Նազովրեցիներ (արվեստ)
Նազովրեցիներ | |
---|---|
Տեսակ | արվեստի շարժում և արվեստագետների միություն |
Երկիր | Հռենոսյան միություն |
Նախորդող | կլասիցիզմ |
Հաջորդող | ռոմանտիզմ |
Հիմնադրված | հուլիսի 10, 1809 |
Անվանված է | Ղուկաս ավետարանիչ և Nazarene? |
Հիմնադիր | Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկ, Ֆրանց Պֆոր, Լյուդվիգ Ֆոգել, Յոհան Կոնրադ Հոթինգեր, Յոզեֆ Սաթեր և Յոզեֆ Վինթերգերսթ |
Նազովրեցիներ (գերմ.՝ Nazarener), պաշտոնապես Սուրբ Ղուկասի միություն (գերմ.՝ Lukasbund), 19-րդ դարի գերմանացի և ավստրիացի ռոմանտիկ արվեստագետների խումբ Վիեննայում և Հռոմում, որը փորձում էր վերակենդանացնել Միջնադարի և Վաղ Վերածննդի վարպետների ոճը[1]։ Հայտնի են քրիստոնեական, պատմական կամ այլաբանական թեմաների կտավներով, որոնք ոճավորված են որպես 15-րդ դարի իտալական արվեստ։
Նազովրեցիները, հիմնականում մոտ են եղել կաթոլիկությանը։ Շարժման ձևավորմանը զարկ են տվել Նապոլեոնի դարաշրջանի հասարակական-քաղաքական ցնցումները[2] և Կլեմենս Մետերնիխի ռեպրեսիվ համակարգը, որոնք արտացոլվեցին արվեստում և արվեստի ակադեմիաների դասավանդման մեջ։ Այստեղից էլ առաջացան արդիականությունից դեպի առասպելների ու լեգենդների աշխարհ հեռանալու «նազովրական» տրամադրությունները։ Միության նկարիչներից շատերն ընդունել են կաթոլիկություն և նրանց իդեալը վանական-արվեստագետն էր, որը ծոմով և աղոթքով է դիմում ստեղծագործությանը։ Նրանք հին՝ իտալացի և գերմանացի վարպետների քրիստոնեական ոգով և նրանց օրինակով, որմնանկարչությունը հռչակել են գեղանկարչության բարձրագույն ձև և նպատակ են դրել հարութոյւն տալ հին արվեստին։ Նրանք մեծ ազդեցություն են ունեցել ողջ ռոմանտիզմի արվեստի վրա[2]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի պաշտոնական անվանումն էր «Սուրբ Ղուկասի միություն», որն ավանդաբար ընդունված էր նկարիչների մոտ։ Սուրբ Ղուկասը՝ դեռևս միջնադարից, նկարիչների գիլդիայի հովանավորն էր, և նման միությունները հաճախ կրում էին այս անունը։
Նազովրեցի անունը ի սկզբանե աստվածաշնչյան ծագում ունի։ Հիսուսի խաչվելուց հետո, այդպես էին անվանում նրա հետևորդներին։
Ըստ մեկ վարկածի «Նազովրեցի» եզրը ի սկզբանե ձևավորվել է Հիսուսի առասպելական ծննդավայր Նազարեթ տեղանունից կամ եբրայեցի նազովրեցիների անունից, որոնք հայտնի են իրենց արդարությամբ։ Այս անվանումը միության անդամներին տվել են Հռոմի դատարկ վանքերից մեկում ապրելու տարիներին[3]։
Մեկ այլ վարկածով մազերի սանրվածքն է անվան հիմք ծառայել։ 17-րդ դարում Հռոմում նազովրյան էին անվանում մեջտեղից բաժուկով երկար մազերի սանրվածքը։ Ե՛վ Ռաֆայելը, և՛ Ալբրեխտ Դյուրերը կրում էին նման սանրվածքներ։ Վերածննդից տարիներ անց Հռոմում ապրող նկարիչները, որոնք հետագայում կոչվեցին Նազովրեցիներ նույնպես կրել են այսպիսի՝ «ալա նազարենա» (իտալ.՝ alla nazarena) սանրվածք։ Ենթադրվում է, որ նազովրեցի Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկն է վերականգնել սանրվածքի նորաձևությունը, իսկ այդպես անվանել է գերմանացի նկարիչ Յոհան Քրիստիան Ռայնհարթը[4], մի այլ տարբերակով՝ նկարիչ Յոզեֆ Անտոն Կոխը[5]։
Նրանք երկար մազեր ու մորուք են պահում և չեն սանրվում։ Գեղեցկության համար նրանք կարողանում են արհեստական գունատություն ձեռք բերել։ Սիրում են աչքերը վերև հառել և գլուխները խոնարհել ուսերին[6]։ - Օտտո Բայշ
|
Ըստ մի այլ վարկածի արվեստի այս շարժման հետևորդներին հռոմեացիները պարզապես ծաղրելու համար են անվանել նազովրեցի։ Կան ապացույցներ, որ Գյոթեն օգտագործել է այս եզրը Յոհան Հայնրիխ Մեյերի հետ իր նամակագրության մեջ։ Եզրը նաև հայտնվում է արվեստագետ և քանդակագործ Յոհան Մարտին Վագների նամակներում, ով նույնպես արվեստագետներին անվանում էր «երկարամազ ծեր կաթոլիկներ»։
Նազովրեցի անունը նկարիչների համար հավանաբար, հորինվել բավական ուշ։ Այս իմաստով գրավոր առաջին հիշատակությունը 1891 թվականին նկարիչ Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադովի երիտասարդության հիշողություններում է հայտնվում։ «Սուրբ Ղուկասի միության» հիմնադիր անդամները իրենց այդպես չէին անվանում։ Արվեստի պատմության առումով սովորական պրակտիկա է դարձել Նազովրեցի տերմինը կիրառել 19-րդ և 20-րդ դարերի սկզբի նկարիչների վերաբերյալ, ովքեր զբաղվել են խորանների և եկեղեցական որմնանկարների նկարազարդմամբ և մոտ են եղել Սուրբ Ղուկասի եղբայրության հայեցակարգին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի շարժումը ստեղծվել է ուսանողների կողմից, ովքեր սովորում էին Վիեննայի գեղարվեստի կայսերական ակադեմիայում ։ Ե՛վ լյուբեկցի պատրիկի որդի Ֆրիդրիխ Օվերբեկը, և՛ ֆրանկֆուրտցի նկարչի որդի Ֆրանց Պֆորը, 1804 թվականից սկսել են իրենց ուսուցումը Վիեննայի Արվեստի Կայսերական ակադեմիայում, քանի որ այդ հաստատությունը այդ ժամանակ հիանալի համբավ ուներ ողջ Եվրոպայում։
Ակադեմիայում դասավանդումը անցնում էր Ֆրիդրիխ Հայնրիխ Ֆյուգերի կողմից կազմված խիստ ուսումնական պլանով։ Գեղարվեստական հմտության տեխնիկական կողմերը գերակա էին գեղարվեստական արտահայտչության նկատմամբ։ Ուսանողները նկարելուց առաջ երկար ժամանակ էին անցկացնում Անտիկ արվեստի սրահում (գերմ.՝ Antikensaal)՝ շրջապատված ձուլածո հնագույն արձաններով և ռելիեֆներով։ Հետագա գեղանկարչության դասերը խստորեն հիմնված էին հնագույն մոդելների վրա՝ հետևելով ժամանակի կլասիցիստական հայացքին։ Ալբրեխտ Դյուրերի, Հանս Հոլբայն Կրտսերի կամ Հանս Բալդունգ Գրիենի նման նկարիչները կլասիցիզմի տեսակետից համարվում էին պարզունակ[5]։
Սուրբ Ղուկասի միության ստեղծման ակունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի որոշ ուսանողներ գտնում էին, որ բաց են թողել մի բան, որը նրանք կարծիքով կարևոր էր և բացակայում էր այս դասընթացում։
Դու սովորում ես հիանալի ծալքեր նկարել, իրական կերպար ստեղծելլ, սովորում ես հեռանկար, ճարտարապետություն, մի խոսքով ամեն ինչ, բայց իրական նկարիչ դուրս չի գալիս։ Մի բան է պակասում... սիրտը, հոգին և զգացումը...[7] |
Պֆորը հատկապես ոգևորված էր հին գերմանացի նկարիչներով և նրանց մեջ տեսնում էր այն զգացմունքային արտահայտությունը, որի կարիքն էր զգում իր պարապմունքների ժամանակ։ Այն ժամանակ նա արդեն ընկերություն էր անում Օվերբեկի հետ։ Երկուսն էլ կիսում էին քննադատական տեսակետը Վիեննայի արվեստի ակադեմիայում անցկացվող դասընթացների վերաբերյալ։ 1808 թվականի ամռանը ընկերների շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով Յոզեֆ Սաթերին, Յոզեֆ Վինթերգերսթին, Յոհան Կոնրադ Հոթինգերին և Լյուդվիգ Ֆոգելին։ 1808 թվականի հուլիսից վեց արվեստագետները պարբերաբար հանդիպում էին գեղարվեստի թեմաներ քննարկելու համար։
Մեկ տարի անց՝ 1809 թվականի հուլիսի 10-ին՝ իրենց առաջին հանդիպման տարեդարձին, նրանք երդվել են միշտ հավատարիմ մնալ ճշմարտությանը, կատաղի պայքարել ակադեմիական նկարչության ոճի դեմ և ամեն կերպ վերակենդանացնել անկում ապրող արվեստը։ Այսպես ստեղծվել է Նոր դարաշրջանի առաջին գեղարվեստական ընկերակցությունը՝ Սուրբ Ղուկասի միությունը։ Այդ անունն են ընտրել, քանի որ Ղուկաս ավետարանիչը համարվում է նկարիչների հովանավոր սուրբը։ Գրականության մեջ արվեստագետների խումբը կոչվում է նաև Ղուկասի եղբայրություն (գերմ.՝ Lukasbrüder)։ Օվերբեկը ստեղծել է տարբերանշան, որը պետք է ամրացվեր յուրաքանչյուր նկարի հետևի մասում։ որը կստամար միության հավանությունը։ Այս զինանշանում Սուրբ Ղուկասի պատկերն էր շրջանակված աղեղաձև HWP-OVS՝ միության անդամ վեց արվեստագետների անունների առաջին տառերով, երկու վերին անկյուններում կար սուր և ճշմարտության ջահ, վերևում, մեծ «W»՝ «ճշմարտություն» (գերմ.՝ Wahrheit ) բառի սկզբնատառը, ստորև նշված էր ամսաթիվը` 1809 թվականի հուլիսի 10-ը[5]։
Թեև երիտասարդները տեխնիկապես ձևավորվել էին ակադեմիական ուսուցմամբ, բայց արագ հեռացան ակադեմիայի կողմից տրված առարկաներից։ Ժամանակի ռոմանտիկ և պաշտամունքային իդեալներին ներդաշնակ նրանք գտան իրենց փնտրած արտահայտությունը ռոմանտիկ և հատկապես կրոնական թեմաներում։ Արվեստի և հասարակության նորացման իրենց կրոնական իդեալը նրանք վերցրել էին գերմանացի ռոմանտիկներ Վիլհելմ Հայնրիխ Վակենրոդերի, Ֆրիդրիխ Շլեգելի, Նովալիսի և Լյուդվիգ Թիքի արվեստի տեսություններից։
Շլեգելը արվեստի սկզբնական նպատակը կրոնը փառաբանելու և դրա գաղտնիքներն էլ ավելի գեղեցիկ ու պարզ դարձնելու մեջ էր տեսնում։ Բացի աստվածաշնչյան թեմաներից, նրա տեսանկյունից որպես պատկերագրական բովանդակություն հարմար էին միայն այնպիսի բանաստեղծների թեմաները, ինչպիսիք են Շեքսպիրը և Դանթեն։ Լյուդվիգ Թիքը ազդել է նազովրեցիների վրա 1798 թվականին հրատարակված իր «Ֆրանց Շտերնբալդի դեգերումները» վեպի միջոցով, որի գլխավոր հերոս նկարիչ Ֆրանցն իր կյանքը նվիրում է կրոնական արվեստին և համեստորեն, հավատարմորեն և ազնվորեն իրականացնում է իր առաքելությունը։ Նրա պես՝ Ղուկասի եղբայրները ցանկանում էին իրենց նվիրել հիմնականում կրոնական արվեստին։ Նրանք իրենց օրինակները փնտրեցին Վերածննդի դարաշրջանում Ալբրեխտ Դյուրերից և Ռաֆայելից առաջ գործած իտալացի նկարիչների մեջ, ինչպիսիք էին Ֆրա Անջելիկոն և Ջոտտոն[5], հույս ունենալով դրանով հաշտեցնել իդեալն ու իրականը, արտահայտել մաքուր զգացմունքներ և գտնել գեղեցկություն բնության մեջ։ Այսպիսով, միության անդամներին առաջին հերթին մտահոգում էին բարոյական և կրոնական խնդիրները, գեղարվեստական խնդիրները տեղափոխվեցին երկրորդ պլան[5]
Գեղարվեստական հակադրությունն Ակադեմիայի դասընթացներին ի վերջո հանգեցրեց բաց կոնֆլիկտի։ Երբ 1809 թվականին ակադեմիան ստիպված եղավ կրճատել իր ուսանողների թիվը, նազովրեցիները դուրս մնացին ակադեմիայից[8]։
Նազովրեցիները Հռոմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտ Իսիդորո վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1810 թվականին Պֆորը և Օվերբեկը Վիեննայից տեղափոխվել են Հռոմ՝ մոտիկից ծանոթանալու իտալական արվեստին։ Ավելի ուշ նրանց են միացել գերմանացի նկարիչ Պիտեր ֆոն Կոռնելիուսը, գերմանացի նշանավոր քանդակագործ Յոհան Գոդֆրիդ Շադովի որդի Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադովը և այլ նկարիչներ։ Նրանք տեղավորվել են Պինչոյի ստորոտում՝ Իսպանական աստիճանների մոտ գտնվող 16-րդ դարի ֆրանցիսկյան Սանտ Իսիդորո վանքի մենաստանում, որը փակվել էր Նապոլեոնի իշխանությունների կողմից և դատարկ էր։ Նազովրեցիները ընդօրիանակել էին միջնադարյան կրոնական համայնքների կենսակերպը։ Ըստ Օվերբեկի նրանք ձգտում էին «Վերամշակել հնագույն սրբազան արվեստը լռության մեջ»։ Նրանք ձևավորել էին յուրօրինակ կոմունա, ամեն օր հավաքվում էին վանքի սեղանատանը՝ կարդալու Աստվածաշունչը և Վիլհելմ Վակենռոդերի «Սրտի զեղումը...»։ Նրանք նկարում էին միայն իրենց խցերում, քանի որ կարծում էին, որ նկարիչը չպետք է կուրորեն կրկնօրինակի բնությունը, այլ պետք է պատկերի սեփական զգացմունքները։ Նազովրեցիները նկարչի գլխավոր արժանիքները համարում էին հոգևոր մաքրությունն ու կրոնականությունը՝ անկեղծորեն հավատալով, որ «միայն Աստվածաշունչն է Ռաֆայելին հանճար դարձրել»։ 1813 թվականից միության բոլոր բողոքական անդամները կաթոլիկություն են ընդունել։ Շատ արվեստագետներ այն ժամանակ ուսումնասիրում էին մարդու մարմնի կառուցվածքը դիակներից։ Կրոնական նկատառումներով նազովրեցիները հրաժարվել են դրանից, նաև չեն աշխատել կանացի մերկ բնորդուհիների հետ և օգնության համար դիմել են վաղ քրիստոնեական, միջնադարյան և վերածննդի արվեստի հուշարձաններին[4]։
Ի տարբերություն «գերմանացի հռոմեացիների», ովքեր ավելի վաղ ուխտագնացություններ էին կատարել Իտալիա և հատկապես Հռոմ, նազովրեցիները փնտրում էին ոչ թե Հին Հռոմը, այլ միջնադարյան եկեղեցիների և վանքերի՝ «քրիստոնեական» Հռոմը։ Խմբի անդամները 19-րդ դարի արվեստի համակարգում առաջինը ընդվզեցին ակադեմիական նկարչության դեմ։ Նազովրեցի շարժումը արձագանք էր Յոհան Յոախիմ Վինկելմանի կլասիցիզմին և Ֆյուգերի ակադեմիզմին[4]։
Հռոմում գտնվող նազովրեցիների խումբը 1811 թվականից գրավել է բազմաթիվ այլ երիտասարդ նկարիչների Գերմանիայից։ Նրանց բոլորին ընդունել են բարեկամաբար։ 1811-1816 թվականներին, ի թիվս այլոց, նրան միացել են Լյուդվիգ Շնոր ֆոն Կարոլսֆելդը, Ֆիլիպ Վեյտը, Պետեր ֆոն Կոռնելիուսը, Ֆրանց Լյուդվիգ Կատելը, Յոզեֆ Անտոն Կոխը, Վիլհելմ ֆոն Շադովը և Կարլ Ֆիլիպ Ֆորը։ նրանցից ոմանք, այնուամենայնիվ, գերադասում էին ավելի ազատ գեղարվեստական կապերը Սանտ Իսիդորոյի վանական կյանքին։ Յոհան Կոնրադ Հոթինգերը անկարող էր զգում հաղթահարել կրոնական կյանքի բարոյական պահանջները և լքեցՍուրբ Ղուկասի միությունը։ Լյուդվիգ Ֆոգելը նույնպես ստիպված եղավ բաժանվել իր ընկերներից 1812 թվականին, քանի որ ընտանեկան պարտավորություններից ելնելով ստիպված վերադառցավ Ցյուրիխ։ Երկուսն էլ հետագայում այլևս նկարիչությամբ ակտիվ չեն զբաղվել։
Ֆրանց Պֆորը 1812 թվականի հունիսի 12-ին մահացավ տուբերկուլյոզից, սա որոշիչ դեր խաղաց՝ Օվերբեկը կրոնում մխիթարանք փնտրեց, և 1813 թվականի ամառվա սկզբին կաթոլիկույթուն ընդունեց։ Գրեթե բոլոր նկարիչները, ովքեր մոտ էին Սուրբ Ղուկասի միությանը, նույնպես ընդունեցին կաթոլիկություն։ Պֆորի մահվանից հետո նազովրեցիները որոշեցին հեռանալ Սանտ Իսիդորո վանքի մենաստանից և հրաժարվել վանական կենսակերպից[9]։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան կես դար Հռոմը գրավում էր նկարիչների և արվեստի տեսաբանների՝ Յոհան Յոախիմ Վինկելմանին, Ռաֆայել Մենգսին, Ժակ-Լուի Դավիդին, Անտոնիո Կանովային և Բերտել Տորվալդսենին, ովքեր ցանկանում էին վերակենդանացնել գեղեցկության հնագույն իդեալը։ Այդ ժամանակ Հռոմում գեղարվեստական լճացում էր տիրում։ Ե՛վ լիբերալ միջին, և՛ առաջադեմ վերին խավի պակաս կար, որոնք կարող էին խթանել արվեստի նոր շարժումները։ 1814 թվականին Հռոմի ֆրանսիական օկուպացիայի ավարտից հետո քաղաքի քաղաքական և գեղարվեստական կյանքում գերիշխում էր Վատիկանը։ Այս ֆոնի վրա, Նազովրեցիները իրենց տեսան որպես Հռոմի հոգևոր և գեղարվեստական արժեքների ժառանգորդներ և համոզված էին, որ դասական գեղեցկության, գերմանական մտերմության և ճշմարիտ քրիստոնեության միավորումը կհանգեցնի նոր վերածննդի։ Այս տեսակետն արտացոլված է Օվերբեկի «Իտալիան և Գերմանիան» նկարում, որտեղ երկու կանացի կերպարները խորհրդանշում են իրենց երկրների արվեստը։ Նկարում պատկերված է հռոմեական բազիլիկ գերմանական միջնադարյան քաղաքի ֆոնին։ «Իտալիան և Գերմանիան» երբեմն անվանում են նազովրեցիների ծրագրային նկար։
Պետեր ֆոն Կոռնելիուսը հատկապես ազդեցիկ էր Սուրբ Ղուկասի միության նոր անդամների մեջ։ Նա մերժեց հին գերմաներենի ռոմանտիկ հիշատակումը, անվանելով այն չափազանց բարեսիրտ։ Նա նաև ընդլայնեց այն թեմաները, որոնցում Ղուկասի եղբայրները ստեղծագործելու մոտիվներ գտան։ Նրա ազդեցության շնորհիվ անտիկ արվեստը այլևս որպես դիցաբանություն չէր դիտվում, այլ որպես քրիստոնեության նախակարապետ։ Նազովրեցիների համար ընդունված առարկա դարձավ նաև բնանկարչությունը։ Վերջինում ամենից առաջ աչքի ընկան Կարլ Ֆիլիպ Ֆորը և Շնոր ֆոն Կարոլսֆելդը[9]։
Արվեստի նոր շարժումը հասավ իր առաջընթացին և հանրային ճանաչմանը երկու հիմնական՝ Բարտոլդիի և Մասիմոյի տների որմնանկարների շարքերի պատվերների միջոցով։ Այս երկու խոշոր պատվերները ամենակարևոր գործն են, որ նազովրեցիները կատարել են խմբով Հռոմում գտնվելու առաջին տարիներին[10]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mitchell Benjamin Frank. Romantic Painting Redefined: Nazarene Tradition and the Narratives of Romanticism. Ashgate Publishing, 2001; 0-7546-0477-2 (անգլ.)
- Cordula Grewe. Painting the Sacred in the Age of German Romanticism. Aldershot: Ashgate Books, 2009. (անգլ.)
- Lionel Gossman. Making of a Romantic Icon: The Religious Context of Friedrich Overbeck's 'Italia und Germania'. American Philosophical Society, 2007. 0-87169-975-3. gossman-making-of-a-romantic-icon-the-religious-context-of-friedrich-overbeck%E2%80%99s-italia-und-germaniaamerican-philosophical-society-transaction-97-5-isbn-0871699753/ (անգլ.)
- Lionel Gossman. "Unwilling Moderns: The Nazarene Painters of the Nineteenth Century" Արխիվացված 2019-11-14 Wayback Machine in Nineteenth-Century Art Worldwide – Volume 2, Issue 3, Autumn 2003. (անգլ.)
- Keith Andrews: Die Nazarener. München 1974.(գերմ.)
- Rudolf Bachleitner: Die Nazarener. Heyne, München 1976, ISBN 3-453-41182-X.(գերմ.).
- Klaus Gallwitz: Die Nazarener. Katalog. Städel’sches Kunstinstitut und Städtische Galerie, Frankfurt am Main 1977, (գերմ.) ..
- Klaus Gallwitz: Die Nazarener in Rom. Ausstellungskatalog. Prestel, München 1981, ISBN 3-7913-0555-7..(գերմ.)
- Bradford D. Kelleher (Hrsg.): German Masters of the Nineteenth Century. Ausstellungskatalog des The Metropolitan Museum of Art. New York 1981, ISBN 0-87099-263-5.(գերմ.).
- Landesmuseum Mainz (Hrsg.): Die Nazarener. Vom Tiber an den Rhein. Drei Malerschulen des 19. Jahrhunderts. bearbeitet von Norbert Suhr, Nico Kirchberger (Katalog zur Nazarener-Ausstellung im Landesmuseum Mainz vom 10. Juni bis 25. November 2012). Schnell + Steiner, Regensburg 2012, ISBN 978-3-7954-2602-6..(գերմ.)
- Herbert Schindler: Nazarener – Romantischer Geist und christliche Kunst im 19. Jahrhundert. Friedrich Pustet, Regensburg 1982, ISBN 3-7917-0745-0..(գերմ.)
- Christa Steinle, Max Hollein: Religion Macht Kunst. Die Nazarener. Katalog zur Ausstellung in der Schirn Kunsthalle Frankfurt. Walther König, Köln 2005, ISBN 3-88375-940-6..(գերմ.)
- William Vaughan: Europäische Kunst im 19. Jahrhundert. Band 1: 1750–1850. Vom Klassizismus zum Biedermeier Herder, Freiburg/ Basel/ Wien 1990, ISBN 3-451-21144-0..(գերմ.)
- Bettina Vaupel: Jedes Bild ein Gottesdienst. In: Monumente 23/1 (2013). ISSN 0941-7125, S. 75–81.(գերմ.).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Назареи, группа немецких художников». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,0 2,1 «Немецкое Искусство Первой Половины 19 Века. Романтики-«назарейцы»». la-fa.ru. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Немецкое искусство XIX века
- ↑ 4,0 4,1 4,2 Назарейцы // Энциклопедия искусства
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Назарейцы // Энциклопедия живописи
- ↑ Otto Baisch: Johann Christian Reinhart und seine Kreise. Ein Lebens- und Culturbild. Leipzig 1882, S. 315 f.
- ↑ Brief des 19-jährigen Friedrich Overbeck an seinen Vater vom 27. April 1808.
- ↑ «Назарейцы. Живопись Биаермеиера. Государственные музеи Берлина». web.archive.org. 2004 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 9,0 9,1 «Назарейцы». www.bibliotekar.ru. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Назарейцы — кто они такие: история назарейцев, главные принципы сообщества. Самые известные назарейцы, принимавшие активное участие в деятельности Братства Святого Луки». veryimportantlot.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազովրեցիներ (արվեստ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 145)։ |