Կոնկառնո (ֆր.՝ Concarneau, բրետոներեն՝ Konk Kerne. բրետոներենից թարգմանած՝ նշանակում է Կոռնուոլի ծովածոց), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան երկրամասի Ֆինիստե դեպարտամենտի Քեմպերի շրջանում[4], որի կազմի մեջ մտնող նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Մորոյի գետաբերանի մոտ, շրջկենտրոնից՝ Քեմպեր քաղաքից 21, Վանից՝ 100, ազգային N165 ավտոմայրուղուց՝ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 41,08 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 19 816։
Համայնքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում, ինչի վկայությունն են նորքարեդարյան ժամանակներից պահպանված դոլմենները, երկաթի դարի ժամանակների քաղաքի, գալլա-հռոմեական ժամանակների բնակավայրի մնացորդները։
Պատմական փաստաթղթերում Կոնկառնոն առաջին անգամ հիշատակվել է 1050 թվականին՝ իբրև Կոնկ կղզու բնակավայր, որը հիմնվել է Լանդևենեկ աբբայության վանականների կողմից։ Ըստ մեկ այլ վարկածի՝ բնակավայրը հիմնել է Յուդիկայել թագավորի թոռ Կոնկառը։
Ներկայիս քաղաքը երկու մասի է բաժանված. արդիական հատվածը մայրցամաքում է, պատմականը՝ միջնադարյան, պարսպապատված Ville Close-ը՝ նավահանգստի կենտրոնում տարածվող երկարուձիգ կղզու վրա։ Պատմականորեն Կոնկառնոն եղել է նավաշինական կենտրոն. պահպանվել են 14-րդ դարի նավաշինարանի մնացորդները[4]։ Ville Close-ում գրեթե ամեն ինչ ծառայեցվում է զբոսաշրջությանը. գործում են բազմաթիվ ռեստորաններ, խանութներ, հուշանվերների կրպակներ։ Ուշադրություն գրավող տեսարժան վայրերից է նաև ձկնորսության թանգարանը։
Ville Close-ը մայրցամաքի հետ կապված է կամրջով։ Կա նաև լաստանավային հաղորդակցություն։