Մոնմարտր
Մոնմարտր (ֆր.՝ Montmartre), Փարիզի հյուսիսում գտնվող 130-մետրանոց բլրի և հինհռոմեական բնակավայրի անվանում։ 1860 թվականին դարձել է Փարիզի մի մասը՝ իր անվանումը տալով քաղաքային 18-րդ շրջանին։
Մոնմարտր բլուրը Փարիզի ամենաբարձր կետն է։ Բլրի գագաթին գտնվում է Սակրե Կյոր բազիլիկը՝ Փարիզի հայտնի տեսարժան վայրերից մեկը։ Մոնմարտր կարելի է բարձրանալ հանրահայտ աստիճաններով կամ ֆունիկուլյորով։ 2001 թվականին էկրաններին հայտնվեց «Ամելի» ֆիլմը, որի գործողությունները կատարվում էին Մոնմարտրում։ Սա զբոսաշրջիկների նոր հոսք ավելացրեց դեպի Մոնմարտր։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոնմարտր» անվան ծագման մի քանի տարբերակներ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ անունը ծագել է լատին․՝ Mons Martis՝ Մարսի բլուր անվանումից, քանի որ անտիկ շրջանում այստեղ գտնվել է հռոմեական Մարս աստծու տաճարը։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ քաղաքն իր անվանումը ստացել է Mons Martyrium անունից, որ նշանակում է նահատակի բլուր. Այդպես է կոչվել սուրբ Դիոնիսոս Փարիզցու պատվին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեագալլական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շրջանում բլրի վրա խոյացել են երկու տաճար՝ ի պատիվ Մարս և Մերկուրի աստվածների։ Շնորհիվ գիպսի պաշարների՝ տեղանքը շուտով դառնում է ամենահարուստ շրջաններից մեկը։ Հռոմեագալլական շրջանում այստեղ կառուցվել են շատ վիլլաներ և տաճարներ, որոնք հետագայում թաքստոց են ծառայել առաջին քրիստոնյաների համար։
Մոտ 272 թվականին այստեղ գլխատվել են քրիստոնեության քարոզիչներ սուրբ Դիոնիսոսը, Ռուստիկ քահանան և Ելևֆերի սարկավագը։ Լեգենդի համաձայն՝ գլխատումից հետո Դիոնիսոսը վերցրել է կտրված գլուխը, լվացել այն և քայլել մոտ 6կմ։ Այն տեղը, ուր նա ընկել է, հետագայում կոչվել է Սեն Դենի[3]։ Միջնադարում Մոնմարտրը ուխտատեղի է եղել։ 12-րդ դարում բենեդիկտյանները այստեղ վանք են հիմնել։ Սեն Պիեռ դե Մոնմարտրը Փարիզի հնագույն սրբավայրերից է։ Այն կառուցվել է Լյուդովիկոս 16-րդի հրամանով նախկին Մարսի տաճարի տեղում և օծվել է 1147 թվականին՝ Զատկի տոնին։ 1534 թվականի օգոստոսի 15-ին Իգնատիոս դե Լոյոլան Մոնմարտրում հիմնել է ճիզվիտների միաբանությունը։
Հենց այս ժամանակ էլ հիմք դրվեց գիպս մանրացնելու համար նախատեսված հողմաղացների կառուցմանը, տնկվեցին խաղողի այգիներ։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական հեղափոխական 6-րդ պատերազմի ժամանակ՝ պրուս ֆելդմարշալ Բլյուխերի օրոք, գեներալ Լանժերոնի զորքերը գրավեցին Մոնմարտրի բարձունքը։ 1814 թվականի մարտի 20-ին ֆրանսիացի ռազմավարները կապիտուլյացիայի ենթարկեցին այն։ Հենց հաջորդ օրը ազատագրական պատերազմի դաշնակիցները մտան Փարիզ։
Մոնմարտրի ռեստորաններից մեկում կախված է հուշատախտակ, ըստ որի՝ 1814 մարտի 30-ին կազակները առաջին անգամ պահանջեցին ավելի արագ սպասարկել, որտեղից էլ առաջացավ «բիստրո» անունը (ռուս.՝ быстро,բառացի՝ արագ)[4]։ Բայց այս լեգենդը իրականությանը չի համապատասխանում. բիստրո բառը առաջացել է 1880-ական թվականներին և կապված չէ ռուսերեն բառին։
Բարոն Օսմանի ծրագրերը էապես ազդեցին Փարիզի զարգացմանը. կյանքը քաղաքում թանկացավ։ Ոչ միայն հասարակ աշխատավոր, այլև հարուստ շատ ընտանիքներ հիմնավորվեցին Մոնմարտրում, որի տնտեսության առաջատար ճյուղը դարձավ գիպսի արտադրությունը. նույնիսկ փողոցներից մեկը գիպսի սպիտակ գույնի շնորհիվ ստացավ «Սպիտակ հրապարակ» (Place Blanche) անունը։
1859 թվականի հունիսի 6-ին Մոնմարտրը դարձավ Փարիզի մի մասը։ Մեկ տարի անց Մոնմարտրի բնակչությունը 57.000 էր։ 1871 թվականի մարտին՝ ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո, Մոնմարտրում ձևավորվեց Փարիզի կոմունան։ 1871 թվականի մայիսին՝ կոմունայի անդամների արյունոտ հաշվեհարդարից հետո, Ֆրանսիայի Ազգային ժողովը որոշում ընդունեց Մոնմարտրի բլրին կառուցել եկեղեցի՝ Փարիզի ազատագրման պատվին։ Երեք տարի անց սկսվեց Սակրե Կյոր բազիլիկի կառուցումը, որն այսօր Փարիզի խորհրդանշաններից է։
19-րդ դարի վերջերին Մոնմարտրը իր ոչ այնքան բարձր գներով գրավեց արվեստի շատ գործիչների։ Այստեղ ապրել և ստեղծագործել են Ռենուարը, Վան Գոգը, Թուլուզ-Լոտրեկը, Գիյոմ Ապոլիները, Ուտրիլլոն, ավելի ուշ նաև Պիկասոն, Բրաքը, Մոդիլիանին։ Նյութապես ոչ ապահով նկարիչները վարձում էին սենյակներ Բատո-Լավուար հանրակացարանում, որտեղ չկար գազ և լույս. կար ջրի միայն մեկ ծորակ հինգ հարկերի համար։ Փարիզի բոհեմի սիրած վայրերն էին սրճարաններն ու կաբարեները, ինչպիսիք են «Սև կատու» (Chat Noir), «Արագավազ նապաստակ» (Le Lapin Agile), «Մուլեն Ռուժ» (այստեղ է ծագել ֆրանսիական կանկան պարը)[5]։
20-րդ դար, ժամանակակից շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, բոհեմային թաղամասի համբավն անցավ Մոնպարնասին։ Այսօր Մոնմարտրը Լուվրի և Էյֆելյան աշտարակի հետ զբոսաշրջիկների և փարիզցիների ամենասիրած վայրն է։ Զբոսաշրջիկների խմբերն այցելում են Սակրե Կյոր, Տերտր հրապարակ։ Մոնմարտրը «գրավել են» նկարիչները. ոչ մեծ գումարի դիմաց (15-20€) նրանք առաջարկում են զբոսաշրջիկներին նկարել վերջիններիս դիմանկարները կամ ծաղրանկարները, ինչպես նաև Տերտր հրապարակում կազմակերպում են նկարների ցուցահանդես-վաճառք։
Սեն Վենսեն փողոցում գտնվում են խաղողի այգիներ, որի բերքից տարեկան 400-500լ մոնմարտրյան գինի են պատրաստում։
Մոնմարտրում է գտնվում հանրահայտ Մուլեն Ռուժ կաբարեն, իսկ ոչ հեռու՝ 14-րդ դարից պահպանված միակ ալրաղացը։ Հարևանությամբ ռեստորան է, որը պատկերված է Ռենուարի «Պարահանդես Մուլեն դե լա Գալետ» կտավում։
Եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնմարտրի բարձունքում կա երեք եկեղեցի.
- Սակրե Կյոր բազիլիկ
- Սեն Պիեռ դե Մոնմարտր
- Սեն Ժան դե Մոնմարտր
Մոնմարտրը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ազգի սիրտը,» 1943
- «Ամերիկացին Փարիզում», 1951
- «Մուլեն Ռուժ», 1952
- «Ֆրանսիական կանկան», 1954
- «Ռոնին», 1998
- «Ամելի», 2001
- «Մուլեն Ռուժ», 2001
- «Վարդագույն կյանք», 2007
Մոնմարտրի նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեկտոր Բեռլիոզ - կոմպոզիտոր
- Էմիլ Բերնար - նկարիչ
- Ժան Բերո - նկարիչ
- Ժորժ Բրաք - նկարիչ
- Արիստիդ Բրյուան - շանսոնիե
- Սյուզաննա Վալադոն - նկարչուհի
- Բորիս Վիան - գրող, ինժեներ, ջազ երաժիշտ
- Գաբրիել դե Էստրե - Հենրի IV արքայի սիրուհին
- Վան Գոգ - նկարիչ
- Պոլ Գոգեն - նկարիչ
- Դալիդա - դերասանուհի, երգչուհի
- Էդգար Դեգա - նկարիչ
- Մաքս Ժակոբ - բանաստեղծ
- Ժան Լորեն - գրող, լրագրող
- Էմիլ Զոլա - գրող, լրագրող
- Մարսել Կառնե - ռեժիսոր
- Վենսան Կասել - դերասան, ռեժիսոր
- Ժան Պիեր Կասել - դերասան, պարող
- Ժորժ Կլեմանսո - քաղաքական գործիչ
- Անրի Մատիս - նկարիչ
- Մոդիլիանի - նկարիչ
- Ժերար դե Ներվալ - բանաստեղծ
- Պաբլո Պիկասո - նկարիչ
- Ժան Բատիստ Պիգալ - քանդակագործ
- Կամիլ Պիսսարո - նկարիչ
- Ժակ Պրեվեր - բանաստեղծ
- Ժան Ռենուար - ռեժիսոր, Պիեռ-Օգյուստ Ռենուարի որդին
- Պիեռ-Օգյուստ Ռենուար - նկարիչ, քանդակագործ
- Էրիկ Սատի - դաշնակահար
- Պոլ Սեզան - նկարիչ
- Անրի դը Տուլուզ-Լոտրեկ - նկարիչ
- Մորիս Ուտրիլլո - նկարիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Albert Magnier Le Jugement de Montmartre. — Paris: Éditions du Mont-Cenis, 1962. — P. 6. — 50 p.
- ↑ «Petite histoire de Montmartre» (ֆրանսերեն). Commanderie du Clos Montmartre. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Սեն Դենիի պատմությունը
- ↑ Леонид Парфенов „Российская Империя“ (DVD)
- ↑ Dictionnaire historique de Paris, p. 478
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնմարտր» հոդվածին։ |
|