Ջամնա[1][2], նաև՝ Յամունա, Ջումնա, Ջամունա (հինդի՝ यमुना, yamunā IAST, Ямуна[3], նաև՝ հինդի՝ जमुना, Ջամունա[3]), գետ Հնդկաստանում, Գանգեսի ամենաերկար և ջրառատ վտակը։ Երկարությունը 1384 կմ է, ավազանը՝ 351 հազար կմ²։ Սկիզբ է առնում Զասկար լեռնաշղթայի (Կենտրոնական Հիմալայներ) հարավային լանջերից։ Ակունքը ծովի մակերևույթից 3255 մետր բարձրության վրա ընկած Յամունոտրի սառցադաշտն է: Վերին հոսանքում անցնում է առավելապես խոր կիրճերով, միջին և ստորին հոսանքներում՝ Գանգես-Ինդոսյան հարթավայրով, որտեղ բաժանվում է բազուկների և վտակների։ Այդ հարթավայր չհասած՝ թեքվում է դեպի հարավ և Ալլահաբադ քաղաքի մոտ խառնվում Գանգեսին՝ կազմավորելով հինդուիստների համար սրբազան հանդիսացող Սանգամը:
Ջամնային բնորոշ են ամառային վարարումները։ Նավարկելի Է Գելիից ներքև։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Գլխավոր վտակներն են Տոնսը, Չամբալը, Բետվան, Սինդը, Կենը: Ջամնայի ափին են Դելի, Ագրա, Իլահաբադ, Մաթհուրա քաղաքները։ Ակունքից 5 կիլոմետր ցած ընկած են հինդուիստ ուխտագնացների կողմից առավել հաճախ այցելվող Կալսի և Յամունոտրի ավանները՝ բուդդիստական վանքով, դամբանով, 90° C տաքություն ունեցող ջերմուկով:
Անվանումն առաջացել է հինհնդկական yamá — «երկվորյակ» բառից. բանն այն է, որ Ջամնան հարյուրավոր կիլոմետրեր հոսում է Գանգեսին զուգահեռ և նրա ամենամեծ ու ջրառատ վտակն է (տարեկան 110 կմ3): Համանման կերպով բալթյան լեզուներում առաջացել են Jumara, *Jumina ջրանվանումները, որոնց ծագումը նույնպես հանգում է հնդեվրոպական նախալեզվի համապատասխան արմատին[4]:
↑Непал, Индия (долина верхнего Ганга) // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 158. — ISBN 5-85120-055-3.
↑Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 109.
↑ 3,03,1Инструкция по передаче на картах географических названий с хинди. — М.: ЦНИИГАиК, 1959. — С. 23.
The painting A Ruin on the Banks of the Jumna, Above the City of Delhi by William Purser, engraved by William Joseph Taylor, as an illustration to The Zenana:, a poem by Letitia Elizabeth Landon.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 474)։