Jump to content

Օրորոցային երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օրորոցային երգ»
ի երգը
«Օրորոցային», նկարիչ՝ Ֆրանսուա Ռիս

Օրորոցային երգ, օրորոցային, օրորերգ, օրոր, 1․ ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ։ Հայ ազգագրական տարբեր խմբերում կոչվել է նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։

Երգի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված է երկտող, եռատող, քառատող կամ բազմատող տներից․ ունի կրկնակներ, որոնք, շեղվելով բանաստեղծական տվյալ չափից, երգին հաղորդում են ռիթմաերաժշտության բազմազանություն։ Ավանդական (կայուն) Օրորոցային երգերին հաճախ հարակցվել են հանպատրաստից հորինված մասեր։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ Օրորոցային երգերը պատմաճանաչողական արժեք են ստանում։ Ռ․ Գրիգորյան մեղեդիական առումով օրորները հիմնականում հանպատրաստից հորինվող հանդարտահոս եղանակներ են․ պարզագույն դեպքերում՝ բառը եղանակավորող փոքրածավալ ռիթմաինտոնացիոն դարձվածքի կրկնումներ, զարգացած օրինակներում՝ համեմատաբար լայնածավալ, հանգուցավորված իմպրովիզացիոն կառուցվածքներ։ Բնորոշ է ռիթմական և լադային հենակետերին շարունակ անդրադառնալը։ Հայ ժողովրդական օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտության ձևով ու բովանդակությամբ լիովին կազմավորված երգ են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի նշանակալից ժանրը։ Որպես կանոն՝ հայ ժողովրդական օրորները առանձնանում են տեղային-ոճական բնորոշությամբ։

Լավագույն նմուշներից են՝ Կոմիտասի գրառած Ակնա (հայրենի չափով) և Վաղարշապատի (Ռ․ Պատկանյանի «Քուն եղիր, բալաս» խոսքերով) օրորները, Գ․ Սյունու Կարնո օրորը, Մ․ Թումաճանի Ակնա և Բութանիայի օրորները, Հ․ Հարությունյանի Վանա օրորոցայինը։ 2․ Վոկալ կամ գործիքային հանդարտահոս քնարական (երբեմն՝ նաև դրամատիկական բնույթի պահեր պարունակող) պիես, հիմնված ժողովրդական օրորի ոճավորման կամ ժողովրդական կերպարների բանաստեղծականացված վերաիմաստավորման վրա։ Որպես պրոֆեսիոնալ երաժշտության ժանր սկզբնավորվել է 18-րդ դարի վերջին։

Ձայնի և դաշնամուրի համար Օրորոցային երգեր են գրել Ֆ․ Շուբերտը, Յո․ Բրամսը, Հ․ Վոլֆը, Մ․ Պ․ Մուսորգսկին, Պ․ Ի․ Չայկովսկին և ուրիշներ, ջութակի և դաշնամուրի համար՝ Մ․ Ռավելը, նվագախմբի համար՝ Ի․ Ստրավինսկին և ուրիշներ։ Դաշնամուրային բազմաթիվ Օրորոցային երգերից առավել նշանավոր Է Ֆ․ Շոպենի «Բերսյոզը»։

Հայ կոմպոզիտորներից Օրորոցային երգերի հեղինակներ են՝ Կոմիտասը (ձայն և դաշնամուր, մեներգիչ և երգչախումբ), Գ․ Սյունին (խմբերգ), Բ․ Կանաչյանը (մեներգ դաշնամուրով, նաև նվագախմբով), Ալ․ Սպենդիարյանը (սիմֆոնիկ պիես), Ա․ Հարությունյանը («Հայրենիք» կանտատից) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 602
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրորոցային երգ» հոդվածին։