝ խորհրդային տնտեսություններ, իսկ 1930-1932 թվականներին՝ թռչնաբուծական ֆաբրիկաներ։ 1974 թվականին ձվի համախառն արտադրանքի ծավալով ԽՍՀՄ աշխարհում գրավել է առաջին տեղը, իսկ յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկել 160 ձու (աշխարհում միջինը՝ 85-90)։ Թռչնաբուծությունը նոր նշանակություն ձեռք բերեց սովետական կարգերի հաստատումից հետո, երբ 1930-ական թվականներին կազմակերպվեցին կոլտնտեսություններ և սովետական տնտեսություններ։ 1949 թվականին ՀԽՍՀ տնտեսություններում կար ընդամենը 219 հազար, 1959 թվականին՝ 502 հազար, 1965 թվականին՝ մեկ միլիոն թռչուն։ 1964 թվականից թռչնաբուծությունը աստիճանաբար ինտենսիվացվում, մեքենայացվում ու ավտոմատացվում է՝ փոխադրվելով արդյունաբերության հիմքի վրա։ 1965 թվականին թռչունների ընդհանուր գլխաքանակը կազմել է 5,762, իսկ 1975 թվականին՝ 6561,3 հազար, 1975 թվականին արտադրվել է 350,3 միլիոն ձու։ 1975 թվականին գործում Էր 13 թռչնաբուծական ֆաբրիկա, 22 խորհրդային տնտեսություն և 19 թիկ։ Հանրային թռչնաբուծության վերելքին զուգընթաց զարգանում Է տնամերձ թռչնաբուծությունը։ 1975 թվականին ՀԽՍՀ-ում ձվի համախառն արտադրանքի կեսից ավելին ստացվել Էր տնամերձ թռչնաբուծությունիցից։

Ըստ նշանակության լինում են՝ տոհմային (այլ տնտեսությունների համար հավերի հիբրիդ. ճտերի աճեցման) և մթերատու (ձվատու և մսատու ուղղություններ) թռչնաբուծական ֆերմաներ։

Ձվի արտադրության թռչնաբուծական ֆերմաները լինում են` 50 և 100 հազար ածան հավերի, մսի արտադրության (ըստ տարեկան մթերվող մսացու ճտերի) հավերի՝ 750 հազար, 1 միլիոն և 1,5 միլիոն, հնդկահավերի՝ 25, 50 և 100 հազար, բադերի՝ 125, 250 և 500 հազար համար։ Ավելի մեծ հզորության թռչնաբուծական ձեռնարկությունները կազմակերպում են որպես թռչնաֆաբրիկաներ։

Թռչնաբուծական ֆերմայի տեղակայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնաբուծական ֆերմաներում թռչուններին տեղավորում են հատուկ շինություններում՝ թռչնանոցներում, թռչնաբուծական ֆերմաներում կան նաև կերարտադրամասեր, կերախոհանոց, ավտոտնակներ (ծածկարաններ), մեխանիզմների կայանատեղեր, կենդանաբանական և անասնաբուժական լաբորատորիաներ, անասնաբուժական շինություններ, թռչնաղբի մշակման արտադրամասեր, կեղտաջրերի մաքրման կառույցներ, կերի, ցամքարի և գույքի պահեստներ, թռչնաղբապահեստարան, վարչատնտեսական շենքեր և ծառայողակենցաղային շինություններ։ Թռչնաբուծական ֆերմաները կառուցում են հարթ ռելիեֆով չոր, չջրածածկվող հողամասերի վրա, տեղակայում բնակելի գոտու հողմահակառակ կողմում, անասնաբուժական և մաքրիչ կառույցների, կաթսայատների նկատմամբ՝ հողմակողմում։ Բնակելի շինություններից այն պետք է հեռու լինի առնվազն 300 մ։ Տոհմային մատղաշի և ճտահանության մասնաշենքերը տեղակայում են մյուս շինությունների հողմակողմում, իսկ արդյունաբերական նպատակով օգտագործվող շինությունները՝ թխսամայրերի շինությունների հողմահակառակ կողմում։ Սպանդանոցը տեղակայում են թռչնանոցի հողմահակառակ կողմում՝ առնվազն 60 մ հեռավորությամբ, թռչնաղբապահեստարանը կամ թռչնաղբի չորացման արտադրամասը՝ հողմահակառակ կողմում՝ առնվազն՝ 300 մ հեռավորությամբ։ Թռչունների պահվածքի գոտու մուտքի մոտ նախատեսում են սպասարկող անձնակազմի համար սանբլոկներ։ Վարչատնտեսական շենքը, անասնաբուժական լաբորատորիաները, նորոգման արհեստանոցները, ավտոտնակները, պահեստային շինությունները կառուցում են թռչնանոցներից առնվազն 60 մ հեռավորությամբ։

Թռչնաբուծությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին թռչնաբուծական ֆերման հիմնադրվել է 1926 թվականին Թոխմախան գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում)։ 1930 թվականին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը (Դիլիջանի մոտ), ապա մինչև 1930-ական թվականների վերջը՝ ճտահանման կայաններ և թռչնաբուծական ֆերմաներով տնտեսություններ։ 1949-1951 թվականներին Հայաստանում կառուցվել է թռչնաբուծական, ինկուբատորային 7 կայան, իսկ 1953 թվականին դրանց թիվը հասել է 13-ի՝ 700 հազար ձվատարությամբ։ 1990 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի և տնտեսության փլուզման հետ վերացել են նաև պետական թռչնաբուծական ֆերմաները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Птицеводство — Энциклопедия сельского хозяйства — Энциклопедии & Словари». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  2. Птицеводство // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչնաբուծություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 216