Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թվականի հունվարի 2-ին[3]։ Սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ՝ ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջանքների, գանահարության։ Մեծ դժվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը դիպվածաբար հանդիպում է Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության։ Լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թվականի գարնանը Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակ անց մեկնում է դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան՝ պարսկական լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինելուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական, հրապարակախոսական ու մանկավարժական գործունեությունը[4][5]։
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականներին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվականից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր»[6], իսկ 1848 թվականից նրան փոխարինող «Ազգասեր Արարատյան»[7] պարբերականները, որոնց մեջ նա գրում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայության կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, մշակութային-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Վճռական նշանակություն տալով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը կենտրոնացնում է կրթական գործի շուրջը՝ որպես ուսուցիչ աշխատելով սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի վանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սուրբ Սանդուխտ» դպրոցում։
Թաղիադյանի աշխարհայացքն ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ մշակույթի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։
Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։
↑Միրզաբեկյան Ջանի Մկրտչի; Սարինյան Սերգեյ (1971). Մեսրոպ Թաղիադյան։ Կյանքը և ստեղծագործությունը. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 130)։