Կուրամկներ (Spalacidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմինըգլանաձև է, երկարությունը՝ 20-35 սմ։ Արտաքին ականջը և աչքերը ետ են զարգացած (աչքի խնձորակը ծածկված է մաշկի տակ, այստեղից՝ անվանումը)։ Պոչը և ոտքերը կարճ են։ Մազածածկը փափուկ է, խիտ, թավշանման։ Գետնափոր կյանք են վարում, սնվում են բույսերի ստորգետնյա մասերով, ձմռան համար կերի մեծ պաշար են կուտակում։ Տարեկան բազմանում են 1-2 անգամ, ունենում 1-3 ձագ։ Ընտանիքն ունի 2 սեռ, 8 տեսակ։
Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում ապրում է լեռնային կուրամուկը (Spalax leucodon)։ Հողը փորելով կուրամկները վնասում են արմատապտուղները, սածիլները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 26)։