Սիամանթո
Սիամանթո | |
---|---|
Սիամանթոն իր աշխատասենյակում | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Ատոմ Եարճանեան |
Ծնվել է | օգոստոսի 15, 1878 |
Ծննդավայր | Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1915[1][2][3] |
Վախճանի վայր | Անկարա, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և քաղաքական գործիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1896) և Փարիզի համալսարան (1897) |
Կուսակցություն | ՀՅԴ |
Սիամանթո Վիքիքաղվածքում | |
Սիամանթո Վիքիդարանում | |
Siamanto Վիքիպահեստում |
Սիամանթո (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) (օգոստոսի 15, 1878, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915[1][2][3], Անկարա, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամանթոն ծնվել է 1878 թվականի օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում` վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ակն քաղաքի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր ու բնահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։ 1891 թվականին հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն է ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894—96 թթ. հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում՝ 1897 թվականին մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։
Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն։ Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ'ուզեմ մեռնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։
Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» և «Հոգեվարքի և հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր. հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով։ 1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեն միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։
1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում` ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից։ Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։
1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։
Սիամանթոյի ստեղծագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը` ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թվականին «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյի ստեղծագործության ուղղությունը։
1902 թվականին տպագրվել է նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «Ռիգվեդա»-ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։
«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում նկարագրելով թուրք բարբարոսների խոշտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները` Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։
Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Սիամանթոյի հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր» (1907) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշերը թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»)։
Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թվականին Սիամանթոն վերադարձել է Կ․ Պոլիս։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։
Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»[4]։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։
Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։
1911 թ. Սիամանթոն կրկին վերադարձել է Կ․ Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արևելյան Հայաստանում։ 1913 թ. Սիամանթոն եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։
Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։
Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։
Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն[5], գերմաներեն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայորդիները, շարք I, Ժընեւ, 1905, 48 էջ։
- Հայորդիները, շարք II, Ժընեւ, 1906, 32 էջ։
- Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Փարիզ, 1907, 64 էջ։
- Հայորդիները, շարք I-II, Կ. Պոլիս, 1908, 68 էջ։
- Հայորդիները, շարք III, Փարիզ, 1908, 52 էջ։
- Կարմիր լուրեր բարեկամէս, Կ. Պոլիս, 1909, 56 էջ։
- Ամբողջական գօրծեր, հատ. 1. Դիւցազնօրէն, Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Կարմիր լուրեր բարեկամէս, Հայրենի հրաւէր, Պոսթըն, 1910, 248 էջ։
- Հոգեւարքի եւ յոյսի ջահեր։ Կարմիր լուրեր բարեկամէս, Պէյրութ, 1951, 84 էջ։
- Ամբողջական գօրծեր, Պէյրութ, 1954, 504 էջ։
- Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Պէյրութ, 1955, 184 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1957, 252 էջ։
- Ամբողջական գործեր. Դիւզազնօրէն, Հայորդիներ, Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Գահիրէ, 1960, 504 էջ։
- Ամբողջական երկեր, Պէյրութ, 1974, 464 էջ։
- Սիամանթո, Վարուժան Դանիել, Երկեր, Երևան, 1979, էջ 21–196:
- Ընտիր երկեր, Թեհրան, 1983, 232 էջ։
- Ամբողջական երկեր. Դիւզազնօրէն, Հայորդիներ, Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Անթիլիաս, 1989, 232 էջ։
- Բանաստեղծութիւններ, Վենետիկ, 1993, 124 էջ։
- Անտիպ երկերի ժողովածու, Երևան, 2002, 520 էջ։
- Հայրենի հրավեր (բանաստեղծություններ), Երևան, 2003, 108 էջ։
- Ընտրանի, Երևան, 2003, 112 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 152 էջ։
- Սուրբ Մեսրոպ պոեմ և այլ բանաստեղծություններ, Երևան, 2012, 80 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «Դրական ասուլիսներ», գիրք 6, 1913, էջ 26։
- ↑ Սիամանթոն ֆրանսերեն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատոմ Յարճանյան (Սիամանթո), Գրական ասուլիսներ, գիրք 6, Կ. Պոլիս, 1913։
- Թամրազյան Հրանտ, Սիամանթո, Երևան, 1964։
- Ռշտունի Հեկտոր, Սիամանթո, Երևան, 1970։
- Ռշտունի Հեկտոր, Սիամանթո, Երևան, 1979։
- Հեկտոր Ռշտունի, Հայ դասականների գրադարան, Սիամանթո, Վարուժան, Երևան, 1979, էջ 7-20։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 5, Երևան, 1979, էջ 471-501։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամանթո» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամանթո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամանթո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Ակն քաղաքում ծնվածներ
- 1915 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Բերբերյան դպրոցի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Արևմտահայ բանաստեղծներ
- Համիդյան ջարդերից փրկվածներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանության զոհեր
- Սպանված գրողներ
- Սպանվածներ
- Օսմանյան կայսրության անձինք