Ուլտրաձայն
Ուլտրաձայն, անդրաձայն, գերձայն, գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում առաձգական տատանումներ, որոնց հաճախությունը 20 կհց-ից ավելի է։ Մարդու ականջը անդրաձայն չի ընկալում։ Որոշ կենդանիներ (չղջիկներ, ձկներ, միջատներ և այլն) կարող են այն ընկալել և հաղորդել։ Անդրաձայնային տատանումներն առկա են քամու, ջրվեժի, ծովային ալեբախության աղմուկում, ինչպես նաև առաջանում են հաստոցների, հրթիռային և այլ շարժիչների աշխատելու ժամանակ։
Անդրաձայն սովորական ձայնից տարբերվում է ալիքի կարճությամբ, ուստի օժտված է մի շարք առանձնահատկություններով՝ մեծ էներգիայով, խրձաձև խտանալու ունակությամբ և այլն։ Տատանումների հաճախությունից կախված անդրաձայնի բնորոշ հատկություններն են տարասեռ կառուցվածքներից կլանումը, բեկումը, անդրադարձումը։
Ուսումնասիրման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրաձայնն առաջին անգամ ուսումնասիրել է ռուս ֆիզիկոս Պավել Լեբեդևը՝ 20-րդ դարի սկզբին, իսկ գործնականում կիրառվել է ուշ՝ ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Լանժևենի կողմից։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործնական բժշկության մեջ հիմնականում կիրառում են անդրաձայնի փոքր չափաքանակներ, որոնք ակտիվացնում են հյուսվածքներում ներբջջային գործընթացները (սպիտակուցների կենսասինթեզ, կենսաբանական ակտիվ նյութերի առաջացում, ֆերմենտների ակտիվության ուժեղացում և այլն)։ Անդրաձայնի բուժիչ չափաքանակն ունի արտահայտված ցավամոքիչ, անոթալայնիչ, հակաբորբոքային, ներծծող, հակաքորային ազդեցություն, ինչպես նաև խթանում է վնասված օրգանների ու հյուսվածքների վերականգնումը։
Անդրաձայնի ազդեցության գոտում ուժեղանում է մաշկի և լորձաթաղանթների թափանցելիությունը, որը նպաստում է մաշկի միջոցով դեղանյութերի հյուսվածքներ ներմուծելուն։
Անդրաձայնով բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման այդ մեթոդը կոչվում է ֆոնոֆորեզ (անդրաֆոնոֆորեզ)։ Ընդ որում անդրաձայնի և դեղանյութերի զուգակցված ազդեցությունն ուժեղացնում է բուժարարողության ազդեցությունը։ Բուժման ընթացքում, հատկապես առաջին բուժարարողության ժամանակ, երբեմն առաջանում են հոգնածության զգացողություն, քնկոտություն, գլխապտույտ, որի մասին պետք է տեղեկացնել բժշկին։ Անդրաձայնային բուժումը խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանիզմի փափուկ հյուսվածքներ (առանց էական կլանման) թափանցելու և պինդ, տարասեռ կառուցվածքներից անդրադառնալու անդրաձայնի հատկությունը կիրառվում է ախտորոշիչ նպատակներով։ Անդրաձայնային ախտորոշումը լրացնում է ներքին օրգանների հետազոտման հիմնական՝ ռենտգենախտորոշման մեթոդը, իսկ երբեմն դրա նկատմամբ ունենում է էական առավելություններ։
Գործնականում որևէ կողմնակի ազդեցության լրիվ բացակայությունը հնարավորություն է տալիս կատարել մարմնի ցանկացած հատվածի բազմակի անդրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև հղիության բոլոր շրջաններում որոշել երեխայի սեռը, դիրքը և գլխի չափերը։ Uային գերզգայուն սարքերով հնարավոր է ստանալ փափուկ հյուսվածքների պատկերը՝ էխոգրաման, սոնոգրաման (սկանոգրամա), հետևել շարժվող օբյեկտներին (սիրտ, արյուն), օրինակ՝ սրտի կծկումների հաճախությանը, խոշոր անոթներում արյան հոսքի արագությանը։
Անդրաձայնով բավականին ստույգ որոշվում են ներքին օրգանների և նրանց մասերի չափերը, ուռուցքների, արյունազեղումների, օտար մարմինների, քարերի առկայությունը, որոնց շնորհիվ մեթոդը լայն ճանաչում է ստացել և ներդրվել է բժշկության շատ բնագավառներում (վիրաբուժություն, ակնաբանություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն, մարզական և տիեզերական բժշկություն և այլն)։
Արդյունաբերական ուլտրաձայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունում կիրառվող կամ արտադրությունում կողմնակիորեն առաջացած ցածր հաճախային ձայնածավալի անդրաձայները (20-30 կհց) տարածվում է օդում և ազդում ոչ միայն շփման գոտում, այլև մարմնի ամբողջ մակերևույթի, այդ թվում լսողության օրգանների և անդաստակային ապարատի վրա։ Անդրաձայնի (նույն ընդգրկույթի) ոչ մեծ չափաքանակները, հատկապես, եթե դրանք երկարատև են և բազմիցս կրկնվում են, կարող են աշխատողի վրա ունենալ ընկճող ազդեցություն, որն արտահայտվում է թուլությամբ, քնկոտությամբ, աշխատունակության նվազմամբ և այլն։
Աշխատանքային անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածրահաճախային անդրաձայները կիրառելիս պետք է հաշվի առնել հիգիենային նորմավորումը և օգտագործել պաշտպանական միջոցներ։ Մարմնի բաց հատվածների միջոցով անդրաձայնի ազդեցությունը բացառելու համար նախատեսվում է արտահագուստ։ Բացի այդ, անդրաձայները կիրառող կամ առաջացնող սարքերը և մեքենաները հատուկ էկրաններով մեկուսացվում են աշխատողներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |