Տեսակառաջացում
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Տեսակառաջացում, կենսաբանական նոր տեսակների ծագումը և դրանց փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Տեսակների առաջացման Դարվինի տեսությունից և կենսաբանական գիտությունների զարգացման ընթացքից հետևում է, որ տեսակները փոփոխվում են ժամանակի ընթացքում, ձեռք բերում նոր հատկանիշներ ու հատկություններ և տարբերակվում են այնպես, որ մեկ տեսակից առաջանում են երկու կամ ավելի նոր տեսակներ։ Տեսակառաջացման կյանքի նոր տեսակի ձևառաջացման պրոցեսն է պոպուլյացիաների ադապտիվ վերափոխությունների հիման վրա, ժամանակի և տարածության մեջ։ Բնության մեջ տեսակառաջացման էվոլյուցիայի պրոցեսի կարևորագույն փուլն է։ Տեսակառաջացման հիմքը կազմում են ժառանգականությունը և փոփոխականությունը, իսկ շարժիչ ուժը՝ բնական ընտրությունը։ Գոյության պայմանների փոփոխության դեպքում տեսակի ներսում կատարվում է հատկանիշների տարամիտում։ Տարբերում են տեսակառաջացման երկու ձև՝ ալլոպատրիկ և սիմպատրիկ։ Ալլոպատրիկ տեսակառաջացումը տեղի է ունենում, երբ տարամիտման ենթարկվող պոպուլյացիաները մեկուսացվում են իրարից աշխարհագրականորեն։ Նման մեկուսացումը սահմանափակում է գենետիկական նյութի փոխանակումը պոպուլյացիաների միջև և նախադրյալներ ստեղծում նոր բնակավայրերում բնական ընտրության ստեղծագործական գործունեության համար։ Ալլոպատրիկ տեսակառաջացման օրինակ է Գալապագոսյան կղզիների սերինոսների տարբեր տեսակների առաջացումը։ Սիմպատրիկ տեսակառաջացման իրականանում է սկզբնական տեսակի բնակության սահմաններում, ոչ տարածական մեկուսացման հիման վրա։ Միասնական պոպուլյացիայի տարամիտման պատճառներ են դառնում տեսակի տարբեր խմբերի կենսաբանական մեկուսացման վարքագծային, գենետիկական, էկոլոգիական և ժամանակագրական մեխանիզմները։
Միմպատրիկ տեսակառաջացման օրինակ է Սևանա լճում իշխան ձկան տարամիտումը 4 ձևերի (ամառային բախտակ, ձմեռային բախտակ, գեղարքունի, բոջակ)։
Տեսակառաջացման ալլոպատրիկ և սիմպատրիկ ձևերը պոպուլյացիաների ներսում առաջացնում են դուստր խմբավորումներ և նպաստում դրանց հետագա մեկուսացմանը։ Պոպուլյացիայի ներսում ստեղծված խմբավորումների մրցակցությունը նպաստում է պոպուլյացիայի հետագա տարամիտմանը։ Տեսակառաջացման երկու ձևերի մեջ կան նաև միջանկյալ ձևեր։ Բնության մեջ տեսակառաջացման բոլոր պրոցեսները կոմպլեքս են և ընթանում են էվոլյուցիոն տարբեր տարրական գործոնների ազդեցության հետևանքով, որոնք տարբեր կերպ են ներգործում պոպուլյացիայի խառը գենոտիպային կազմի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 654)։ |