Վահրամ Փափազյան (դերասան)
- Այս հոդվածը հայ դերասանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահրամ Փափազյան (այլ կիրառումներ)։
Ծնվել է | հունվարի 18 (30), 1888 |
---|---|
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 5, 1968 (80 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Թուրքիա ՍՍՀՄ |
Կրթություն | |
Ամպլուա | դրամատիկ |
Դերեր | Օթելլո, Համլետ, Կորրադո |
Ներկայացումներ | Շեքսպիրի «Օթելլո», Շեքսպիրի «Համլետ», Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» |
Կինոդերեր |
|
Պարգևներ | |
IMDb | 0660380 |
ԿինոՊոիսկ | 349531 |
Վահրամ Փափազյան | |
Վահրամ Փափազյան | |
Vahram Papazian Վիքիպահեստ |
Վահրամ Գամերի Փափազյան (հունվարի 18 (30), 1888, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 5, 1968, Լենինգրադ, ԽՍՀՄ[1]), հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում։
Վահրամ Փափազյանն ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ 1908 թվականին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896 թվականի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։
Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդես է գալիս նրանց խմբերում։
Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907 թվականին նա հայտնվում է Փարիզում և, Շիրվանզադեի ու Աբելյանի խորհրդով, մեկնում Բաքու։
Վերադառնալով Իտալիա՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով։ Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, հետո ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերով, ապա՝ Ջենովա՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին Կ. Պոլիս, ապա՝ Սոֆիա, բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև Զմյուռնիա, ուր անառողջ Սիրանույշին փոխարինել է Համլետի դերում, ապա նորից Կ. Պոլիս։ Այստեղ «Հայ դրամատիկ»ի թատերախմբով շրջում է Թրակիա, Մակեդոնիա, Ալբանիա և այլուր։
1913 թվականին Փափազյանը հրավեր ստացավ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան։
Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը։ 1913-1922 թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը։
Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։
1920 թվականին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան։
1922 թվականին Երևանի նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի («Ավազակներ»), Պրինչիվալեի («Մոննա Վաննա») և Հայնրիխի («Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրում մի քանի պիես («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը (1926-1927 թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ժորժ («Մորգանի խնամին»)։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում. «Մակբեթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդես»։
1928 թվականին Փափազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932 թվականին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։
1932-1954 թվականներին բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում՝ Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված Սանկտ Պետերբուրգում՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։ 1948 թվականի հունվարի 12-ից հյուրախաղերով եղել է Երևանում, Երաժշտական կոմեդիայի թատրոնում գլխավոր դերերով հանդես է Շեքսպիրի «Օթելո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և այլ ներկայացումներում[2]։
Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը։ Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն։
Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թվականին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին[3][4]։
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։
Մահացել է Լենինգրադում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[5]։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1917 - Սաիդե (դեբյուտը կինոյում՝ Էռնեստո Վահրամ անունով)
- 1917 - Երազ ու կյանք
- 1917 - Փառքի դարպասների մոտ - ջութակահար Վիկտոր Ստավսկի
- 1917 - Մթնշաղ - երաժիշտ Զարեմբա
- 1917 - Գայթակղություն - ֆրա Ցիո
- 1917 - Սիրո երկրում - Ալբերտո
- 1917 - Այրին - Ռոբերտ Տոտվեն, Մորիսի ընկերը
- 1918 - Ստելլա Մարիս
- 1918 - Գարնանային քամու հեքիաթը - հայտնի ավիատոր
- 1918 - Պոետն ու ընկած հոգին - Կրասով, գրող
- 1918 - Не та, так другая
- 1918 - Երջանկության կողքով - Ալեքսեյ, Վանդայի եղբայրը
- 1918 - Клятвой спаянные - Ների
- 1918 - Բժիշկ Կատցել - բժիշկ Կատցել
- 1918 - Երկու մայր
- 1922 - Բոսֆորի գաղտնիքը
- 1922 - Սիրային ողբերգություն Ստամբուլում
- 1923 - Աղջկա աշտարակի գաղտնիքը - Սամեդ խան
- 1953 - Մեծն զորավար Սկանդերբերգը - սուլթան Մուրադ II
- 1955 - Ուրվականները հեռանում են լեռներից - Դանիել-բեկ
- 1956 - Սիրտն է երգում - Գաբրիել աղա
- 1964 - Մսյո Ժակը և ուրիշները - Միհրան աղա
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1956, 464 էջ։
- Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1957, 472 էջ։
- Սրտիս պարտքը, Երևան, 1959, 176 էջ։
- Իմ Օթելլոն, Երևան, 1964, 512 էջ։
- Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1968, 436 էջ։
- Անահիտ, Երևան, 1969, 96 էջ։
- Լիր արքա, Երևան, 1971, 331 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1979, 460 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1981, 464 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երևան, 1982, 456 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1983, 408 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքա, Երևան, 1983, 384 էջ։
- Թանձրացումներ, Երևան, 1988, 136 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թո՛ղ լինի, ողջունում եմ։ «Գարուն», 1967, № 2, էջ 10։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)[6]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)
- Լենինի շքանշան (27.10.1967)
- ԽՍՀՄ մեդալներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահրամ Փափազյան (ժողովածու), Երևան, 1959։
- Հայ սովետական թատրոնի պատմություն, Երևան, 1967։
- Ռուբեն Զարյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
- Շեքսպիրական, հատ. 4, Երևան, 1974։
- Գառնիկ Ստեփանյան, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատ. 3, Երևան, 1975։
- Գառնիկ Ստեփանյան, Վահրամ Փափազյանի հետ (հուշեր), Երևան, 1979, 102 էջ։
- Լևոն Հախվերդյան, Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Երևան, 1980։
- Ռուբեն Զարյան, Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 565։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1986, էջ 326-327։
- Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1988։
- Գևորգ Աբաջյան, Հայոց ցեղասպանության անդրադարձը Վահրամ Փափազյանի արվեստում, Ե., 1997, 52 էջ։
- Գրիգորյան Վ., Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Երևան, 2002։
- Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 633։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Գրկան թերթ», 1948, № 1:
- ↑ Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
- ↑ «Папазян Ваграм Камерович - это... Что такое Папазян Ваграм Камерович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ ««...եթե արվեստագետը բացառիկ ուժ է». Վահրամ Փափազյան (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Փափազյան (դերասան)» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Փափազյան (դերասան)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Փափազյան (դերասան)» հոդվածին։ |
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 1968 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Վահրամ Փափազյան (դերասան)
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ արձակագիրներ
- Հայ դերասաններ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Ստամբուլում ծնված դերասաններ
- Հայ թատերական ռեժիսորներ