Շելերի հայացքները ձևավորվել են Է․Հուսեռլի ուսմունքի և կյանքի փիլիսոփայության ազդեցությամբ։ Իր ֆենոմենոլոգիական մեթոդը հակադրել է ինչպես ռացիոնալիզմին՝ նրա վերացական նախադրյալներով հանդերձ, այնպես էլ փորձը զգայություններին հանգեցնող նեղ էմպիրիզմին։ Ըստ Շելերի, եվրոպական ոգու ճգնաժամի հիմքը սկզբնական անխառն աշխարհընկալումը մտածողության ստերեոտիպերով փոխարինվելու և մարդու կողմից արժեքի զգացողության կորստի մեջ է։ Շելերը փորձել է ստեղծել ամբողջական ուսմունք իրերի հետ անմիջական կապ հաստատող և արժեքների ինտուիցիային համահնչուն աշխարհ արարող մարդու մասին («Տիեզերքում մարդու տեղի մասին», 1928)։ Նրա փիլյան կենտրոնական խնդիրը գիտելիքի և գործունեության բոլոր բնագավառներում ձևապաշտության հաղթահարումն է։ Այսպես, կանտական ձևական ապրիորիին Շելերը հակադրել է նյութական ապրիորին, որը իմացաբանական առումով իրերի էության ըմբռնման հնարավորություն է ընձեռում, իսկ բարոյագիտական աոումով դրա շնորհիվ վերացական պարտքը Փոխարինվում է մարդուն իսկական հաղորդակցում ապահովող համակրանքի զգացմունքով («Համակրանքի էությունը և ձևերը», 1923)։ Նա «սրտի կարգը» վեր է դասել բանականության տրամաբանությունից և եզակի փորձ ձեռնարկել այդ «կարգին» մաթ. խստությանը մոտեցող ճշգրտություն տալ։ Շելերի երկերն աչքի են ընկնում սուր ճգնաժամային զգացողությամբ և մտածողության ոչ ավանդական ոճով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 476)։