Jump to content

Վինտերտուրի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինտերտուրի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Շվեյցարիա
Քարտեզ
Քարտեզ

Վինտերտուրի գեղարվեստի թանգարան (գերմ.՝ Kunstmuseum Winterthur), Վինտերտուր քաղաքի գեղարվեստի երեք խոշորագույն թանգարաններից մեկը (Ցյուրիխ շրջան)։ Վինտերտուրը Շվեյցարիայում կոչում են «թանգարանների քաղաք»։

Ընդhանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում պահպանվում են 19-21-րդ դարերի պատկերներ և արվեստի այլ նմուշներ։ Հիմնական հակվածությունը ֆրանսիական գեղանկարչության կողմն է։ Թանգարանի հիմնադիրը և ղեկավարող մարմինը Վինտերտուրի նկարիչների միությունն է, որը հիմնադրվել է 1848 թվականին։ Թեև վերջինս օգնություն է ստանում պետությունից և շրջանի իշխանություններից, ֆինանսավորման մեծ մասն ապահովում են անհատ նվիրատուները։ 20-րդ դարի առաջին կեսից սկսած՝ թանգարանի հավաքածուի մեծ մասը նվիրաբերել են մասնավոր հավաքածուները։

Թանգարանի շենքը գտնվում է Վինտերտուրի Հին քաղաքի կենտրոնում՝ Մուզեումշտրասե 22 (գերմ.՝ Museumstraße 22) հասցեում։ Կառուցվել է 1912-1916 թվականներին ճարտարապետներ Ռիթմայերի և Ֆուրերի նախագծով։ 1995 թվականին թանգարանն ընդլայնվել է[1][2]։

Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում ցուցադրվում են ֆրանսիացի այնպիսի նշանավոր գեղանկարիչների, իմպրեսիոնիստնիստների և սիմոլիստների աշխատանքներ, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Ալֆրեդ Սիսլեյը, Վինսենթ վան Գոգը[3], Օդիլոն Ռեդոնը, Պիեռ Բոնարը, Էդուար Վյուարը, Ֆելիքս Վալոթոն և ուրիշներ։ Ներկայացված են նաև Օգյուստ Ռոդենի, Արիստիդ Մայոլի, Մեդարդո Ռոսոյի քանդակները[4]։

20-րդ դարի արվեստը ցուցադրվում է կուբիզմի (Ժորժ Բրաք, Պիկասո, Խուան Գրիս, Ֆեռնան Լեժե) և աբստրակցիոնիզմի (Վասիլի Կանդինսկի, Պիտ Մոնդրիան, Ժան Արպ, Պաուլ Կլեե, Ռոբեր Դելոնե) աշխատանքներով։ Հավաքածուում կարելի է տեսնել նաև 20-րդ դարի հայտնի քանդակագործների աշխատանքներ (Կոնստանտին Բրանկուզի, Ալեքսանդր Կոլդեր, Անրի Լորան, Օսիպ Ցադկին, Վիլհեմ Լեմբրուկ)։

Թանգարանում լայնորեն ներկայացված է ժամանակակից ամերիկյան (Էլսուորտ Քելլի, Ֆիլիպ Գուստոն, Ջոն Չեմբերլեն, Եվա Հեսս, Ագնես Մարտին, Ռոբերտ Մանգոլդ, Բրայս Մարդեն, Ռիչարդ Տատլ) և իտալական արվեստները (առաջին հերթին՝ իտալ.՝ Arte Povera՝ Լուչանո Ֆաբրո, Յաննիս Կունելլիս, Մարիո Մերց, Ջուլիո Պաոլինի)։ Գերմանացի ժամանակակից նկարիչների աշխատանքներից թանգարանում կարելի է տեսնել Գերհարդ Ռիխտերի, Իզա Գենցկենի, Թոմաս Շյուտտեի, Թոմաս Շեյբիցի և ուրիշների կտավներն ու քանդակները։ Ցուցադրվում են նաև շվեյցարացի ժամանակակից նկարիչների աշխատանքները։

Վինտերտուրի գեղարվեստի թանգարանի հավաքածուի մի մասը (մինչև 1900 թվականը ստեղծվածները) ներկայացված է Վինտերտուրյան մեկ այլ հայտնի գեղարվեստի թանգարանում՝ Օսկար Ռեյնհարթ ամ Շտադտհարթենի թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kunstmuseum Winterthur Extension». MI Modern Architecture. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  2. Pelzer, Birgit (1999 թ․ հոկտեմբեր). «Dissociated Objects: The Statements & Sculptures of Lawrence Weiner». Massachusetts Institute of Technology: 65. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Switzerland». The Vincent van Gogh Gallery. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  4. «Masterpieces of Modernity: The collection of the Kunstmuseum Winterthur». Museo di arte moderna e contemporanea di Trento e Rovereto. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինտերտուրի գեղարվեստի թանգարան» հոդվածին։