1651-1662 թվականների ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմություն» («Գիրք պատմությանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, քննադատում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
«Պատմությունը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ[3]։ 1990 թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը[4][5]։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)[6], լեհերեն (1981), անգլերեն[7], հատվածաբար՝ վրացերեն (1974)։
Արքմենիկ Նիկողոսյան. Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ, Երևան, 2012
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 533)։